կարևոր
1039 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-12 21:14
Հասարակություն

2025-ը հայտարարված է Աստվածաշնչի ամրապնդման տարի․ այցելություն` հոգևոր կրթության դարբնոց

2025-ը հայտարարված է Աստվածաշնչի ամրապնդման տարի․ այցելություն` հոգևոր կրթության դարբնոց

Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Կարմիր կիրակիին թեմի երիտասարդաց միությունների անդամներն ուխտագնացություն կատարեցին Սևանի Սրբոց Առաքելոց վանք, ուր օրհնությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Սուրբ Պատարագ մատուցեց, թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Խորանում ճեմարանականների հետ սպասավորում էին նաև երիտասարդաց միությունների անդամ դպիրները:

Սուրբ Պատարագն հանդիսապետում էր , Գևորգյան Հոգևոր Ճեմարանի և Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը։ Սուրբ Պատարագին ներկա էր Սրբոց Առաքելոց վանքի վանահայր՝ Արժանապատիվ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը:

Պատարագից հետո տեղի ունեցավ հանդիպում ճեմարանականների հետ։ Երիտասարդները ներկայացրին իրենց գործունեությունը թեմում, իսկ ճեմարանականները խոսեցին իրենց կոչման, տեսլականի և եկեղեցուն ծառայելու իրենց պատրաստակամության մասին։

Միությունների անդամները շրջեցին ճեմարանում, ծանոթացան ուսումնական ու աղոթական առօրյային՝ մեկ անգամ ևս շեշտելով՝ ճեմարանը ոչ միայն կրթության վայր է, այլև հոգևոր ապրումի կենդանի միջավայր։

Այցելությունը Ճեմարան երիտասարդների համար հատկանշական և կարևոր էր, քանի որ 2025 թվականը միություններում հայտարարված է Աստվածաշնչի և հոգևոր կրթության ամրապնդման տարի: