Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է․
Մինչ Նիկոլ Փաշինյանն իր գործակիցների առջև ուղիղ երեում «տվայտվում» էր՝ ներկայացնելով սուտուփուտ պատճառաբանություններ ու «արդարացումներ» առ այն, թե ինչպես թշնամուն հանձնեց Արցախի մեծ մասը, ինչպես Արցախն ու Հայաստանը նետեց գոյաբանական կատաստրոֆայի առավել քան իրական սպառնալիքի հորձանուտը, թշնամին ավելի էր խտացնում շրջափակման օղակը: Եվ նման պայմաններում մի գունաթափ ու ծռված 10 դրամանոցի արժեք էլ չունեն Նիկոլ Փաշինյանի՝ ինքնաարդարացման արտահայտությունները՝ անկախ այն բանից, թե դրանք արտաբերելիս նա ինչ անկանոն միմիկա ու շարժումներ էր ցուցադրում:
Այո՛, Արցախը լիարժեք շրջափակված է: Ամբողջովին: Բոլո՛ր կողմերից: Ու դա գերազանցապես անձամբ Նիկոլ Փաշինյանի, նաև՝ Արցախի «նիկոլի»՝ Արայիկ Հարությունյանի անզուգական «նվաճումն» է, գլխավոր «ձեռքբերումը», որ կարող էին ունենալ և ունեցան հիշատակված երկու «վայ-«կառավարիչները»: Եթե կուզեք՝ կառ-ավԵրիչնե՛րը:
Պետք չէ ստրատեգոս ու մարաջախտ լինել, հասկանալու համար, որ Արցախում պարենի սուղ պաշարներ են մնացել և, շատ հնարավոր է, այնտեղ առաջիկա օրերին, եթե թուրք-ադրբեջանական շրջափակման շղթան չճեղքվի, ամենաիսկական սով սկսվել:
Հուզական արտահայտությունները, թե՝ վայ, 21-րդ դարում, ֆլան-ֆստան, կարող եք պահել «մարդասիրության» արնածոր դիմակով ներկայացող «միջազգային հանրության» էկրանաժպիտ դեմքերի համար: Բուն խնդիրը աղետն է, օրհասը: Իսկ հիմնական հարցը, թե՝ ով ինչ է անում:
Առաջինը՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որը բացարձակապես համախոհ է Ալիևի կլանին, մասնավորապես հիմնականում, այն է՝ Արցախը ադրբեջանական տարածք է, և վերջ: Դա Փաշինյանը հայտարարել է հրապարակավ, իսկ նրանք, ովքեր դրանից հետո մնացել են նրա կողքին ու շարունակում են նրան բարևել, ուրեմն՝ իրենք էլ նույնպիսի ուրացողներ են:
Սրանցից սպասել որևէ իրական գործողություն՝ Արցախի հայության օգտին, անօգուտ է: Իրենց երբ հարցնես, դուրս են տալու անգիր արած կաղապարը, թե «մեր կառավարությունն ամենից շատ փողն է հատկացրել Արցախին»: Կարելի է կարծել, թե փողը կարելի է հունցել և թխել կամ եփել-ուտել: Ո՞ւմ է պետք ձեր փողը, եթե պարենամթերք չկա:
Երկրորդը՝ ի՞նչ է անում Արայիկ Հարությունյանը, որ այդպես ամուր կառչած է մնում «Արցախի նախագահ» պաշտոնից ու տիտղոսից: Ի՞նչ է անում՝ իր աթոռը պահելուց և, օրինակ, իրեն Սևանի առափնյա տարածքում շքեղ առանձնատուն վերագրելու համար Հայաստանում քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանին դատի տալուց բացի (դե, այս օրերին դա, պարզվում է, Արայիկ Հարությունյանի համար շատ ավելի կարևոր է, քան Արցախի հայության կենսական խնդիրների լուծման համար ինչ-որ բան մտածելն ու ամենակարևորը՝ անելը):
Երրորդը. Ի՞նչ է անում «քաղաքակիրթ Արևմուտքը»՝ ադրբեջանական նավթագազային գոլորշիները ներշնչելուց բացի:
Չորրորդը. Ի՞նչ է անում Ռուսաստանը:
Ամենից կարևորը՝ ի՞նչ ենք անում մենք, բոլո՛րս: Նիկոլի, առանց այդ էլ՝ տկլոր ստե՞րն ենք մերկացնում, անշարժ ու լուռ սպասում ենք «վերջի՞ն», թե՞ այնուամենայնիվ պատրաստվում ենք «իրար գալ»: