Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում այսօր քննարկվում է ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացված` ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվող հարցը չի կորցնի իր արդիականությունն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել այդ հարցը: «Այսօր ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կողմ են այդ փոփոխությանը, բացի Հանրապետական կուսակցությունից: Ինչո՞ւ է այդպես, որովհետև խնդիրն այն է, որ վերացվելու է մեծամասնական ընտրակարգը: Իշխանությունները մեծամասնականից հրաժարվել չեն ուզում ոչ մի գնով, որովհետև դա ապահովում է իշխանությունների վերարտադրումը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի` մի քանի էական հարց եթե չի լուծվում, ապա բոլոր շտկումները չեն կարող երաշխավորել ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխություն, և հենց այստեղ է թաքնված շան գլուխը: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում երկու հիմնական անհերքելի փաստ գոյություն ունի` այն, որ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել, և որևէ ընտրական համակարգ չի կարող նորմալ համարվել, եթե չի ապահովում հիմնական խնդիրը, այսինքն` իշխանությունը չի ձևավորվում ընտրությունների միջոցով:
Եվ ով այս կամ այն իրադարձությունների արդյունքում գալիս է իշխանության, նա պահպանում է իշխանությունը մինչև վերջ` մինչև քաղաքական ֆորսմաժորային իրավիճակ, սա ամենամեծ խնդիրն է: Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ մեծամասնական ընտրակարգը գերակշիռ մասով ապահովել է իշխանության թեկնածուների ընտրությունը, և ստեղծվում է մի իրավիճակ, որ թեեւ ոչ իշխանական ուժերը համամասնական ընտրակարգով ձեռք բերված ձայների քանակով միասին մեծամասնություն են, բայց մեծամասնություն չեն Ազգային ժողովում:
«Մեծամասնություն չենք, որովհետև 41 բոնուսային մանդատները իշխանությունն իր գրպանում միշտ ունի: Սա չի կարող ժողովրդավարական ընտրության մասին խոսել, և պարզ է, որ իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, ահա` ինչու հանրապետականները միշտ դրան դեմ կլինեն: Քանի դեռ մենք դրանից չենք հրաժարվել, չենք կարող խոսել հավասար մրցակցային պայքարի մասին: Դա նույնն է, որ երկու հոգի դուրս գան վազքուղի, մեկը ստարտից վազի, մյուսն էլ 41 մետր առաջ գնա ու այնտեղից վազի, ու տեսնենք, թե հարյուր մետրը ով կհաղթի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ պատգամավորի` ներկայացուցչական ժողովրդավարություն այս ընտրակարգով չի կարող ապահովվել: