Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի գյուղում հացի սով է։ 5 հոգանոց ընտանիքն օրական 1 հաց է ստանում։ Հացահատիկի մշակմամբ երբեմնի հարուստ, հացով հյուրասեր այս գյուղի մի մասը 44-օրյա պատերազմից հետո հայտնվեց ադրբեջանական զորքի նշանառության տակ, իսկ թշնամու կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից հետո՝ հումանիտար ճգնաժամի շեմին։
Հացի համայնքի ղեկավար Սանթուր Սարգսյանը MediaHub-ի հետ զրույցում ասում է՝ վիճակն աղետալի է, տուն կա քաղցած են մնում մարդիկ։
«Խանութներում բոլոր տեսակի ապրանքները իսպառ բացակայում են։ Մայրաքաղաքի հետ կապը կարելի է ասել կտրված է, դիզվառելիքի խնդիր կա։ Հաճախ հիվանդներին չենք կարողանում ժամանակին հիվանդնանոց տեղափոխել՝ կրկին բենզինի եւ դիզվառելիքի պատճառով»,- նշեց նա։
Հացի գյուղը հացը ստանում է շրջկենտրոն Մարտունիից։ Ըստ Սարգսյանի՝ հացի մատակարարումը սուղ է, պահանջարկին համապատասխան գյուղացիները հաց չեն ստանում։
«150 հոգանոց գյուղում 100 հացի պահանջարկի դեպքում 20, 30 կամ 40 հատ հաց են բերում։ Այնպես է ստացվում, որ հացը ոչ բոլորին է հերիքում։ Օրինակ ունենք 5 հոգանոց ընտանիք 5 հաց է պատվիրել, 1 հաց է ստանում»,-նշեց նա։
2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի վարելահողերի մոտ 90 տոկոսը հայտնվեց թշնամու զորքի ուղիղ նշանառության տակ, մնաց անմշակ։ Սարգսյանի խոսքով՝ հացահատիկի ցանքատարածությունները դարձել են անպիտան։
«90 տոկոսը չմշակելու հետեւանքով դարձել են անպիտան, մնացած 10 տոկոսը վառելիքի բացակայության պատճառով չենք կարողանում հնձել։ Ստացվել է այնպես, որ հացահատիկային մշակաբույսերի դաշտերում գյուղացիները չեն կարողանում բերքահավաք իրականացնել։ Նույն վիճակն է նաեւ անասնակերի դեպքում, հավաքածը չի ստացվում տարբեր գյուղերից տեղափոխել, կամ էլ՝ դաշտերից գյուղամեջ բերելը»,-ընդգծեց նա։
Սարգսյանի խոսքով՝ դիզվառելիքի պակասի հետեւանքով հղիները չեն կարողանում գնալ պլանային ստուգումների։
«Հղիները հիմնականում պլանային ստուգումների են գնում հասարակական տրանսպորտով, որը հազարից մեկ է գործում։ 1 երթուղային է գնում Ստեփանակերտ, այն էլ շաբաթվա ոչ բոլոր օրերին։ Շատ ժամանակ ոչ բոլորն են կարողանում տրանսպորտից օգտվել»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը պաշտոնական Բաքվի հրահանգով 225 օր է փակել են Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետեւանքով արցախահայությունը հայտնվել է սովի եւ հումանիտար աղետի առաջ։