կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 13:33
Առանց Կատեգորիա

«Ո՞ւմ գերին է Երեւանի քաղաքապետը». Գագիկ Համբարյանը կոռուպցիոն գործարքի հոտ է առնում

«Ո՞ւմ գերին է Երեւանի քաղաքապետը». Գագիկ Համբարյանը կոռուպցիոն գործարքի հոտ է առնում

Արդեն չորս օր է ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում ակտիվ քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինելը: Այս մասին Yerkir.am-ի հաղորդմամբ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ով իր գրառումը վերնագրել է. «Ո՞ւմ գերին է Երեւանի քաղաքապետը»՞:

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդիրն այն է, որ մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում... Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում... Ավելին, Երեւանի քաղաքապետը, մինչեւ նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր եւ որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին:

Նախ, սկսենք նրանից, որ աննորմալ երեւույթ է, երբ Երեւանի քաղաքապետարանն իրեն թույլ է տալիս ստանալ այդպիսի նվերներ... Դա բացահայտ կոռուպցիա է... Ինչպես ասում են՝ "Անվճար պանիրը լինում է միայն թակարդում...": Ի՜նչ նվիրատվության մասին է խսքը... Համոզված եմ, որ այս տեսակ նվիատվություններ անողներն ունեն սեփական շահերը եւ սպասելիքները քաղաքապետարանից, որի ապացույցները նույեմբերի 28-ին ներկայացրեց հենց քաղաքապետարանը՝ հրապարակելով այն 5 կազմակերպությունների անունները, ովքեր մայրաքաղաքին նվիրել են 21 աղբատար մեքենա:

Այսպես, Երեւանի քաղաքապետարանին 14 մեքենա նվիրած «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2019 թ-ի հունվարին, պատրաստվում է Երեւանում 6 հատ 18 հարկանի շենք կառուցել... Այս բացահայտումից հետո որեւէ մեկը կարող է հայտարարել, որ այդ 14 մեքենաները վերը նշված ընկերությունն առանց հետին մտքերի է նվիրել մայրաքաղաքին... Իհարկե՝ ո՛չ...

Այս ամենից բացահայտ կոռուպցիոն գործարքի հոտ է գալիս... Ինչպե՞ս կարող էր ընդամենը սույն թվականի հունվարին գրանցված կազմակերպությունը, որն, ըստ օդում կախված տեղեկությունների, չունի շինթույլտվություն, հենց այնպես Երեւանում բուռն շինարարական գործունեության թույլտվություն ստանալ... Ենթադրում եմ, որ "Ն եւ Ս Քոնսթրաքշն" ՍՊԸ-ն այդ ամենը վաստակել է՝ 14 աղբատար մեքենա նվիրելով քաղաքապետարանին...

Խիստ կասկածելի էր նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքն այն հարցին, թե արդյոք գործարար Սամվել Ալեքսանյանը եւս աղբատար մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին... Պարոն Մարությանը պատասխանեց, որ չի հիշում, իսկ նոյեմբերի 28-ին իր "խնչագետ" մամլո խոսնակը, անցնելով բոլոր բարոյական սահմանները, փորձում էր հասարակությանը համոզել, որ "Ալեքս ընդ հոլդինգ" ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին 3 աղբատար է նվիրել, Սամվել Ալեքսանյանինը չէ եւ դա ապացուցում էր նրանով, որ վերը նշված կազմակերպության հիմնադիրն այլ մարդ է... Տեսնե՞ս «խնչագետ» նախկին լրագրողն իր ասածին գոնե հավատում է... Տխրեցնեմ նրան եւ հիշեցնեմ, որ նույն Ալեքսանյանը երբեք չի հերքել, թե իրականում ո՛վ է կանգանծ "Ալեքս ընդ հոլդինգ" ՍՊԸ-ի հետեւում...

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Հայկ Մարությանը պարոն Ալեքսանյանին եւ մյուս գործարարներին, ովքեր եւս աղբատար մեքենաներ են նվիրել Երեւանի քաղաքապետարանին ինչ-որ ձեւաչափով շնորհակալություն հայտնի, ինչպես ասենք "Ն եւ Ս Քոնսթրաքշն" ՍՊԸ-ին հայտնեց՝ թույլ տալով վերջինիս մայրաքաղաքում կառուցել 6 հատ 18 հարկանի շենքեր...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախորդ իշխանություններին արդարացիորեն քննադատում էր որոշ գործարարների եւ օլիգարխների գերին լինելու համար, որոնք հովանավորում էին իշխանավորներին՝ դրա դիմաց ստանալով այն ամենն ինչ ցանկանում էին... Սակայն վերջին սկանդալային բացահայտումները կապված Երեւանի քաղաքապետարանի կողմից նվեր ստացված 21 մեքենաների հետ` ապացուցում են, որ Հայաստանում այս ոլորտում ոչինչ չի փոխվել...

Երեւանի իշխանությունները, ի դեմս Հայկ Մարությանի, դարձել են կոռուպցիոն սկանդալի հեղինակներ՝ դառնալով գերին այն գործարարների, որոնք աղբատարներ են նվիրել քաղաքապետարանին...

Հ.Գ. Համոզված եմ, որ այդ նվեր ստացած "զիբիլի ավտոների" սկանդալային պատմության մասին լավատեղյակ է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը... Տեսնենք, երբ է վերջինս Սպայդերմենի պես հայտնվելու, եւ ինչպես որոշ ժամանակ առաջ փրկեց սուպերնախարար Արայիկ Հարությունյանին, այնպես էլ այս խայտառակ պատմությունց փրկելու Հայկ Մարությանին...