կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-09 13:22
Հասարակություն

Սպանված տղայի մայրը կաշառքի հոտ է առնում․ խմբակային սպանությունը բարդել են մեկի վրա, նրա համար էլ փորձում են մեղմ պատի՞ժ սահմանել

Սպանված տղայի մայրը կաշառքի հոտ է առնում․ խմբակային սպանությունը բարդել են մեկի վրա, նրա համար էլ փորձում են մեղմ պատի՞ժ սահմանել

Տավուշի մարզի Բերդ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ երիտասարդ տղայի սպանության գործով դատավարությունը ձգձգվում  է արդեն 3 տարի, չնայած բոլոր վկաները հարցաքննվել են, սպանության տեսագրությունը կա, իրեղեն ապացույցներն ու զենքը կան, սպանող Հարություն Գևորգյանն էլ մեղքն ընդունել է։

Սպանված տղայի՝ Աշոտ Գևորգյանի մայրը Yerkir.am-ին ահազանգեց, որ ինքը կասկած ունի դատական պրոցեսի անկողմնակալության հարցում, ենթադրում է, որ դատավոր Զոյա Զաքինյանը կաշառք է վերցրել, այդ պատճառով էլ սպանությունը, որի կազմակերպմանը ներգրավված էին 3 անձ, բարդվել է միայն սպանողի վրա, նրա հանցանքն էլ փորձում են մեղմացնել հակասական ցուցմունքներով ինքնապաշտպանության տպավորություն ստեղծելով, այնինչ սպանության վայրին կից խանութի տեսախցիկն էլ արձանագրել է՝ ինչպես է սպանողին տեղափոխող մեքենան կանգնում, մեջից նա իջնում է՝ զենքը ձեռքին, և անմիջապես, առանց երկխոսության, 10 մետր հեռու փողոցով անցնող երկու տղաներից մեկն ընկնում է։

Հարություն Գևորգյանը որսորդական հրացանով կրակել է Աշոտի ճակատի ճիշտ կենտրոնին, գնդակը գլխի միջով անցնելով ծոծրակից դուրս է եկել։

Այս տեսագրության մասին դատական գործընթացում ոչ մի խոսք չի ասվել մի քանի տարի՝ մինչև այն պահը, երբ մայրը դատարանում աղմուկ է բարձրացրել և պահանջել, որ տեսագրությունը ցույց տան։ Դատավորն ասել է, որ չգիտի՝ ինչ տեսագրության մասին է խոսքը, մայրը պնդել է, տեսագրությունը բերել են, հետո էլ ասել, որ ցուցադրելու հնարավորություն չունեն, սա էլ պնդելուց հետո սարքը բերել են, բայց ցուցադրել են տեսագրության ո՛չ այն պահը, որում բուն սպանությունն է և որը մայրը տեսել էր, այլ բոլորովին այլ հատված, երբ փողոցով ուղղակի մեքենաներ են անցնում։  

Հարությունին մեքենայով սպանության վայր է հասցրել նրա հորեղբոր թոռը՝ Հայկ Գևորգյանը, որն էլ ցուցմունք է տվել, որ երբ ինքը գնացել է Հարությունին վերցնելու, նա էլ հրացանն է վերցրել՝ ասելով, որ «պետք կգա»։ Այնինչ հետո փորձել են մեկ ուրիշի ցուցմունքով տպավորություն ստեղծել, որ հրացանը մեքենայի մեջ է եղել՝ ինքը նպատակաուղղված չի վերցրել։

Զենքը եղել է ապօրինի, պատկանել է Սերգեյ Գևորգյանին՝ հենց այն մարդուն, ում հետ կենցաղային հողի վրա վիճաբանել է Աշոտը, որի պատճառով էլ Հարությունն ու Հայկը շտապել են դեպքի վայր՝ վրեժը լուծելու։

Մեղադրանքը սպանության ամենածանր տարատեսակներից մեկին է վերաբերում՝ «կանխամտածված սպանություն վրեժխնդրության դրդապատճառով», որը կարող է պատժվել 12-20 տարի ժամկետով։ Աշոտի մայրը, սակայն, իրենց համայնքի փողոցներում ծանոթ-հարևաններից լսում է, որ սպանողին 7 տարի ազատազրկման են դատապարտելու․ միմյանցից անկախ մի քանի ծանոթ նույն՝  7 տարին են ասում։

Սա դեռ բավական չէ՝ սպանողի հարազատները պարբերաբար ահաբեկել են սպանված երիտասարդի ծնողներին, սպառնացել և փորձել վեճ հրահրել։ Իսկ համայնքի ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը սպանված տղայի հորից 40 հազար դրամ է վերցրել՝ պարտքով, բայց հրաժարվել վերադարձնել։ Աշոտի մայրը մտածում է՝ եթե իրավապահները իրենցից՝ տուժող կողմից են գումար պոկում, ի՞նչը պետք է խանգարի, որ մեղավոր կողմից էլ գումար վերցնեն և դատավարությունը կեղծ ուղղությամբ տանեն։

Դատավոր Զոյա Զաքինյանը ակնհայտ հեգնական է վերաբերվում սպանված երիտասարդի մոր ցանկացած խոսքին, միջնորդությանը, լռեցնում առաջին իսկ նախադասությունից։ Դատական նիստերը հետաձգվում են առանց դատավարության՝ մորը հեռախոսով են հայտնում, որ հետաձգվել է, նա անգամ պատճառը չի իմանում, թե ինչու։ Մայրը, ստիպված, գրավոր դիմում է ներկայացրել դատավորին՝ պահանջելով կա՛մ հարգել իրենց վիշտն ու արդար դատաքննություն իրականացնել, կա՛մ էլ ինքնաբացարկ հայտնել՝ տեղը զիջելով ուրիշ դատավորի։ Բայց այս դիմումին ևս որևէ զարգացում չի հաջորդել։

Աշոտին սպանել են եղբոր աչքի առջև, Նոր տարվա օրը՝ 2018 թ-ի դեկտեմբերի 30-ի գիշերը, դիմահար կրակոցով․ սա առանց այն էլ հոգեկան մեծ տառապանք է պատճառում նրանց ընտանիքին, իսկ երբ դատաքննությունն է ակնհայտ կողմնակալ ուղղությամբ ընթանում, վիշտը կրկնապատկվում է։

Սպանված երիտասարդի մայրը դիմում է ՀՀ գլխավոր դատախազությանը, ԲԴԽ-ին, վարչապետի աշխատակազմին․ խնդրում հետևել այս դատավարության մասնակիցների վարքին, որպեսզի ապահովվի իրենց՝ արդար դատաքննության իրավունքը։