Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննչական կոմիտեի` նախաքննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, գործը դատարան կմտնի այս շաբաթվա վերջին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը ևս երկու ամսով երկարաձգել էր բժշկի կալանքի ժամկետը, որը, սակայն, Ղուկասյանի պաշտպանները բողոքարկել էին վերաքննիչ դատարանում: Նշենք, որ նախաքննության ընթացքում բժշկի պաշտպանները նախաքննական մարմնին միջնորդություններ չեն ներկայացրել:
Ղուկասյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չեն վստահել նախաքննական մարմնին: Փաստաբանմ ասաց, որ իրենց վստահորդի անմեղությունը կապացուցեն դատաքննության ընթացքում: «Քննությունն անկողմնակալ և օբյեկտիվ չի եղել, միակողմանի է ընթացել, նման պայմաններում ակնկալել, որ մեր միջնորդությունների կապակցությամբ նրանք ճիշտ և արդարացի որոշում կկայացնեին, անհնար էր»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով` այս գործով մեղադրանք առաջադրելիս շեշտը դրվել է բժշկական սխալի առկայության վրա, սակայն, ըստ նրա, այս գործով եղել է բժշկական մեթոդիկայի ընտրության հարց: Նմանատիպ դեպքեր են եղել, որ Ղուկասյանը բուժման նույն մեթոդն է ընտրել, որն արդյունք է տվել: «Նախաքննական մարմինն ասում է` եթե այս ինչ բաներն աներ բժիշկը, ապա առավել մեծ էր հավանականությունը, որ անչափահասը կփրկվեր: Դա նշանակում է, որ մենք ենթադրությունով ենք առաջնորդվում, բայց ի՞նչ երաշխիքներ կային, որ եթե տվյալ մեթոդով աներ` տղան կփրկվեր»,- նշեց պաշտպանը և հավելեց. «38 տարի աշխատել է, ոչ մի սխալ թույլ չի տվել, այս անգամ փորձված մեթոդիկայով բուժում է իրականացրել, բայց արդյունք չի տվել: Ինչպե՞ս կարող է բժիշկը վստահ լինել, որ իր հիվանդն անպայման կփրկվի: Հիմա ի՞նչ ասենք, որ անփույթ կամ անբարեխի՞ղճ է գտնվել»:
Հակոբյանի խոսքով` երկու տարի առաջ նույն մարզում նույն հիվանդանոցում երկու բժիշկների` բարձրակարգ մասնագետների բժշկական անփութության համար կալանավորեցին, սակայն հետո գրավի դիմաց ազատ արձակեցին, հետո երկուսի գործն էլ կարճվեց հանցկազմի բացակայության հիմքով: Այդ բժիշկները դուրս եկան աշխատանքից, նրանցից մեկն էլ մեկնեց Հայաստանից: «38 տարվա աշխատանքային փորձ ունեցող, հազարավոր մարդկանց կյանքեր փրկած բժշկին դատում են: Հիմա, որ պատիժը կրի, վերջանա, կգա՞, կաշխատի՞, իհարկե` ոչ»:
Հիշեցնենք, որ Վ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: