Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը: Համերգը, սակայն, տեղի չի ունեցել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը հայտնեց, որ ամեն ինչ տեղի է ունեցել համերգից 2 ժամ առաջ: Ըստ նրա` առաջին իսկ օրվանից, սակայն, անհասկանալի պատճառներով լարվածություն է նկատվել Կոնսալեսի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև, ով էլ պետք է ղեկավարեր նախատեսված համերգը: Սարգսյանի հավաստմամբ` Կոնսալեսը զարմացած է եղել, թե ի՞նչն է պատճառը, որ Դուրգարյանն ատելությամբ է լցված իր հանդեպ, ու թեեւ կարողանում են լեզու գտնել իրար հետ, սակայն մաղձը նկատելի է:
«Համերգից առաջ փորձ նախատեսված չէր, սակայն Դուրգարյանը փորձ էր նշանակել: Համերգի օրը, երբ 5:25-ին ես մտա օպերայի թատրոն, Դուրգարյանը կանգնած էր դռան մոտ և ինձ հարցրեց` ուր է էդ դաշնակահարը: Ես նրան ասացի, որ Կոնսալեսը 5 րոպեից արդեն թատրոնում կլինի, իսկ նա պատասխանեց, որ Կոնսալեսին 10 րոպե ժամանակ է տալիս, հակառակ դեպքում` երգչախմբին ազատ կարձակի: Կոնսալեսը եկավ ու հարցրեց, թե ի՞նչն էր պատճառը, որ գոռգոռում էր Դուրգարյանը, իսկ Դուրգարյանը նշեց, թե Կոնսալեսը մեղավոր չէ, մեղավորը ես եմ: Այնուհետև նրանք մտան դահլիճ` փորձի, իսկ ես դուրս եկա»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ դրանից 10 րոպե հետո դահլիճից, գույնը գցած, դուրս է եկել Կոնսալեսը և ասել, որ Դուրգարյանը հրահանգել է համերգը հետաձգել: Կոնսալեսը, Սարգսյանի հավաստմամբ, ահավոր վատ վիճակում է եղել` սփրթնած, շրթունքները կապտած, դողդողացող:
«Ես փորձեցի հասկանալ, թե ինչ է կատարվել, իսկ Դուրգարյանն ինձ պատասխանեց, թե այդ մարդը չի կարող նվագել, նա չի նվագելու, համերգը հետաձգվում է: Իսկ Կոնսալեսն ինձ ասաց, որ Դուրգարյանն ամբողջ տեմպերը փոխել է հանկարծ` համերգից ընդամենը 1,5 ժամ առաջ»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ Դուրգարյանը Կոնսալեսին ասել է, թե` ես արտիստ եմ, դու արտիստ ես, ոչինչ, պատահում է, որ համերգները հետաձգում են: Սարգսյանը նշեց, որ Կոնսալեսն այնքան վատ է իրեն զգացել, որ նրան ուղղակի փախցրել են թատրոնից:
Կոնսալեսի մենեջեր Դավիթ Խաչատրյանն էլ, իր հերթին, նշեց, որ Կոնսալեսի համերգը բարեգործական պետք է լիներ, դաշնակահարն ասել է, որ տոմսերի վաճառքից մնացած գումարը փոխանցեն թատրոնին: «Մենք ուզում էինք էս մութ, սոված, բարոյալքված քաղաքում մի լույս վառել, բայց խանգարեցին»,- ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած լուրերին, թե այդ օրը իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի պատճառով էլ համերգը հետաձգվել է, ապա Խաչատրյանը հերքեց այդ լուրերը` պատմելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
«Ես եկա թատրոն 6:45-ին, երբ այնտեղ այլանդակ մթնոլորտ էր տիրում: Մտա սենյակ և տեսա Կոնսալեսին, ում բերանից փրփուր էր դուրս գալիս, իսկ Մարինան լացում էր: Ինձ ասացին, որ համերգը հետաձգվել է, իսկ ես ջղայնացած դուրս եկա միջանցք և սկսեցի գոռալ, թե ո՞վ է այս ամենի մեղավորը: Ինձ մոտացավ օպերայի թատրոնի աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը և հարցրեց, թե ինչո՞ւ եմ գոռում, ես էլ ասացի` լավ եմ անում, քանի որ իմ հարցին ոչ ոք չի պատասխանում: Հետո երկուսս էլ սկսեցինք թեժանալ, բայց անվտանգության աշխատակիցը եկավ ու ամեն ինչ հարթվեց: Նորից եմ ասում` սա եղել է համերգը չեղյալ հայտարարելու հետևանքով, ոչ թե, ինչպես ներկայացնում են, մեր ծեծկռտուքի հետևանքով է համերգը հետաձգվել»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ կարծում է` համերգի ձախողումը մտածված և ծրագրված է եղել:
Նա ասաց նաև, որ թատրոնի տնօրենը` Անդրանիկ Արզումանյանը, արել էր ամեն ինչ, որպեսզի համերգը տեղի ունենար: Հարցին, թե այդ դեպքում` ի՞նչ քայլերի է դիմել տնօրենը, և եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է` արդյո՞ք տնօրենը չի պատրաստվում Դուրգարյանի հետ զրուցել, պարզել իրավիճակը, Խաչատրյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Ի դեպ, նախատեսված ու չեղյալ հայտարարված համերգի հաջորդ օրերին Կոնսալեսը վարպետության դասեր է տվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և որոշել, որ տեղի աշակերտներից մեկի հետ Իտալիայում հանդես կգա համատեղ համերգով:
Կոնսալեսի հայաստանյան համերգի կազմակերպիչները վստահեցնում են, որ երկու ամիս հետո երաժիշտը Հայաստանում համերգով է հանդես գալու` ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: