Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ միջազգային մամուլում մեծ աղմուկ հանեց այն, որ հայ կինը հրաժարվել է Դաունի սինդրոմով ծնված իր բալիկից, մինչդեռ նորզելանդացի ամուսինը պատրաստ է որպես միայնակ հայր խնամել երեխային:
Նորզելանդացի այս տղամարդը երեխային հայրենի Նոր Զելանդիա տեղափոխելու և այնտեղ նրա խնամքով զբաղվելու համար 60 հազար դոլար դրամահավք էր կազմակերպել, ու վերջին տվյալներով հավաքվել է 490 հազար դոլար:
Ռուզան Բադալյանն ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքների ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ճնշող են եղել հարազատների ու բուժանձնակազմի վերաբերմունքը, քիչ ժամանակ է ունեցել որոշում ընդունելու համար: Մյուս կողմից իր ամուսնության 1.5 տարվա ընթացքում ապրել են իր հայրական տանը, իսկ ամուսինը՝ Սեմուել Ֆորեսթը ընդամենը 5 ամիս է աշխատել և չի էլ փորձել աշխատանք գտնել:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը առողջապահության նախարարության ներկայացուցիչ Արշակ Ջերերյանը հայտնեց, որ ճանաչում է բժշկական կենտրոնի նորածնային բաժնի ղեկավարին և բացառում է, թե կնոջը ոչ պատճած վերաբերմունք ցուցաբերած լինեն:
Ի պատասխան սրա սակայն, Վարդուհի Արամյանը, ով հաշմանդամություն ունեցող երեխա ունի, պատմեց, որ իսկապես բուժծառայողների կողմից աջակցություն չի ցուցաբերվում ծննդաբերած կնոջը, ավելին` հենց նրանց կողմից էլ հուսահատեցնող վերաբերմունքի է արժանացել. «Պոլիկլինիկայի բժիշկն առաջին անգամ եկավ երեխային տեսնելու, ասաց՝ վայ, բա չե՞ս հանձնելու էս էրեխուն, կպահե՞ս»:
Իսկ կինը ուժեղ կամք դրսևորելով ապացուցել է հասարակությանը, որ իր երեխան իրավունք ունի ապրելու: Երեխային մեծացրել է միայնակ, տղան հանրակրթական դպրոցում է սովորել, ընկերներ ունի: Նա պատմեց, որ մեծ դժվարությունների է բախվել իր փոքրիկի ծնվելուց հետո, սակայն կարողացել է կոտրել կարծրատիպերը:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա որևէ մեկին չմեղադրելով տիկին Վարդուհին ասաց, թե այդ նորզելանդացին մի խորամանկի մեկն է, ով մեր թույլ կողմը կարողացել է ճիշտ օգտագործել. «Այդ տղամարդն ասում է, թե մենք ամաչում ենք մեր երեխաներից: Ճիշտ է ասում: Ամաչում ենք դրա համար էլ հրաժարվում ենք նրանցից, կան աղքատ ընտանիքի երեխաներ, որոնք պահում են, բայց ապահովված ընտանիքներ կան, որ հրաժարվում են»:
Վարդուհի Արամյանը նշեց նաև, որ մեր տեղի մանգետները երբ շփվում են Եվրոպայում նման խնդիր ունեցող երեխաների հետ, զարմանում են նրանց զարգացվածության վրա: Բանն այն է, որ այդ երեխաները ընտանիքներում են մեծանում, նրանց հետ մեծ աշխատանք է տարվում: Եվ բնական է, որ ընտանիքն ավելին կարող է տալ երեխային, քան մանկատունը:
Իսկ ինչ վերաբերում է երեխային պահելու ծախսերին, ապա Արշակ Ջերջյանն ասաց, որ եթե երեխային դուրս են գրել հիվանդանոցից, ապա նա սոմատիկ խնդիրներ չունի, հետևաբար՝ խնամքի համար լրացուցիչ միջոցներ պետք չեն կյանքի առաջիկա շրջանում: Անհրաժեշտ է այնքան գումար, որքան առողջ երեխային խնամելու համար:
Իսկ Վարդուհի Արամյանը պատմեց, որ դեռևս 1998 թվականին, երբ իր որդին մեկ տարեկանում հաշամանդամության կարգ է ստացել, ամսական 2600 դրամ թոշակ է ստացել պետությունից, այսօր թոշակը՝ 21 հազար դրամ է: Սակայն ինքը աշխատել է ու կարողացել է տղային մեծացնել, ապահովել ամեն ինչով: