կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 15:30
Արցախ

Մենք չենք մոռացել Արթուրի գործը. Լևոն Հայրյան

Մենք չենք մոռացել Արթուրի գործը. Լևոն Հայրյան

Արթուր Մկրտչյանի գաղափարական ընկեր Լևոն Հայրյանի խոսքը Ա. Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը.

«Շատ դժվար է խոսել մեծ մարդու մասին: Արթուրը մեծ մարդ էր: Մենք սիրում ենք մեծ մարդկանց մասին փոքր պատմություններ պատմել:

Ես չեմ կարող Արթուրի մասին բան ասել, դա անհնար է, բայց ես կարող եմ նրա գործի մասին խոսել, որը նաև մեր բոլորի գործն է: Ո՞րն է մեր, Արթուրի, Արթուրի հարազատների գործը: Դա Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի կերտումն է, որի առաջին էտապը մենք սկսել ենք Ղարաբաղով և պիտի շարունակենք դեպի վերջնական հաղթանակ: Արթուրի գործի մասին խոսելիս ես կուզենայի անդրադառնալ մեր այսօրվա իրավիճակին:

Մենք շատ բան ունենք, որովհետև կարողանում ենք փառահեղ կերպով շարունակել Արթուրի և նրա հարազատների գործը: Ավետարանից մի դրվագ ասեմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ եմ հարազատ ասելով ինչ ի նկատի ունեմ: Երբ Քրիստոսին մոտենում են և ասում, որ Ձեր հարազատները, քույրերը, եղբայրները եկել են Ձեզ տեսնելու, Քրիստոսը ասում է` ինչո՞ւ են դրսում գտնվողներն ինձ իրենց հարազատը համարում: «Իմ հարազատները նրանք են,- իր աշակերտներն ցույց տալով, ասում է Քրիստոսը,- որոնք նաև իմ գործն են շարունակում»: Այս առումով ես Արթուրի հարազատներ եմ համարում Պատկանյանին, Ռաֆֆիին, Արամ Մանուկյանին, ժամանակակից հարազատների մեջ ես ուզում եմ շեշտել Իգոր Մուրադյանին:

Մենք չենք մոռացել Արթուրի գործը, պայքարը տանում ենք իր հունով: Բայց վատ է, երբ մենք չենք գնահատում մեր մեծերին, չենք գնահատում Իգոր Մուրադյանին: Շուտով նրա մահվան 1 տարին կլրանա, մենք նրան հիշող ոչինչ չունենք: Բառացիորեն 20 օր առաջ, վերջին մի քանի դարերի ամենամեծ հայ մարդու` Արամ Մանուկյանի, մահվան 100-ամյակն էր: Քաղաքական կամ պետական ոչ մի ուժ չհիշատակեց դրա մասին, մեկ-երկու հոգի մեդիափորձագիտական ինչ-որ անկյուններում անձնական կարծիքներ հայտնեցին: Մենք մի կողմից շարունակում ենք մեր նախնինների գործը դեպի Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստան, մյուս կողմից չենք արժևորում այդ մեծ մարդկանց գործը:

Արթուրը մեծ մարդ էր, բայց Արթուրի մեծությունը նրա ընդունակություններով չէր, մեծությունը նրա այն նշանով էր, որի վրա նա նշան էր բռնել:

Արթուրն այսօր 60 տարեկան է, դառնալու է նաև 80, 100, 120, 200 տարեկան, այսինքն նա կա և կլինի, իսկ մենք Ձեզ հետ միասին կարելի է ասել` իբր թե կանք: Ու որպեսզի լինենք, մենք պետք է շարունակենք այն գործը, որ արել են մեր մեծերը: Մենք պետք է հասկանանք, որ մեր վերջնական հաղթանակը Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանն է, մենք պետք է այդ ճանապարհին իրենց ավանդը բերած բոլոր մարդկանց ընդունենք որպես սուրբ: Մեր շարքերում, այստեղ նստածների մեջ էլ կան Արթուրներ, Արամներ, որոնք հնարավորություններով գուցե զիջում են, բայց նվիրվածությամբ հավասար են նրանց:

Բայց մեզնում կան մարդիկ, որոնք ասում են` հողերը տալու ենք: Ի՞նչ հողեր եք տալու, մենք մեր հայրենիքը չենք ազատագրել, մեր նախնյաց հայրենիքի պզտիկ մասը ազատագրել ենք, մնացածը մեզ են սպասում, մեզ են սպասում Գանձակը, Պարտավը, Վանը: Մենք այսօր պարտավոր ենք մեր մեծերի գործը շարունակելու համար մեծերից ստացած մեր պատգամը փոխանցել հաջորդներին, մեր ժառանգերին: Մենք պետք է լավ իմանանք, որ այն հայրենիքը, որ Աստված մեզ է տվել, դեռ պետք է ազատագրվի: Այս գաղափարի շուրջ սպեկուլյացիա անող ցանակացած մարդու կարելի է համարել աստվածուրաց և սրբապիղծ: Աստված զորավիգ լինի մեր այն երիտասարդներին, որոնք, մեր նախնիններից վերցնելով փառքի դրոշը, տանելու են դեպի պայծառ ապագա:

Կեցցեն Արթուրը և Արթուրի նման հայրենիքին իրենց կյանքը զոհած բոլոր հերոսները»: