կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-01 00:26
Քաղաքական

Ընտրությունները կբերեն արյունահեղության, իսկ արդեն թափված 5000 զոհի արյունն իշխանությանը ձայն տված 885 հազարի ձեռքերին է նաև. Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետն  ահազանգում է՝ Հայաստանում ցանկացած տեսակի ընտրություն բերելու է արյունահեղության ու բացասական զարգացումների՝ անկախ նրանից, այդ ընտրությունները կլինեն ժողովրդավարակա՞ն, թե՞ ոչ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված հնարավոր ընտրություններին, նման տեսակետ հայտնեց  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը.

«Անկախ ամեն ինչից, լինելու են դժգոհություններ՝ օրինակ, ժողովրդավարական ընտրություններ մենք ունեցել ենք 1991  և 2018 թվականներին, երկու ընտրություններից հետո էլ  պարզվեց, որ շատ դժգոհ ենք։

Այս ամենը նաև հաշվի առնելով՝ 2021 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին կառավարման հատուկ մոդելներով հաշվարկներ եմ ներկայացրել, ըստ որոնց, Հայաստանում ցանկացած ընտրություն 80 տոկոս հավանականությամբ հղի է արյունահեղությամբ»։

Իր մտավախությունները հիմնավորելու համար կառավարման փորձագետը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցից որոշ մանրամասներ.

«Բերեմ ամենաթարմ օրինակը՝ Սյունիքը, հերիք էր այս իշխանություններին երևալ Մեղրիում, վիճակը շատ արագ դարձավ գրեթե անտանելի։ Եթե մի փոքր էլ նրանք մնային այնտեղ, կարող էր անգամ արյուն թափվել։ Հիմա պատկերացրեք՝ քարոզարշավ լինի, ու նման իրավիճակ կլինի ամբողջ Հայաստանում։ Սրան ավելանում է դժգոհության ալիքը, բացի այդ,  մոտ 10  հազար զոհ ունենք այս պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով, սրան գումարած՝ ունենք անհետ կորածներ, հաշմանդամ դարձած մարդիկ։ Այս իրավիճակում թակել երեխա կորցրած ընտանիքի դուռն ու ասել՝ ընտրեք ձեր ապագան, դա և՛ անբարոյական,  և՛ վտանգավոր խաղ է. Զգուշացնում եմ արդեն մի քանի ամիս՝ ընտրությունը հղի է արյունահեղությամբ»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է այդ դեպքում գնում Նիկոլ Փաշինյանն այդ վտանգավոր խաղին, Հարություն Մեսրոբյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը պետք է տան այն 885 հազար ՀՀ քաղաքացիները, որոնք  ընտրել են մեզ  համար այսպիսի ապագա։

«Այդ 885 հազար ՀՀ քաղաքացին պետք է ապաշխարեն, պետք է լռեն, իրենք իրենց սև գործն արել են, և մեր 5000 երեխաների արյունն այս իշխանությանն ընտրած 885 հազար մարդու ձեռքերին է։ Պետք է պարզ խոսել, եթե մենք կատարվածը չվերլուծենք, ապա  երկիրն ապագա չի ունենան, այնպես որ, հերիք է զբաղվել նեյնիմություններով։ Այդ մարդիկ երկրի ապագան տվել են ոչ պրոֆեսիոնալների ձեռքը, ու ստացանք  այս ամենը։ Ես կառավարման փոձագետ եմ և արձանագրում եմ՝ նրանք բերել են երկիրն այս վիճակին, հիմա նրանց մի մասը ձայնը կտրել է, մի մասը շարունակում է ինչ-որ ձևով դեռ աջակցել իշխանությանը, իսկ այդ 885 հազար մարդու մեջ մտնող մտավորականության մասին ես առհասարակ չեմ ուզում խոսել։ Մտավորականները պետք է անցնեն Նյուրնբերգյան դատարանով։ Մտավորականներն ունեն համախոհներ, երկրպագուներ, նրանց հանած ամեն մի ծպտունը հարյուրավոր անգամներով ուժեղանում է, հետևաբար՝ նրանց պատասխանատվությունն էլ պետք է այդ չափով ավելի լինի։ Ի՞նչ է նշանակում՝ 2018 թվականին «Օվսաննա» երգել, հավաքել պարգևավճարներ, հետո վիճակը թեժանա, թողնել ու հեռանալ։ Նայե՛ք, թե քանի՞ աստիճանի անբարո և կեղտոտ քայլ է, և մենք սա ասում ենք մեր մտավորականության մասին»,- ասաց Մեսրոբյանը։

Որպես ստեղծված իրավիճակից ելք՝ կառավարման փորձագետն առաջարկեց դիմել այն քայլին, ինչին դիմեցին 1998 թվականին։

«Բոլոր ուժերը պետք է գան մի կոնսենսուսի՝ գնալ 1998 թվականի լուծմանը, երբ ծանր վիճակում գտնվող երկրում իշխանությունը փոխվեց, բայց ժողովուրդը չտուժեց»,- ասաց Մեսրոբյանը՝ շեշտելով, որ քաղաքական ուժերից զատ՝ այս իշխանությունը ձևավորած 885 հազար քաղաքացին էլ պետք է  իր հերթին՝ որպես ապաշխարություն, կանգնի  այս իշխանության դեմ ընդվզող գործընթացի կողքին՝ առանց քննարկելու, թե ինչո՞ւ պետք է սատարեն այս կամ այն ուժին։

«Էդ փիլիսոփայողներին հարցնում եմ՝ բա 2018 թվականին ինչո՞ւ չէիք փիլիսոփայում, թե ինչու պետք է սատարեք այդ ուժին»,- ասաց Մեսրոբյանը։

Կառավարման փորձագետը հարց ուղղեց նաև ընտրություններին գնալու պատրաստակամություն հայտնած խորհրդարանական ընդդիմությանը.

«Չե՞ն ուզում ընդունեն իրենց սխալը,  չե՞ն ուզում ներողություն խնդրեն, նրանք մի անգամ սարսափելի սխալ են գործել՝ սատարելով այս իշխանությանը, հիմա էլ խորհուրդնե՞ր են տալիս, այնպես որ, թող   ապաշխարեն՝ նոր մեզ խորհուրդ տան»։

Ամփոփելով՝ Հարություն Մեսրոբյանը  շեշտեց՝ առաջիկա հինգ տարիներին պետք է բացառել ընտրությունները, գործող իշխանությունը պետք է փոխել այն սցենարով, որով իշխանություն է փոխվել 1998 թվականին, բայց, ի տարբերություն 1998 թվականի ու դրան հաջորդող բոլոր տարիներին կատարված ընտություններին, պետք է ընտրել ոչ թե լավ խոսող քաղաքական գործիչների, այլ պետական գործիչների, որովհետև ցանկացած քաղաքական գործիչ ընտրվելուց հետո մտածում է արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ վերընտրվելու մասին, իսկ պետական գործիչը՝ պետությունը պահպանելու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում