կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-20 11:45
Հասարակություն

«Գառնին ջրերի ծով էր, հիմա ուզում են դարձնել ջրերի սով». գառնեցիները ճանապարհ են փակել. լուսանկարներ

«Գառնին ջրերի ծով էր, հիմա ուզում են դարձնել ջրերի սով». գառնեցիները ճանապարհ են փակել. լուսանկարներ

Կոտայքի մարզի Գառնի և Գողթ գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պահանջում են շինտեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից, հակառակ դեպքում` խոստանում են անժամկետ փակել Երևան-Գառնի ավտոճանապարհը. տեղից հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը:

Նշենք, որ գառնեցիները պայքարում են Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը խողովակաշարով տանել դեպի Արարատի մարզ: Գառնեցիները մտահոգություն են հայտնում, որ ծրագրի արդյունքում  Ազատ գետը կցամաքի: Գառնեցի կանանցից մեկը նման միտք հայտնեց. «Գառնին ջրերի ծով էր, հիմա ուզում են դարձնել ջրերի սով»:

Նշենք նաև, որ գառնեցիներին միացած` Գողթ համայնքի բնակիչները բողոքում են, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Կարմիր քար կոչվող տարածքում հող է  գնել և այդ հողերը ցանկանում է ոռոգել Գեղարդալճի ջրերով: Այդ դեպքում Գողթ համայնքի բնակիչները կզրկվեն ոռոգման ջրից:

Yerkir.am-ի հետ զրույցում Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանը նշեց, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ և չեն թողնելու, որ իրենց ջրերը ցամաքեցնեն, այնքան ժամանակ են փակելու ճանապարհը, մինչև համապատասխան կառույցները արձագանքեն խնդրին: Այստեղ հավաքված է մոտ 500 մարդ, կան նաև ոստիկաններ: