կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-21 10:50
Հասարակություն

Սփյուռքն ավելի լավ Հայաստան է ուզում

Սփյուռքն ավելի լավ Հայաստան է ուզում

«Հայաստանի անկախությունը երազ էր ամեն սփյուռքահայի համար: Եթե 25 տարի առաջ որեւէ սփյուռքահայի ասեիք, թե մենք ազատ ու անկախ Հայաստան պիտի ունենանք, նա ձեզ չէր հավատա եւ ձեր ասածն անհնարին կհամարեր: Այսօր այդ երազանքը կատարվել է, մենք անկախ պետականություն ունենք եւ միասին պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը բարգավաճի եւ գոյատեւի ոչ թե 20, այլ 2000 կամ 20 հազար տարի»,- պատմում է Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, ով այս օրերին Հայաստանում է` մասնակցելու Հայաստան-Սփյուռք համաժողովին:

 

Էլիզաբեթ Չուլջյանը համոզված է, որ համաժողովը կարող էր նաեւ շատ ավելի կարեւոր նյութերի վրա կենտրոնանալ, ինչպես օրինակ` Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը կամ տնտեսական այն բազմաթիվ հարցերը, որոնց փորձում է դիմագրավել երկիրը: «Ցավոք, պետք է ասեմ` առնվազն ես չեմ տեսել, որ մինչեւ հիմա տեղի ունեցած համաժողովների արդյունքում մշակված ծրագրերը մեծ բան փոխեն Սփյուռքում: Անշուշտ, միշտ հուսով ենք, որ ամեն մի համաժողով իր դերը պիտի խաղա եւ այդ իրողությունը պիտի փոխվի: Այլապես, Հայաստան գալով ու գաղափարներ ներկայացնելով, ինչ-որ բան ակնկալելը իրատեսական չէ»,- ասաց նա:

 

Ըստ մեր զրուցակցի` Սփյուռքը հասկանալու խնդիր կա: Նա  օրինակ բերեց այն հանգամանքը, որ նախկին համաժողովների ընթացքում թարգմանիչներ են եղել, այս անգամ` չկային: «Երեւի սփյուռքի նախարարությունը կարծում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մայրենին հզորացել է Սփյուռքում, բայց ավելի հավանական է, որ նրանք բավարար չեն հասկանում Սփյուռքի իրականությունը եւ այն մարտահրավերները, որոնց մենք դիմակայում ենք, օրինակ` լեզվի տեսակետից»,- նկատեց Է. Չուլջյանը:

 

«Հայաստանի անկախությունն իրականում նոր կյանք բերեց Սփյուռքին: Այն աշխատանքը, որ արել ենք վերջին 20 տարիների ընթացքում, ի նպաստ հայրենիքի է, որը ներառում է նաեւ Արցախը, Ջավախքը, առօրյա հույս եւ հավատ են տալիս Սփյուռքին, եւ մեզ օգնում, որ մեր ինքնությունը` որպես հայեր, հայորդիներ պահենք Սփյուռքի մեջ»,- եզրափակեց նա: