կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-16 14:24
Քաղաքական

Ես հավատում եմ պարոն Փաշինյանի անցած ճանապարհին` թույլ չի տա, որ արյունահեղության վերածվի. Արմեն Ռուստամյան

Ես հավատում եմ պարոն Փաշինյանի անցած ճանապարհին` թույլ չի տա, որ արյունահեղության վերածվի. Արմեն Ռուստամյան

Քաղաքական գործընթացներ են, բայց դրանք պետք է մնան քաղաքական տրամաբանության մեջ. որպես վարչապետ` Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտոնապես առաջադրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ընդդիմության ցույցերին:

«Ես երբեք դեմ չեմ եղել ընդդիմության որևէ ակտիվության, բայց միշտ կոչ եմ արել ընդդիմությանը, նկատի ունենալով նախկին փորձերը, հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի օրենքի շրջանակից դուրս չգան: Դուրս ես գալիս` նշանակում է, որ զենք ես տալիս իշխանությանը»,- ասաց Ռուստամյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ ճիշտ է համարում նաև իշխանությունների արձագանքը, որ զուսպ են և չեն վերածում քրեական հետապնդումների: «Այս տրամաբանությունը պետք է պահել, չպետք է այնպես անել, որ արյունահեղության երևույթներ տեղի ունենան, դրա համար ոչ մեկ որևէ մեկին չի ների»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ես հավատում եմ նաև պարոն Փաշինյանի անցած ճանապարհին. նա այդ ամեն ինչով անցել է, կարծում եմ` թույլ չի տա, որպեսզի արյունահեղության վերածվի»:

Իսկ թե ի՞նչ հանգուցալուծում կլինի, Ռուստամյանն ասաց` գործողություններն ընթացքի մեջ են, և դրանց դեմ գնալ` կնշանակի շարժվող լոկոմոտիվը կանգնեցնել: «Ազգային ժողովը մտել է իր դերի մեջ, որպես առաջնային մարմին` ձևավորում է իր իշխանությունը: Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա առաջին նիստում` Ազգային ժողովում մանդատներ չստանային»,-ընդգծեց նա: 

Արմեն Ռուստամյանն ասաց, որ ոստիկանությունը ճիշտ արեց, որ, օրինակ, Հանրային ռադիոյի շենքի գրավման դեպքում կտրուկ արձագանք չտվեց: «Որովհետև շատերը, տաք գլուխ, չեն հասկացել, որ ոստիկանությունն ունի իրավունք զենքով պաշտպանելու, դրա համար էլ այնտեղ էին: Բայց եթե ընթացքում մեկի արյունը թափվեր, չէր ներվի դա»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդն իրեն մանդատ է տվել, որ իրականացնի իր իրավունքը: «Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ, Նիկոլ Փաշինյանին հետևեմ»,- նշեց նա:

Արմեն Ռուստամյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, որ գուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, ասաց, որ այս մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը:

Հարցին` պնդո՞ւմ է, որ ընտրակաշառք վերցրած ուսանողներն են, որ այսօր փողոցում են, նա պատասխանեց, թե դա նկատի չուներ:

Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ իրավիճակը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից: