կարևոր
1705 դիտում, 18 ժամ առաջ - 2025-05-12 15:06
Աշխարհ

Թեհրանի ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր․ Աբբաս Արաղչի

Թեհրանի ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր․ Աբբաս Արաղչի

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։ Այսպես է կարծում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց։

Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։ Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։

Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։