կարևոր
1111 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-12 18:35
Քաղաքական

Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա»

Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա»

Առաջին ու հոգեբանական քայլերը իշխանությունները սկսեցին այս ուղղությամբ անել «հարկատուն հերոս է» փիար արշավով, որի հիմնական խնդիրն էր հասարակության մեջ սիմվոլների փոփոխությունը։ Այսինքն, հերոսը ոչ թե Ռոբերտ Աբաջյանն է, որ իր մատաղ կյանքը զոհաբերեց հանուն Հայրենիքի, ոչ թե Իվանյանն ու Անդրեասյաը կամ այլ հրամանատարներ էին, որ կառավարեցին ինսունականների պատերազմը, ոչ թե Դուշման Վարդանն էր կամ բազում այլ տղաներ, այլ պետությանը հարկ տվողը։ Սրանով խնդիր դրվեց հասարակության մեջ բարձրացնել «ուտելիքային» ինստիկտը՝ դա փոխարինելով ինքնապահպանման բնազդի ոչնչացմամբ։

Առաջին «մարգարիտներից» հետո հաջորդ հարվածն իր վրա ստացավ Հայ Առաքելական եկեղեցին։ Այստեղ Փաշինյանն օգտվեց առանձին հոգևորականների նկատմամբ հասարակությունում առկա կարծրատիպերից՝ գրոհելով մի ամբողջ ինստիտուտ, որը մեր ինքնության անբաժանելի մասն է կազմում։ Միայն խորհրարանում նրա այն հայտարարությունը, թե «Եկեղեցին միշտ էլ գործակալ է եղել» (մեջբերումը գուցե և ճշգրիտ չէ, իմաստն է կարևոր), հնարավորություն տվեց անցնել խոսույթում հնարավոր բոլոր կարմիր գծերը, որի օրինակն, իհարկե, առաջինը ինքը տվեց՝ սպառնալով «կզցնել հոգևորականներին»։ Անշուշտ, Եկեղեցու նրա սպասավորների նկատմամբ հալածանքները շարունակվեցին դրանից հետո ու շարունակվում են մինչև հիմա։

Բանակն անվտանգության երաշխավորը չէ

Հաջորդ կամ զուգահեռ քայլով, բնականաբար, հարվածի պետք է ենթարկվեր բանակն իբրև ինստիտուտ։ Ասածս ամենևին չի նշանակում, որ Զինված ուժերում առկա խնդիրները չպետք է վերհանվեին կամ դապատարտվեին, սակայն Փաշինյանը լավ հաշվարկել էր, որ Հետխորհրդային հայի ինքնության ձևավորման հարցում բանակն ունի կարևոր նշանակություն, որովհետև երբեմնի հաղթանակները հեշտ չի մոռացնել տալը։ Ուստի և սկսվեց զինվորականների նկատմամբ հալածանքները, նրանց սկսեցին անվանել «հինգերորդ շարասյուն», «գործակալներ» ու, վերջապես, պետական դավաճաններ։ Հանուն անկեղծության պետք է նշել, որ շատ քիչ զինվորականներ ընդդիմացան այս քաղաքականությանը, նրանք էլ շատ արագ գամվեցին մեղադրյալների աթոռներին, իսկ մնացյալները «աջները քաշեցին» ու շարունակեցին «ծառայության իմիտացիա» ձևացնել, թե իբր ոչ թե Նիկոլին են ծառայում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը։ Սրան հաջորդեց «բանակն անվտանգության երաշխավորը չէ» հայտնի կոնցեպտը, որով ՀՀ քաղաքացիները պետք է հույսները կտրեին ռազմի դաշտում հնարավոր դիմադրություն ունենալու մի փոքր հույսից անգամ ու իբրև անխուսափելի եղելություն ընդունեին գալիք այն խայտառակ զիջումները, որ պատրաստվում էր և պատրաստվում է իրականացնել Փաշինյանն ու յուր թիմը։

Ի սկզբանե սխալ էր ամեն ինչ

Ամեն ինչ արժեզրկելու ճանապարհին Փաշինյանը հասավ նաև 1988-ի Շարժանը, որի ողնահարը Արցախի հիմնախնդիրն էր։ Պետք էր հայ ժողովրդին ցույց տալ, որ այս Շարժումը, որ հանգեցրեց Անկախ պետության ձևավորմանը, հաղթանակներին, պետական ինստիտուտների հիմնադրմանը, ի բնե սխալ էր ու դատապարտված։ Այսինքն, ոչ թե «հընթացս ինչ-որ բան այնպես չգնաց», այլ հիմքն էր սխալ, արմատը, ուստի և ինքը ոչինչ չէր կարող անել, «ջեբն էին գցել» երեսուն տարվա «փտած ծառի նեխած պտուղները»։ Սա էլ կրկին հայ ժողովրդին պետք է ներշնչեր և ներշնչի, որ ազգային-պետական, ամբիցիա ունեցող, տարածաշրջանում մրցակից պետություն ունենալու որևիցե հավակնություն կարող է ավարտվել կատաստրոֆայով, ուստի և մեր խնդիրը տնտեսական գործունեություն իրականացնելն է այն տարածքի վրա, որը հայերին բաժին կհասնի թուրք-ադրբեջանական ողորմածության հետևանքով։ Իզուր չէին նրա բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ մենք կանգած ենք պետականության կորստի առջև, իսկ իր առաջարկած տարբերակը ոչ թե քննարկան ենթակա է, այլ պետք է դառնա ժողովրդի գաղափարախոսությունը, եթե չենք ուզում ենթարկվել նոր ցեղասպանության։

Դահիճին պետք է արդարացնել

Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա»

Ուկրաինայում ՌԴ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո քաղաքական ու քաղաքագիտական բառապաշար կրկին հետ վերադարձավ «դենացիֆիկացիա» տերմինը, որը սկիզբ է առավ Օսիի անդամ երկրների՝ (նացիստական Գերմանիա, ֆաշիստական Իտալիա, միլիտարիստական Ճապոնիայ) Երկրորդ աշխարհամարտում պարտությունից հետո։ Այսինքն, այդ երկրներում պետք էր իսպառ ոչնչացնել ռևանշիստական տրամադրությունները, որոնք արտահայտվում էին ազգայնական/ազգայնամոլական դրսևորումներով։

Աշխարհի ամենաաղետալի պատերազմի, ամենասարսափելի հանցագործությունների հեղինակ Գերմանիայի ու նրա դաշնակիցների դենացիֆիկացիան պահանջում էր համաշխարհային մարդկության բարօրությունը, որպեսզի երբեք չկրկնվի այն դժոխքը, որ տեղի ունեցավ հրեաների ու նվաճված ժողովուրդների հետ։

Հայաստանում, սակայն, 2018 թ-ից իրականացվում է դրան հակառակ մի գործընթաց, որը չի կարող կրել «դենացիֆիկացիա» անվանումը՝ հաշվի առնելով դրա իրական ու սկզբնական իմաստը, ուստի և կարելի է կիրառել «դենացիոնալիզացիա» կամ «ապաազգայնացում» տերմինը, որը մեր երկրում իրականացվում է «յան» ազգանունը կրող իշխանությունների կողմից՝ հիմնական խնդիրն էլ երկրում բոլոր հնարավոր արժեքների սպանությունն է՝ սեփական աթոռները պահպանելու համար։

Հասկանալի է, որ լինելով Արցախը թշնամուն հանձնած իշխանություն, նրանք չեն կարող տուրք տալ Հայաստանում որևիցե ազգային տրամադրությունների բարձրացման, որովհետև, եթե Հայաստանում սկսվի ինչ-որ զարթոնք, այն ուղիղ պետք է ուղղված լինի առաջին հերթին Նիկոլի և ապա հետո՝ արտաքին թշնամու դեմ։

Ուստի և պրագմատիկ ու սառը հաշվարկը Փաշինյանի թիմին բերել է այն եզրակացության, որ պետք է ընդունել Հայաստանից դեպի Արևմուտք ու Արևելք ընկած թշնամիների պատրոնաժը, պահել սեփական իշխանությունը՝ սպանելով հայ ժողովրդի
հավաքական հիշողությունն ու այն խորհրդանիշները, որոնց վրա հենվում է այդ հիշողությունը։

Եկեք սկսենք ամեն ինչ հերթով

Փաշինյանի առաջին գործերից մեկը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու հրապարակային ստորացումն էր։ Պատահական չէ, որ Մանվել Գրիգորյանին կալանավորեցին ոչ թե ապօրինի զենքի, ապօրինի գույքի ու չգիտեմ այլ ինչ-որ ենթադրյալ հանցանքի, այլ «բանակից տուշոնկա գողանալու» մեղադրանքով, որպեսզի նրան դարձնեն բորոտ, հրեշ, ումից երես կթեքեն անգամ հարազատներն ու ընկերները։ Այս օպերացիան, ինչ խոսք, հաջողվեց, ինչով նաև հարվածի տակ դրվեց «հաղթող գեներալի»-ի մասին պատկերացումները։ Դե համաձայնեք, քանի՞ կոպեկ արժի թեկուզ և հաղթող գեներալը, որը «տուշոնկա է գողանում»։

2020 թ-ի հուլիսյան մարտերի ժամանակ այս իշխանությունը դիրքային կռիվը վերածեց Սարդարապատի նոր հերոսամարտի, բաժանեց մեդալներ ու շքանշաններ, անգամ՝ Ազգային հերոսի կոչում, որին հաջորդեց «հայկական բանակը վճռորոշ գործոն է տարածաշրջանում» էյֆորիկ հայտարարությունը։ Եթե սրան էլ գումարում ես Արայիկ Հարությունյանի՝ «Ստեփանակերտի օդը պաշտպանված է ավելին, քան երբևէ» ու նույն Փաշինյանի կողմից հնչեցված «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները, ապա երկրում տիրեց ռազմաշունչ մի մթնոլորտ, որը հեշտությամբ հնարավոր եղավ փոխարինել շոկով ու վախով՝ 2020-ի աղետալի ու չկառավարվող պատերազմի հետևանքով։ Այսինքն, սկզբում երկրում բարձրացվեցին տրամադրությունները, հետո այդ տրամադրությունները պատկերավոր «դրեցին մի մեքենայի մեջ» ու հազարավոր մարդկանց արյան գնով նետեցին անդունդը։ Այնպես նետեցին, որ դեռ երկար տարիներ ոչ մեկ չհամարձակվեր անգամ խոսել արտաքին թշնամուն ռազմի ճակատում դիմադրելու մասին։

«Դենացիոնալիզացիա» в разгаре

Սեփական երկրում ազգային արժանապատվության կոտրմանը զուգահեռ գերկարևոր է նաև սիմպատիաներով լի մթնոլորտ ստեղծել հարյուրավոր տարիներ ի վեր քեզ կոտորող թշնամիների նկատմամբ, ինչով և հետևողականորեն զբաղված է Նիկոլ Փաշինյանը։ Միայն Ցեղասպանության պատճառների շուրջ հանրային կասկածներ առաջացնելուն ուղղված նրա հայտարարություններն «ամեն ինչ արժեն»։ Հասկանու՞մ եք, դիմում է նա կոտորածներից մազապուրզ եղած ժողովրդի սերունդներին, եկեք մի հատ դեռ հասկանանք, թե ինչու որոշեցին մեզ կոտորել։ Այլ բառերով եթե նկարագրենք Նիկոլի ասածը, կստացվի հետևյալը՝ «էդ մենք ոչինչ չէի՞նք անում, մեզ էլ եկան ու կոտորեցին, հա՞»։ Միով բանիվ, ո’վ հայ, դու ապրել ես Օսմանյան կայսրությունում, ապստամբել ես քո իսկ պետության դեմ հօգուտ Ռուսական կայսրության ու ստացել արժանի հակահարված։ Սա է այս քարոզչության ամբողջ իմաստը, որ հայն էլ մտածի, թե հա, բայց իսկապես, ինչու՞ պապերս կոտորվեցին, միգուցե իրե՞նք են մեղավոր։ Այն, որ Օսմանյան կայսրությունն ուղղակի դժոխք էր հպատակ ու նվաճված ժողովուրդների համար, այն, որ Օսմանյան կայսրության լծից փորձել են դուրս գալ բոլոր հպատակ ժողովուրդները, այն որ բոլորն էլ ապստամբել են, որ չկոտորվեն, արդեն ոչ ոք չի էլ հիշի։

Ոչ թե Մեծ Հայրենական, այլ Երկրորդ Աշխարհամարտ

Նիկոլի ձեռնարկած «դենացիոնալիզացիայի» վերջին արարն այս պահին Մեծ Հայրենական պատերազմում մեր մասնակցության նպատակահարմարության ու «արդյունավետության» հարցն է։ Ուշադրություն դարձրեք, նա իր ուղերձում չի էլ կիրառում «Մեծ Հայրենական պատերազմ» տերմինը՝ այն փոխարինելով «Երկրորդ Համաշխարհային պատերազմով», որի հիմնական նպատակը Հաղթանակի օտարումն է։ Եթե սրան գումարում ենք Հանրայինի քարոզչությունը, ստացվում է, որ պետք է սերմանել հայ ժողովրդին հետևյալ թեզը, թե մենք եղել ենք նվաճված ժողովուրդ, որին քշել են պատերազմ, անիմաստ կորուստներ ենք տվել ու ոչինչ էլ չենք շահել։ Բացի ուղիղ հակառուսականությունից, այս արշավը նաև հնարավորություն է տալիս հպարտության զգացողություն չունենալ Մեծ Հայրենականում մեր հայրենակիցների՝ մարշալների, գեներալների, ԽՍՀՄ հերոսների սխրանքներով ու դրանք ընկալել իբրև օտարի հաջողություններ։ Եթե այս հաղթանակը մերը չէ, ու՞մ են պետք Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Նելսոն Ստեփանյանը կամ Հունան Ավետիսյանը։ Մի օր չեմ զարմանա, եթե Փաշինյանը հայտարարի, որ վերջինիս իսկապես հրել են ԿԳԲ-ի պատվերով, որպեսզի իր կրծքով փակի գերմանացիների գնդացիրն ու այս կերպ չիրականացի «Իրական Հայաստան» ստեղծելու հիտլերյան ծրագրերը։ Նույն մոլուցքով է բացատրվում նաև Կարմիր Հրապարակում մեր զինվորների բացակայությունը։ Որովհետև եթե մեր զինվորները քայլեին, ուրեմն և մենք մեզ ընկալում ենք իբրև հաղթողների ժառանգներ, իսկ Հաղթանակ բառը զուգակցել այսօրվա Հայաստանի հետ չի կարելի՝ էքզիստենցիալ վտանգ է ռեժիմի համար։

Ժամանակավոր է

Եթե ամփոփեմ, Փաշինյանի իշխանության համար կենսական է հայ ժողովրդին զրկել հաղթանակների ու հերոսականության բոլոր հիշողություններից, կենսական է ներշնչելը, որ մրցունակ, սեփական դիմագիծն ու ծրագրերն ունեցող պետություն ունենալը կարող է վերաճել պետականության կորստի։ Միայն այս կերպ նա կարող է շարունակել վայելել հայ ժողովրդի թշնամի պետությունների հովանավորությունը ու կառավարել երկրում իբրև «գաուլյայտեր»։ Իսկ «գաուլյայտերներին» պետք է «դենացիոնալիզացիա»։ Ուրախալին այս ամենի մեջ միայն այն է, որ հայի ինքնության ոչնչացման այս պատերազմը կանգ կառնի հաջորդ իսկ օրվանից, երբ Փաշինյանը կիշխանազրկվի, որովհետև նրա առաջարկած «գաղափարներն» այնքան օտարածին են, որ չեն կարող ոչ մի ծիլ թողել հասարակության մեջ։

Նարեկ Գալստյան

Քաղաքագետ

Պատմական գիտությունների թեկնածու