կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 23:36
Մշակույթ

Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով

Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Վերջերս չգիտեմ, թե որտեղից տարօրինակ մի պատկեր է մտել ուղեղիս մեջ եւ վազվզում է մի կիսագնդից մյուսը. մեծն Ավետիք Իսահակյանը ձեռնափայտով կտկտացնում է ու խրոխտ ձայնով ասում .«Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»

 

«Բարեւ Ձեզ, Ձեր ոգու քաղցածության աստիճանն ի՞նչ մակարդակի վրա է»,- հարցը կա, ձայնագրիչը միացված է, Աբովյան փողոցն էլ անցորդների պակաս չի զգում…

 

«Վերջին անգամ թատրոնում եղել եմ անցած տարի` «Mea culpa»-ն եմ դիտել: Գի~րք…, չէ՞, չեմ հիշում, թե վերջին ընթերցած գիրքս ո՞րն է, բայց համերգներ սիրում եմ գնալ: Թանգարան կամ ցուցահանդես, անկեղծ ասած, վերջին անգամ այցելել եմ դպրոցական տարիներիս»,- ասաց մասնագիտությամբ վարսահարդար (42 տարեկան) Գայանե Արզումանյանը եւ ավելացրեց, որ, իր կարծիքով, ինքն ակտիվ մասնակցություն է ունի մշակութային կյանքի եռուզեռին…

 

Ու նորից Իսահակյանը. «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»

 

Ուսանողների մեծամասնությունը գերադասում է գնալ թատրոն, «թեթեւ», էստրադային համերգներ, հազվադեպ` ցուցահանդեսներ, օպերա, բալետ, կամ էլ հաճախում են այն դեպքում, երբ կամ` հրավիրատոմս են ստացել, կամ` մուտքն ազատ է, կամ էլ ծանոթներից որեւիցե մեկը իրադարձության մասնակիցն է… Սա ե´ւ ճիշտ, ե´ւ սխալ` արդեն իսկ ձեւավորված կարծիք է: Ճիշտ է, երբ հարցնում ես փողոցով քայլող երիտասարդներին, բայց երբ թատրոնում կամ ինչ-որ համերգի ներկա գտնվող երիտասարդի ես հարցնում, իսահակյանական ոգու սովը տեղիք է տալիս:

 

Հայերս առանձնահատուկ ժողովուրդ ենք եւ հենց այս իսկ պատճառով էլ միայն Հայաստանում կարող են գրքերը վաճառվել փողոցում, գինն էլ` 500 դրամից սկսած: Իսկ գրքի վաճառքով զբաղվողներն ամենեւին էլ տեղյակ չեն, թե ինչ ասել է գրականություն, եւ չզարմանաք, որ, ասենք, ձեր հարցը. «Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ն ունե՞ք»,- ուղեկցվի նման պատասխանով. «Չէ, բայց դրա փոխարինողն ունենք»

 

Գլուխս պայթում է վարպետի ձեռնափայտի կտկտոցից. «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»

 

Վայրկենասլաքը ծնունդ եւ մահ մեջքին առած իր ընթացքն է շարունակում, եւ ընտրության հնարավորություն տալիս մարդկանց…