Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին դարձյալ անհանգստացնում է հայկական Սփյուռքը. այս անգամ նրան մտահոգել է Ֆրանսիայի հայ համայնքի գործունեությունը, որը, ըստ նրա, խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մտահոգությունների մասին թուրք պաշտոնյան պատմել է Ստրասբուրգում Թուրքիայի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ապա Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել այդ երևույթի դեմ՝ հիշեցնելով, որ թուրք-ամերիկյան համակարգող կոմիտեն ևս հաջողությամբ պայքարել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի դեմ։
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը շեշտում է՝ Սփյուռքը պատմականորեն դեմ է այդ հարաբերությունների կարգավորմանը, որովհետև հստակ է՝ ՀՀ-ն պատրաստ չէ գործընթացին, որը ղեկավարում է Թուրքիան:
«Այսօր պարտվող Հայաստանը, դժբախտաբար, ի վիճակի չէ ստորագրել որևէ համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև այս վիճակում անխուսափելիորեն մեր դեմ կշրջվի ցանկացած պայմանագիր, որ Թուրքիան և Ադրբեջանը կգրեն, որովհետև իրենք գրիչն ունեն իրենց ձեռքում. ՀՀ-ն, ցավոք, իր ձեռքում չունի գրիչ: Դրա համար է, որ Սփյուռքը և մասնավորապես ֆրանսահայությունը դիմադրում ենք այս ամենին:
Չավուշօղլուն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում Սփյուռքի դեմ. եթե հիշում եք՝ հուլիսի 3-ին նույն հայտարարություններն էր արել, և 10 օր անց ինձ արգելեցին մտնել Հայաստան Նիկոլ Փաշինյանի հրահանգով. սա, կարծում եմ, լուրջ կապ ունի, և պետք է տեսնենք այդ կապը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մուրադ Փափազյանը:
Հարցին՝ արդյո՞ք Չավուշօղլուին անհանգստացրել է նաև Ձեր հեղինակած՝ «Էրդողանի ռեժիմը. Սպառնալիք Ֆրանսիային» աշխատությունը, որով, կարելի է ասել, դուրս եք եկել Էրդողանի ռեժիմի դեմ, սփյուռքահայ գործիչը պատասխանեց. «Այս գիրքն ուղղակի Էրդողանի դեմ է և բավական լուրջ արձագանք է գտել ֆրանսիական մեդիաների և քաղաքական միջավայրների մոտ, և հստակ է, որ այս գիրքը խանգարում է Թուրքիային: Տեղյակ ենք արդեն, որ Թուրքիայի դեսպանը շատ մոտից է հետևում այս գրքի մասին հրապարակումներին և արձագանքներին: Վստահ եմ, որ թուրքական կառավարությանը զայրացրել է Ֆրանսիայում նման գրքի հրապարակումն ու հաջողությունները. սա հստակ է:
Բայց հստակ է նաև, որ Թուրքիան կարողացավ ճնշել ՀՀ կառավարությանը, և ՀՀ կառավարությունն ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանը շատ տկար դիրքի վրա են Թուրքիայի դեմ և ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը. Արցախի մասին արդեն չեմ խոսում, Հայաստանի մասին եմ խոսում, որովհետև Հայաստանն է այսօր վտանգի տակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:
Թուրք ղեկավարները հասկացել են, որ Փաշինյանն արդեն իրենց գրպանի մեջ է, ու այժմ խնդիրը Սփյուռքն է, որը կարող է իր լծակներով խանգարել ՀՀ-ի դեմ թուրքական ծրագրերը, որովհետև լուրջ պանթուրքական ծրագրեր կան ՀՀ-ի և Հայաստանի ժողովրդի դեմ: Ու որովհետև մենք ազատորեն, անկախորեն նշում ենք դրանց մասին Սփյուռքում, Չավուշօղլուն կոչ է արել Ֆրանսիայում թուրքական սփյուռքին հակազդելու, ընդդիմանալու հայկական սփյուռքին»:
Արդյոք Չավուշօղլուի այս կոչին կհաջորդի՞ նաև անհատների, այդ թվում՝ Ձեր թիրախավորումը՝ մեր վերջին հարցադրումին ի պատասխան էլ՝ Մուրադ Փափազյանը նկատեց.
«Վստահ եմ, որ դա է նպատակը. այսինքն՝ երբ հանրային ձևով շատ հստակ թիրախավորում են, անունս տալու կարիքը չունեն. թուրքական միջավայրները շատ լավատեղյակ են, որ ես եմ առաջին գծի վրա և,անշուշտ, ես կարող եմ թիրախ դառնալ»:
Աղբյուրը՝ 168.am