Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր տեղեկություններով` սննդային թունավորմամբ Երեւան բուժման է եկել Գավառի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանը: Պարոն Կարապետյանին մաղթում ենք առողջություն, բայց նաեւ ստիպված ենք փաստել, որ տեղի բժիշկներին անգամ իրենց գլխավորը չի վստահում:
Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ մարզերում հիվանդանոցները թերբեռնված են, իսկ Երեւանում` գերբեռնված: Թեեւ մարզերում, ըստ նախարարի, առնվազն 12 բարձրակարգ հիվանդանոցներ կան, հիվանդների հոսքը Երեւան շարունակվում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ ամենաչնչին առիթներով մարդիկ բուժման են գալիս Երեւան, չեն վստահում տեղի բժիշկներին, կամ էլ վերջիններս են հորդորում գնալ Երեւան, քանի որ իրենց մոտ համապատասխան սարքավորում չունեն: Գալիս են, ու պարզում է, որ առանձնապես մեծ բան չէր, պարզապես գիտելիքների պակաս կա բժիշկների մոտ, սարքավորումների պակասից զատ:
Ելույթներից մեկում ՀՀ նախագահն էլ նշեց, որ մարդիկ դժգոհում են սխալ բուժումից: Դա մի ցեց է, որ կա բոլոր հիվանդանոցներում. մարդը գնում է բուժվելու, ու պարզում է, որ հազար ու մի հիվանդության դեմ բուժվել է, բացի հիմնականից: Տավուշի մարզում բնակվող բարեկամս երեկ եկել է Երեւան` բուժման. ոտքը ցավել է, 3 անգամ բուժվել է մարզում, հետո, տեսնելով, որ ոտքը ցավում է եւ այտուցվում, առանց բուժող բժշկին տեղյակ պահելու եկել է «Արմենիա» բժշկական կենտրոն ու պարզել, որ ռեւմատիզմ է, այնինչ` բուժվել է անոթների խցանման դեմ:
Հիվանդանոցներում որակյալ բժիշկները հիմնականում տարեց մասնագետներն են: Նոր մասնագետները, ավարտելով համալսարանը, մարզ չեն գնում, իսկ հաճախ էլ գնում են միջակությունները, որոնք միմիայն խորացնում են հիվանդությունը` առողջ անդամը վերստին բուժելով: Իհարկե, սխալ բուժումից ապահովագրված չեն նաեւ Երեւան տեղափոխված հիվանդները: Սա համընդհանուր խնդիր է: Բայց որ սեփական բժիշկներին չվստահի գլխավոր բժիշկը, այ սա արդեն նորություն էր: