Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եւ ահա՝ ռազմահայրենասիրական յայտնի երգի իրական պահերն ենք այս օրերին եւս վերապրում, երբ հնչում է.-
«Հայեր միացէք, միացէ՜ք հայեր, Արցախն է մեզ կանչում՝ օգնութեան հասէ՜ք…»:
Շրջափակւած Արցախի հանդեպ տեղեկատւական-բարոյական աջակցութեանը, շաբաթներից ի վեր գործի են լծւել, Սփիւռքեան խոշոր համայնքներում ու գաղթօջախներում հայկական ինչպէս քաղաքական, այնպէս էլ մարդասիրական-հասարակական
կազմակերպութիւն-կուսակցութիւնները…
Իսկ այժմ մի հարց.-
Ո՞ւր է ԱՄՆ-ում Հայաստանի ու հայութեան շահերը պաշտպանելու կոչւած դեսպանուհի Մակունցը:
-Ժամանակին, իր ապաշնորհութեան դէմ կապիտոլիումի (կոնգրես) առջեւ հայ ցուցարար երիտասարդներից «պաշտպանւելու» համար Ամերիկացի ոստիկանութեանը դիմող դեսպանուհին արդե՞օք Արցախի 120000 հայերի շրջափակման մասին ոչինչ չունի ասելու նոյն կոնգրեսականներին կամ ԱՄՆ ԱԳՆ-ի պետքարտուղարութեանը: Թէ՞ դա էլ է վերապահւած NCO Հայ Դատի յանձնախմբերին ու «CELEBRITY» Քարդաշեաններին…:
Ամենաազդեցիկ ու հուժկու քայլն, սակայն, կը լինէր՝ Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում Արցախցիների հանրահաւաքի մասշտաբով Երեւանում հարիւրհազարաւորների ժողովրդական համահաւաքի պետական կազմակերպումը, որն էական նշանակութիւն կունենար թէ՛ ներազգային ճակատի ամրապնդման, եւ թէ՛, որն խիստ կարեւոր էր՝ արտաքին ճակատի ռէալ սպառնալիքները շրջանցելու համար։ Աւաղ՝ դա եւս տեղի չունեցաւ, բայց ամենեւին էլ չի նշանակում, որ գալիքում իր վերջին խօսքը չի ասելու ի վերջոյ դանակը ոսկորին հասած գիտակից երեւանցին…
Արցախին օգնութեան հասնելու մասին մեր խնդրոյ առարկայ երգի ոգով օրեր առաջ իր իրաւացիօրէն վրդովւած ձայնը հնչեցրեց Արցախի ԱԺ-ի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը, ասելով թէ՝ «Որտե՞ղ էք հայեր, Արցախը պաշարւած է…»:
Սիրելի ընթերցող,
… Խիստ հետաքրքրական է, երբ ի տես այդ պաշարման՝ հէնց նախօրեակին ականատես ենք դառնում Իրանի Խուզիստան նահանգի կենտրոն՝ Ահւազի գեներալ Չամրանի անւան համալսարանի պարսիկ ուսանողութեան խիստ յուզառատ յայտարարութեանը, որը բարոյականից առաւել՝ քաղաքական պատգամ էր պարունակում իր մէջ, երբ երկու ժողովուրդների բնական ու բարեկամական համերաշխութիւնը, տւեալ դէպքում համարւում է Հայոց Արցախի շրջափակումը կոտրելու ազդեցիկ գործօն։ Հարկ է փաստել, որ ամիսներ ի վեր իրանական պետական, դիւանագիտական, քաղաքական, փորձագիտական ու ԶԼՄ-ական լայն շրջանակները Հայոց Արցախի շուրջ ստեղծւած ընդհանուր իրավիճակին արձագանգում են հայամէտ դիրքերից։ Երեւոյթ, որին մենք ականատես չեղանք նոյնինքն ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի համապատասխան նիստում…:
Ահաւասիկ, այսօր իսկ ողջ հայութեան եւ յատկապէս հայաստանեան մեր քոյր-եղբայրների ինչպէս բարոյական, այնպէս էլ՝ քաղաքական-գիտակցական պարտաւորութիւնն է՝ արձագանգել Մետաքսէ Յակոբեանների ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՆՉԻՆ…, Որպէսզի ապացուցւի, որ միայնակ ու լքւած չէ հայութեան հպարտանքի խորհրդանիշ արծւաբոյն Արցախը…:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր