կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 13:12
Տարածաշրջան

Հայկական սփյուռքը թշնամի չէ, այն մեր սփյուռքն է. Դավութօղլու

Հայկական սփյուռքը թշնամի չէ, այն մեր սփյուռքն է. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դարձյալ հանդիպել է երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է «Ակօս»-ը:

 

Հանդիպման ընթացքում նա մի շարք հակասական հայտարարություններով է հանդես եկել. «Պատմությունն իր ցավալի իրադարձություններով հիշելու փոխարեն պետք է ստեղծենք միմյանց երջանկությունն ու պատմական գեղեցիկ անցյալը հիշեցնող մի համատեղ մշակույթ՝ առանց պատմությունը մոռանալու, առանց դրա առերերսումից խուսափելու, արդար հիշողությամբ, կիսելով միմյանց ցավերը»:

 

Ըստ Դավութօղլուի՝ անցյալում են մնացել նեղություններն ու խտրականությունը: «Նա, ով զատողություն կդնի «իրական քաղաքացու» և «երկրորդ կարգի քաղաքացու» միջև, նա պայթուցիկ դրած կլինի այս պետության արմատին»,- հայտարարել է նա:

 

Անդրադառնալով «1915 թվականի դեպքերին»՝ Դավութօղլուն ասել է. «Թուրքիան հրավիրում է 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած «նեղվածությունների» արդյունքում Թուրքիայից արտերկիր մեկնած իր քաղաքացիներին: Նրանք մեր սփյուռքն են, ոչ թե օտար սփյուռք: Մենք «փոքրամասնություն» հասկացությունը, որքան էլ միջազգային իրավական տեքստերում և Լոզանում տեղ գտած լինի, սոցիալական կյանքում մտադիր ենք վերացնել: Դուք այս հողերի իրական զավակներն եք: Դուք չեք եկել դրսից, չեք գնալու դուրս: Այս ավանդույթներն ապրել են այս հողերում և շարունակելու են ապրել այստեղ: Դա գիտակցելով՝ միասին, միմյանց հավատալով, այդ ցավոտ հիշողություններն ու այսօրվա խտրականությունները կարող ենք մոռանալ»:

 

Դավութօղլուն հանդիպումից հետո հայտնել է, որ բոլորը պետք է դեմ լինեն ատելությանը: «Հայաստանի, Իսրայելի և Հունաստանի հետ հարցերը բացասաբար են ազդում կրոնական խմբերի վրա Թուրքիայում»,- ասել է նա:

 

Ինչ վերաբերում է Հայկական սփյուռքի հետ իրենց ունեցած լարվածությանը, Դավութօղլուն հակասել է Էրդողանին` ասելով. «Հայկական սփյուռքը թշնամի չէ, այն մեր սփյուռքն է»:

 

Ըստ երևույթին` Դավութօղլուին այնքան ցավ է պատճառել լավաշի՝ UNESCO-ում որպես հայկական մշակութային ժառանգություն ներառվելու փաստը, որ նա ասել է. «Մշակութային ժառանգությունը մեր ժառանգությունն է»:

 

Նա հիշել է նաև Հայաստան-Թուրքիա սահմանի մասին: «Եթե Հայաստանը դուրս գար գոնե մեկ շրջանից (հավանորեն նկատի ունի ԼՂ ազատագրված տարածքները.-խմբ.), կբացվեր սահմանը: Բայց այդ հարցում դիմադրություն տեղի ունեցավ»: Նաեւ հավելել է. «Թուրքիայի հայերը թող չազդվեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններից»:

 

Եզրափակելով խոսքը` Դավութօղլուն նշել է, որ «եթե 1915 թվականի հետ կապված լոբբիները միասնական հանցանք են արտադրում, պետք է դրանց դեմ դուրս գան»: Չանաքքալեի միջոցառումները ապրիլի 24-ին անցկացնելու կապակցությամբ էլ ասել է. «Դիտավորյալ անելու խոսք անգամ լինել չի կարող»: