Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը ներկայացնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր կանխատեսումներն ու զգուշացումները։
-Պարոն Մեսրոբյան, հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկեց արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Հետևու՞մ եք, արդյոք, քաղաքական ուժերին և ի՞նչ տպավորություն ունեք։
-Իմ ուշադրությունը սևեռված է ավելի շատ այն բանի վրա, ինչի մասին զգուշացնում եմ դեռևս փետրվարից։ Դրանք վերաբերում են ողբերգական դեպքերին, և առնվազն 80% հավանականություն կա, որ իմ կանխատեսումները կիրականանան։ Այդ կանխատեսումները հիմնված են ոչ թե գուշակությունների, այլ կառավարման մոդելների գնահատակային հաշվարկների վրա։ Կառավարման մեջ կա հակաճգնաժամային կառավարման գնահատակային մեթոդաբանություն, որը ցույց է տալիս, որ Պարետոյի օրենքի համաձայն՝ մեզ մոտ 80% հավանականություն կա, որ մինչև ընտրություններ, ընտրությունների ժամանակ և հետո կլինեն ողբերգական դեպքեր։ Իսկ այս քարոզարշավի ընթացքը հուշում է, որ ամեն օր այդ հավանականությունը միայն աճում է։
-Քարոզարշավն ընթանում է բավականին կոշտ հռետորաբանության, փոխադարձ մեղադրանքների և, ընդհանրապես, գերլարված մթնոլորտում։ Դա նո՞ւյնպես նպաստում է Ձեր կանխատեսումների իրականացմանը։
-Այո՛։ Եթե նկատել եք, արդեն սկսվել են բախումներ։ Երեկ մենք որոշ դրսևորումներ տեսանք Գյումրիում, և դա տարածվելու է։
-Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի գնով չի պատրաստվում զիջել իր աթոռը։ Եթե խայտառակ կապիտուլյացիան, հազարավոր զոհերն ու վիրավորները, անդադար խորացող ճգնաժամը նրան չդրդեցին հեռանալ իշխանությունից, ընտրությունների միջոցով նա այդպես հեշտ ու հանգիստ կհեռանա՞։
-Դրա վտանգը շատ բարձր է։ Եվ հիմա մի շարք գործոններ են ի հայտ գալիս, որոնք վկայում են, որ շատ վտանգավոր ընտրություններ են նաև այդ իմաստով։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր 2018-ին կողմ են քվեարկել այս իշխանությանը, պետք է ցմահ զրկվեն ընտրության իրավունքից։
-Մարդիկ ուզում էին լավ ապրել, բայց հիասթափվեցին։
-Ուզում էին լավ ապրել ի հաշիվ 5 հազար զոհի, 10 հազար վիրավորի, 10 հազար քառ․ կմ կորստի, 40 հազար գաղթականների՞։ Լավ ապրելու այդ ի՞նչ էգոիստական մոտեցում է։
-Չգիտեին, որ իրենց ընտրությունն այսքան աղետաբեր է լինելու։
-Ուրեմն առավել ևս պետք է զրկվեն ընտրելու իրավունքից, որովհետև ընտրությունները՝ դա երկրի ապագայի ընտրությունն է։ Եթե իրենք չեն կարող հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց, մեղմ ասած, թեթևսոլիկ ընտրությունը, ապա չպետք է ընտրելու իրավունք ունենան։
-Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք․ «Այս խմորը դեռ շատ արյուն կվերցնի», քանի դեռ 2018-ից ի վեր ոչ ոք չի ապաշխարել»։ Ապաշխարելը վերաբերում է քաղաքացիների՞ն, թե քաղաքական ուժերին։
-Բոլորին։ Առաջին հերթին՝ քաղաքական ուժերին, ապա քաղաքացիներին։ Այն պահից, երբ բոլորս պատասխանատու մոտեցում կորդեգրենք, շանս կունենանք կամաց-կամաց պետություն դառնալու։ Բայց ես նկատում եմ, որ այն, ինչ պահանջում ենք իշխանավորներից, ընդդիմադիրներից, նույնիսկ մենք՝ հաՄրությունը, դա չենք անում։ Իսկ անպատասխանատու միջավայրում միայն ողբերգություններ են լինում։
-Այսօր կա հասարակության մի հսկա շերտ, որը չի սատարում ընտրություններին մասնակցող որևէ քաղաքական ուժի և չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Եվ հիմա բոլոր կողմերն ուզում են այդ հատվածին իրենց կողմը քաշել։ Արդյո՞ք քարոզարշավը կարող է որևէ դերակատարում ունենալ այդ հարցում։
-Այս հարցը կիսով չափ անիմաստ է դառնում, եթե հաշվի առնենք, որ ԿԸՀ-ն վերջերս հրապարակեց ընտրողների քանակ, որը 2,5 միլիոնից ավելի է։ Սակայն իմ գնահատականով՝ այդ 2,5 միլիոնից առնվազն կես միլիոնը Հայաստանում չէ, հետևաբար չի մասնակցելու ընտրություններին։ Այսինքն, այդ կես միլիոնանոց «լյուֆտը» արդեն իսկ մտահոգիչ է։
-Ի՞նչ իմաստով է մտահոգիչ, կարող է ընտրակեղծիքների համա՞ր օգտագործվել։
-Իհարկե այո։ Ոչ թե կարող է, այլ այդպես էլ կլինի։ Ես միշտ եմ ասել, որ ընտրակեղծիքներ կլինեն, և արդեն դա երևում է։ Օրինակ, նույն Գյումրիում, իմ ունեցած տեղեկություններով, հրապարակում քիչ մարդ էր հավաքվել, բայց հետո ավտոբուսներով բերեցին։ Էլ չեմ խոսում Սյունիքի դեպքերի մասին։ Տեսախցիկներն արդեն ֆիքսել են նույն մարդկանց տարբեր մարզերում։ Այսինքն՝ դա արդեն սկսվել է, դա տեսանելի է, իսկ ես փաստերով եմ առաջնորդվում։
-Այնուամենայնիվ, փորձագետներից շատերը գտնում են, որ եթե նույնիսկ գործող իշխանությունը վարչական ռեսուրս կիրառի, ընտրակեղծիքների գնա, միևնույն է, չի կարող հավաքել 50%-ից ավել ձայն։
-Բայց մենք չենք մոռանում, չէ՞, առնվազն կես միլիոն ընտրողների մասին, որոնք Հայաստանում չեն, բայց ԿԸՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել են որպես ընտրող։ Այն փաստը, որ հիմա իշխանության կողմից պարբերաբար մարդկանց մեջ մխրճվում է այն միտքը, թե իրենք հավաքելու են 60% և ավելի, նույնպես պատահաբար չի արվում։ Դա հոգեբանական նախապատրաստումն է կեղծիքների արդյունքում ստացված թվի։
-Պարոն Մեսրոբյան, Դուք անձերին չեք սիրում մեկնաբանել, բայց խնդրում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավի ընթացքում հնչող ագրեսիվ հայտարարություններին, ընդհուպ հայհոյանքներին։ Ինչի՞ մասին է վկայում այս վարքագիծը։ Դա ցայտնո՞տ է, հասարակության որոշակի շերտերի պահանջմունքները բավարարելու միջո՞ց, թե՞ այլ խնդիր է լուծվում։
-Ձեր նշած բոլոր պատճառները կան, բայց կա նաև ամենագլխավոր պատճառը՝ այն, որ մենք վերնախավ չունենք։ Վերնախավը մշակույթի, ապրելակերպի պարտադրիչը պետք է լինի։ Մենակ այն, որ էլի գնում են «ժեխի» նախապատվության հետևից, ևս մի պրակտիկ ապացույց է, որ մեզ մոտ վերնախավ ուղղակի գոյություն չունի։
-Եթե, այնուամենայնիվ, այս ընտրություններով հնարավոր լինի հասնել իշխանափոխության, նոր իշխանության ամենահրատապ անելիքը ո՞րը պետք է լինի։
- Կանխել արյունահեղությունը։ Ընտրություններից հետո իրավիճակը չի խաղաղվելու։ Ես էլ չեմ խոսում, եթե հանկարծ 2-րդ փուլի անհրաժեշտություն առաջանա։ Դա արդեն գրեթե 100%-ով կտանի արյունահեղության։
-Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը լուծելու «պրակտիկ» տարբերակ է գտել․ առաջարկում է իր որդուն փոխանակել գերիների հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս առաջարկը։
- Անգամ «կիսաբաց լուսամուտներում» նման անմակարդակ ու պրիմիտիվ երևույթներ չեն հանդիպում։ Իմ կրթական պատրաստվածությունը թույլ չի տալիս, որ ես նման երևույթները մեկնաբանեմ։
-Այս օրերին տարբեր սոցիոլոգիական հարցումներ են արվում, փորձագիտական կարծիքներ են հնչում, որոնցից կարող ենք եզրակացնել, որ եթե իշխանությունը չգնա լուրջ ընտրակեղծիքների, ապա ընդդիմությունը, խորհրդարանում կոնսոլիդացվելով, կվերցնի իշխանությունը։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք Դուք։
-Մենք հիմա դինամիկ փուլում ենք, որտեղ այս պահին երևում է, որ իշխանական և իշխանամետ ուժերի վարկանիշն օրեցօր անկում է ապրում, ընդդիմադիր ուժերինը՝ բարձրանում։ Բայց այստեղ կան մի քանի կարևոր նրբություններ․ կան քողարկված իշխանամետ ուժեր, որոնք միգուցե շեմը չհաղթահարեն, բայց կփոշիացնեն ընդդիմադիրների ձայները։ Եթե նույնիսկ այդ ուժերից յուրաքանչյուրը 1-ական % էլ հավաքի, ապա դա արդեն մեծ թիվ է, որը, փաստորեն, փոշիանում է։ Իսկ այն փաստը, որ երկիրը ֆորսմաժորի մեջ է, և այսքան ցանկացողներ ու «իմաստուններ» կան, որ ուզում են այն «փրկել», ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Դա նշանակում է, որ մենք լուրջ չենք, կեղծավոր ենք և որ այստեղ ուրիշ խաղեր են գնում՝ այդ 1%-ոց խաղերը։ Եվ սա է՛լ ավելի է մեծացնում արյունահեղության վտանգը։ Ես արյան հոտ եմ առնում, և ցավոք, 2008-ից սկսած՝ իմ բոլոր կանխատեսումները ժամացույցի ճշգրտությամբ իրականացել են։ Դժվար չէ մտնել Google և YouTube ու համոզվել դրանում, քանի որ մինչ ողբերգությունը հրապարակավ զգուշացրել եմ ԶԼՄ-ներով:
-Եվ հիմա նորից շարունակում եք պնդել, որ ընտրությունների գնալը սխալ քայլ էր, որը հղի է արյունահեղության վտանգով։
-Իհարկե։ Դեռ փետրվարից եմ անընդհատ կրկնում, որ այս իրավիճակում խնդիրը պետք է լուծվեր 1998-ի սցենարով, այսինքն, իշխանափոխություն կուլիսների հետևում՝ չներգրավելով հասարակության լայն շերտերին այս գործընթացում, քանի որ դա վտանգավոր է:
-Բայց ո՞վ պետք է լուծի։ Այն ժամանակ հենց իշխանության ներսում կային հակակշիռ ուժեր, որոնք պարտադրեցին այդ լուծումը։
-Միայն ԱԳՆ-ի վերնախավի՝ վերջերս 100%-ոց հրաժարականը հակառակն է հուշում: Մյուս կողմից, այս 20-25 տարիների ընթացքում մենք ավելի ու ավելի մանրացանք։ Բոլոր դեպքերում պետք է ընդունենք, որ այն ժամանակվա իշխանություններն ու գործիչները, ի տարբերություն այսօրվա, որոշ չափով ունեին պետական մտածողություն։ Հիմա մեզ մոտ գրեթե պետական գործիչներ չեն մնացել։ Նման եզակի գործիչներից մեկը՝ վերջին մոհիկաններից, Վազգեն Մանուկյանն է, որի ղեկավարությամբ ժամանակավոր կառավարության ստեղծումը կլիներ այս իրավիճակից անցնցում դուրս գալու լավագույն ճանապարհը։ Այս լարված իրավիճակում մեզ պետք էր հավասարակշռող առաջնորդ, և Վազգեն Մանուկյանը նման հատկանիշ ունեցող գործիչ է։ Իսկ այն ճանապարհը, որով մենք որոշեցինք գնալ, արյունահեղության տանող ճանապարհ է։ Եթե Աստված չանի նման բան լինի, ապա հիմիկվանից բոլորին զգուշացնում եմ՝ հունիսի 21-ից հետո ով ինձ կդիմի, թե հիմա ինչ ենք անելու, շատ կոշտ և կոպիտ պատասխան կստանա իմ կողմից։
-Պարոն Մեսրոբյան, Դուք սովորաբար նախընտրական և կառավարության ծրագրերին վերապահումով եք մոտենում՝ նշելով, որ դրանք, որպես այդպիսին, ծրագրեր չեն, այլ ավելի շատ՝ թամադայի բաժակաճառեր։ Աչքի անցկացրե՞լ եք այս քարոզարշավի ծրագրերը։
-1988-ից մինչև այս պահը ծանոթացել եմ գրեթե բոլոր այսպես կոչված ծրագրերին։ Այդ փաստաթղթերից որևէ մեկը ծրագիր կոչվելու իրավունք չունի։ Ծրագիրն ունի պարտադիր պահանջներ․ նախ պետք է նախաբանում գրված լինի գերնպատակը, թե ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել, որից հետո, ըստ ոլորտների, տարիների, կիսամյակների ու եռամսյակների, պետք է լինեն չափորոշիչներ և միջանկյալ նպատակներ։ Պետք է լինեն ի պաշտոնե գլխով պատասխանատուներ բոլոր ոլորտներում և թե ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու, եթե ընթացիկ չափորոշիչներին չհասնեն։
-Բայց դա ավելի շատ կառավարության ծրագիր է։ Նախընտրական ծրագրում այդ մանրամասները հնարավո՞ր է ներառել։
-Այո՛, նախընտրական ծրագրերը պետք է ավելի թեթև լինեն, բայց շեշտը պետք է դրվի ոչ թե «ինչ անելու», այլ «ինչպես անելու» վրա։ Հիմա էլ կարդում ես ծրագրերը, նշված է, որ պետք է այս բանն անել, այն բանն անել, բայց պրակտիկ մեխանզիմները, թե ինչպես են դրանք արվելու, գրեթե չկան։ Հետևաբար, մեր «բարի» ավանդույթի համաձայն՝ մենք ոչ թե ծրագրեր ենք գրում, այլ թամադաների բաժակաճառերի ժողովածու։
-Հասարակությունն ինքը քաղաքական ուժերից ծրագրեր չի պահանջում և բոլորովին այլ չափորոշիչներով է առաջնորդվում ընտրություններում։ Միգուցե դա՞ է պատճառը։
-Քաղաքական էլիտան, եթե այն կա, միայն հասարակության պահանջարկով չպետք է առաջնորդվի, այլ ինքը պետք է ստեղծի այդ պահանջարկը։ Նույնիսկ շուկայագիտության մեջ կա ակտիվ մարքեթինգ․ դու սկսում ես ինչ-որ բան ներմուծել հասարակության գիտակցության մեջ, երբ այդ ապրանքը դեռևս չկա։ Այսինքն, պրոֆեսիոնալ դեպքերում առաջարկն է ձևավորում պահանջարկ։ Դա էլիտայի սուրբ պարտականությունն է, էլիտան պետք է կրթի հասարակությանը և ձևավորի պահանջարկ։ Մեզ մոտ «կրթում են» «կիսաբաց լուսամուտներով», սերիալներով, «տոտո գեյմինգով» և այլ նմանատիպ աղբով։ Եվ քանի դեռ մենք քաղաքական էլիտա և առհասարակ՝ էլիտա չունենք (մտավորականության մասին նույնիսկ չեմ խոսում, քանի որ իրենց համարում եմ օրվա իշխանություններից ավելի մեղավոր), մեզ մոտ պահանջարկը կձևավորվի հասարակության ցածր խավի կողմից։ Իսկ ընտրություններում դա ուղղակի աղետ է։
Աղբյուրը՝ Ankakh.com