կարևոր
8077 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 12:17
Սփյուռք Արցախ Աշխարհ

Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը

Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը

46 օր է, ինչ Արցախը հայտնվել է շրջափակման մեջ` զրկվելով Հայաստանի հետ միակ կապից: Թշնամու ահաբեկչական գործողությունների պատճառով Արցախը զրկվել է գազից, մթերային և բժշկական մատակարարումներից, քաղաքացիներին հոսանքի մատակարարման խնդիրներ են առաջացել:

ՀՀ իշխանությունների անգործության պայմաններում` Արցախի դեմ բլոկադան աշխարհի տարբեր ծայրերում, տարբեր քաղաքական կառույցներում բարձրաձայնելու առաքելությունը, ըստ արդեն ձևավորված ավանդույթի, բաժին է ընկել աշխարհասփյուռ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը և նրա Հայ Դատի կառույցներին:

Այսպես, դեկտեմբերի 12-ից սկսած բլոկադայից հետո Սփյուռքում հավաք-բողոքի ակցիաներ անցկացվեցին` աշխարհին արցախահայության ձայնը հասցնելու նպատակով:

Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը հունվարի 22-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան դիմաց, բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից խոչընդոտել ադրբեջանական բլոկադան Արցախի դեմ, շտապ օգնություն ուղարկել Արցախին և դադարեցնել բոլոր տեսակի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Վաշինգտոնում բողոքի ցույց է կազմակերպվել նաև Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

 

Ամերիկահայերը հավաքվել էին նաև Լոս Անջելեսում տեղակայված UNICEF-ի գրասենյակի դիմաց` «UNICEF, իսկ ի՞նչ կասես արցախցի երեխաների մասին» պաստառներով:

Ամերիկա աշխարհամասի հյուիսում և հարավում ևս արցախահայության խնդիրներին ուղղված միջոցառումներ կազմակերպվեցին: 

Կանադայի Վանկուվեր քաղաքում կենտրոնում ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) «Արշաւիր Շիրակեան» մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացավ Արցախին զորակցության հավաք: ՀՅԴ ԳԵՄ-ի անդամները բողոքի իրենց ձայնը բարձրացրեցին, պահանջելով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Արգենտինայի քաղաքամայր Բուենոս Այրեսում հայ համայնքը հունվարի 23-ին ցույց էր կազմակերպել՝ ցույց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պաշարումը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: «Որպես Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին և իշխանություններին համերաշխություն դրսևորել Արցախի բնակիչների հետ և բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպությունների առջև, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը», - հայտարարել էին ակցիայի մասնակիցները:

Մեծ զորակցային հավաք տեղի ունեցավ նաև Լիբանանում, որտեղ հայությունն իրենց զորակցությունը  հայտնեցին Արցախին և դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործուն քայլերով Ադրբեջանին ստիպել բացել արցախահայության կյանքի ճանապարհը։

Հունվարի 10 Ֆրանսիայի Ազգային Ժողովի շենքի դիմաց հարյուրավոր հայորդիներ, ընդառաջելով Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի, կոչին մասնակցեցին բողոքի հավաքի՝ առ ի զորակցություն Արցախի ու արցախահայության եւ առ ի պահանջ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անհապաղ վերացման:

Բացի այդ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հունվարի 23-ին հանդիպեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակորոնին, որի ընթացքում բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:

Հունվարի 10-ին Նիդեռլանդների Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Հաագայում հայ համայնքի և հոլանդացիների մասնակցությամբ բողոքի ակցիա կազմակերպվեց` բարձրաձայնելու արցախահայերի իրավունքների ոտնահարումը:

Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ըստ Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած լուսանկարների, բողոքի ցույց էին կազմակերպել BBC-ի կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով ճշմարտությունն ասել շրջափակված Արցախի մասին եւ դադարեցնել աջակցել ահաբեկչությանը։

Հունաստանի Աթենթ և Սալոնիկ քաղաքներում ՀՅԴ Հայ Դատի և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ նույնպես հավաքներ կազմակերպվեցին, որի ընթացքում տեղի հայերի կողմից պատրաստված հուշագիրը փոխանցվեց Աթենքում գտնվող Եվրահանձնաժողովի պատվիրակությանը:

 

Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության երիտասարդական միության անդամները երեկ Վրաստանի մայրաքաղաքում ակցիա են իրականացրել ի պաշտպանություն շրջափակված Արցախի.  «120 000 մարդ, այդ թվում 30 000 երեխա շրջափակման մեջ են: Սննդի և դեղորայքի խիստ պակասություն է: Կանխե'ք հերթական ցեղասպանությունը», - պահանջում էին վիրահայերը:

ՀՅԴ Ավստրալիայի Երիտասարդական միության կողմից ևս իրականացվել է բողոքի ակցիա ի պաշտպանություն Արցախի: Սիդնեյում տեղի ունեցած ակցիայի ժամանակ երիտասարդները կոչ են արել վերջ տալ լռությանը և դատապարտել Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից:

Բացի զորակցային հավաքներ, բողոքի ակցիաներ իրականացնելուց սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հանդիպել և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել եվրոպական և աշխարհի տարբեր քաղաքական կառույցներում, երկրների խորհրդարաններում: