կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 14:56
Առանց Կատեգորիա

Քանի չենք մոռացել Պերմյակովին

Քանի չենք մոռացել Պերմյակովին

Փետրվարի 3-ը կարեւոր ամսաթիվ է հայ-ռուսական հարաբերություններում: Հենց այդ օրը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ավելի վաղ «տղամարդկային խոստում» տալով գյումրեցիներին, պաշտոնապես դիմեց ՌԴ-ի իր գործընկեր Յուրի Չայկային, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի իրավազորության տակ հանձնի Գյումրու սպանդի մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի, Հայաստանի անվտանգությունն ապահովող ռուսական բանակի զինվոր Վալերի Պերմյակովին:

 

Այսքանով պետք է ընդունել, որ Կոստանյանն իր «տղամարդու խոստումը» կատարեց, քանի որ, ինչպես հիշում ենք, նա գյումրեցիներին խոսք չէր տվել, որ Պերմյակովին Ռուսաստանն անպայման կհանձնի, նա ուղղակի խոսք էր տվել, որ նման պահանջով ինքը կդիմի «տովարիշչ» Չայկային:

 

Ընդ որում` փետրվարի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի` ՌԴ գլխավոր դատախազին ուղղված պաշտոնական գրության մեջ ձեւակերպվել էր, որ Ռուսաստանը պետք է, շեշտում ենք, պետք է Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնի` հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված եւ գործող` ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը:

 

Այսինքն, ըստ Համաձայնագրի հիշյալ հոդվածի, Ռուսաստանն, իրոք, պարտավոր է հայկական կողմին հանձնել Պերմյակովին, եւ, ուշադրություն, այս` ռուսական պարտավորության մասին հրաշալի գիտի նաեւ Գեւորգ Կոստանյանը, հակառակ պարագայում` որպես իր դիմումի հիմք այդ Համաձայնագրի կոնկրետ դրույթը չէր օգտագործի:

 

Փետրվարի 3-ից անցել է մեկ շաբաթ, բայց Յուրի Չայկան չի պատասխանել Գեւորգ Կոստանյանի պահանջին, ընդ որում` ո'չ դրական, ո'չ բացասական: Ի՞նչ է սա նշանակում: Եթե չկասկածենք, որ Կոստանյանի հիշյալ գրությունն, իրոք, ուղարկվել է ՌԴ դատախազություն, այլ ոչ թե, օրինակի համար, գրվել է, ինչպես ասում են, ներքին սպառման համար, ժողովրդին հանգստացնելու նպատակով, ուրեմն ամենապրիմիտիվ ենթադրությունն այն է, որ Չայկան կարող է անչափ զբաղված լինել` անծայրածիր Ռուսաստանում կարգուկանոն հաստատելու` իր պարտավորությունների կատարմամբ, հետեւաբար, նա չի կարդացել Կոստանյանի պաշտոնական գրությունը, որն իրեն սիրահոժար եւ լայն ժպիտով հանձնել է քարտուղարը, եթե ոչ` քարտուղարուհին:

 

Հնարավոր է նաեւ, որ քարտուղարը, տեսնելով ծրարի հետադարձ հասցեն` «Հայաստանի Հանրապետություն», քմծիծաղ է տվել եւ այդ ծրարը ոչ թե դրել Չայկայի սեղանին` առավոտյան սուրճի հետ միասին, այլ ուղղակի նետել «անկարեւոր եւ հետաձգելի գործեր» գրությամբ խոշոր արկղի մեջ:

 

Չի բացառվում նաեւ, որ Չայկան կարդացել է Կոստանյանի նամակը, սակայն կա'մ ամաչում է պատասխանել, կամ' չգիտի, թե ինչ պատասխանի, կա'մ էլ չի ուզում պատասխանել, քանի որ, ուշադրություն, պատասխանելու պարտավորություն չի զգում. «Հայաստանն է էլի», սկզբունքով…

 

Խոստովանենք` մենք ստույգ չգիտենք, թե ինչո՞ւ Չայկան չի պատասխանել Կոստանյանին, Չայկան անգամ կարիքը չի զգում պարզաբանելու, թե ինչո՞ւ է իր պատասխանն ուշացնում, այն պարագայում, երբ, համաձայն ՌԴ դատախազության պաշտոնական կայքէջի, Յուրի Չայկան այս օրերին եւ անցած օրերին ամենեւին էլ արձակուրդի մեջ չի եղել:

 

Արդյունքում` տեղի է ունենում երկու շատ ուշագրավ իրադարձություն: Նախ` սեպ է խրվում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, երկրորդը տվյալ պարագայում, թերեւս, ավելի կարեւոր է` մենք աստիճանաբար մոռանում ենք Պերմյակովին, ինչը եւ, ինչպես Գյումրիի սպանդի առաջին օրերին նշել էր ռուսաստանցի փորձագետներից մեկը, Մոսկվայի ցանկությունն է հենց:

 

Քանի չենք մոռացել վերջնականապես, փաստենք` փետրվարի 3-ին Հայաստանը հնարավորություն տվեց Ռուսաստանին չխորացնելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ խրված սեպը, ինչից արդեն մեկ շաբաթ` Ռուսաստանը չի օգտվում` սեփական քաղաքական օլիգոֆրենիայի /սակավամտության/ պատճառով:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ