կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 13:01
Տնտեսական

Վարկային «սով»` հունվարին

Վարկային «սով»` հունվարին

2014-ի դեկտեմբերին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, առևտրային բանկերը տրամադրել են 2.2 միլիարդ դրամի վարկ, որը, նույն տարվա նոյեմբերի համեմատ, ավելի է 140 միլիոն դրամով: Վարկերի տրամադրման ավելացումը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ դեկտեմբերի վերջին ֆինանսական համակարգում ստեղծված խուճապից հետո բանկերը, ըստ շրջանառվող լուրերի, ոչ միայն վարկ չէին տրամադրում, այլ նաև դոլար չէին վաճառում:

 

Այս տեսանկյունից ելնելով` ենթադրվում էր, որ 2014-ի դեկտեմբերին դոլարով տրամադրված վարկերն ավելի քիչ կլինեն: Այսպես` դեկտեմբերին տրամադրված 2.2 միլիարդ դրամի վարկից 1.4 միլիարդն է դոլարով կամ, որ նույնն է, տրամադրված վարկերի մոտավորապես 61 տոկոսը, իսկ ահա նոյեմբերին տրամադրված մոտ 2 միլիարդ դրամ վարկից դոլարով եղել է 1.3 միլիարդը կամ տրամադրված վարկերի 65 տոկոսը: Ստացվում է, որ մեկ ամսում դոլարով տրամադրված վարկերը նվազել են 4 տոկոսով: Հետաքրքիր է նաև, որ տոկոսային առումով փոփոխության չի ենթարկվել տնային տնտեսություններին տրամադրած վարկերի ծավալը: Հունվարին տնային տնտեսություններին տրամադրվել է 770 միլիոն, իսկ դեկտեմբերին` 812 միլիոն դրամի վարկ:

 

Վարկային «սով» դիտվել է արդեն 2015-ի հունվարին: Ճիշտ է, Կենտրոնական բանկը տվյալներ դեռևս չի հրապարակել, բայց Yerkir.am-ն արդեն անդրադարձել է այդ թեմային, թե որ բանկերը ինչ տեսակի վարկեր չեն տրամադրում: Ի դեպ, վարկերի տրամադրման աճի դինամիկա սկսել է նկատվել հունվարի վերջին: «Հայէկոնոմբանկ»-ի հաճախորդների սպասարկման կենտրոնից տեղեկացանք, որ բանկը սկսել է վարկեր տրամադրել միայն հունվարի վերջից, այն էլ` բացառապես դոլարով: Ընդ որում` դոլարով են տրամադրվում ոչ միայն նոր ձևակերպվող վարկերը: Վերավարկավորում իրականացնելիս` գործող վարկերի ժամկետները երկարացնելիս, դրամային վարկերը բանկերը հաշվարկում են դոլարով: