կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-10 16:03
Մշակույթ

Օպերայի թատրոնում տեղի ունեցած սկանդալի կծիկը բացվում է մինչև վերջ

Օպերայի թատրոնում տեղի ունեցած սկանդալի կծիկը բացվում է մինչև վերջ

Տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը: Համերգը, սակայն, տեղի չի ունեցել:

 

Համերգի կազմակերպիչները նշում են, որ ամեն ինչի մեղավորը թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն է, ով, անհասկանալի պատճառներից ելնելով, ուղղակի որոշել է համերգը չեղյալ հայտարարել: Իսկ Կարեն Դուրգարյանն էլ նշում է, որ Կոնսալեսը պարզապես պատրաստ չի եղել համերգին` հնչեցվելիք ստեղծագործության տեքստը չի իմացել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում դաշնակահար Արմեն Բաբախանյանը նշեց, որ Կոնսալեսի PR-ը բավական երկար ժամանակ էր տարվել:

 

«Լինելով դաշնակահար և լավ իմանալով, թե ինչ է կատարվում դրսում, ես ընդհանրապես երբեք չեմ լսել Կոնսալեսի` դաշնակահար լինելու մասին: Ես մտածեցի, որ գուցե ինչ-որ բան չգիտեմ, և մեծ հետաքրքրությամբ եկա նրա փորձին: Այդ մասին նույնիսկ Կարենը չգիտեր, նա բեմի վրա էր: Փորձի ժամանակ ես դահլիճում մնացի մոտ 8 րոպե և դուրս եկա: Եթե ասեմ` դեմքիս ժպիտ առաջացավ, կնշանակի` ոչինչ չասել: Այսպես չի կարելի, ուղղակի անպրոֆեսիոնալ է` փորձել ելույթ ունենալ օպերայում, ազգային նվագախմբի հետ և լինել այդքան անպատրաստ»,- ասաց դաշնակահարը:

 

Նա նշեց, որ նման մակարդակ կարող էր ունենալ միայն միջին տարիքի ուսանողը կամ աշակերտը: Այն, որ նման երաժշտական տվյալներ ունեցող դաշնակահարը եկել է Հայաստան և պատրաստվում է համերգով հանդես գալ, Բաբախանյանի մոտ մի կողմից ծիծաղ է առաջացրել, մյուս կողմից` բարկացրել:

 

«Համաշխարհային պրակտիկայում դիրիժորն այն անձն է, որը որոշում է` եթե մենակատարը պատրաստ չէ, համերգը հանվում է, և դա նորմալ է, որովհետև համերգը տեղի էր ունենում ոչ թե ինչ-որ կլուբում, այլ օպերայում: Նա պետք է համերգին պատրաստ գար: Դուք գիտե՞ք` ինչպիսի մարդիկ են եկել մեզ մոտ համերգի: Այստեղ կա լուրջ քաղաքականություն, որ մեր նվագախմբերը փորձում են վարել, որովհետև ամեն մի համերգով մենք փորձում ենք կրթել մեր ուսանողներին, մեր ապագա սերնդին»,- ասաց Բաբախանյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ, ուսումնասիրելով Կոնսալեսի անձնական կայքէջը, հայտնաբերել է, որ նրա շրջագայությունների ցանկում ընդգրկված է նաև, թե իբր նախորդ տարի նա համերգով հանդես է եկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, մինչդեռ Կոնսալեսը չի էլ եկել Հայաստան, քանի որ մահացել էր նրա մայրը:

 

«Նրա կենսագրական տվյալների մեջ հսկայական տեքստ էր գրված, բայց ոչ մի լուրջ դահլիճ կամ նվագախումբ չկար: Ավելին` 5 տարվա կտրվածքով The New York Times-ի և Washington Post-ի երաժշտական ակնարկներն աչքի անցկացնելով` տեսա, որ նրա մասին ոչինչ չկա գրված, այսինքն` հայաստանյան PR-ը հիմնված էր միայն ստի վրա: Ի դեպ, նրա էջում ես լսեցի նրա` Մոցարտի կատարումներից մեկը և հասկացա, որ դա պետք է ցույց տամ ուսանողներիս և ասեմ, թե ինչպես չի կարելի նվագել»,- ասաց Բաբախանյանը:

 

Նա նշեց նաև, թե շատ ուրախ է, որ նման միջադեպ եղավ: Բաբախանյանը հույս ունի, որ գուցե այսուհետ մեր մենեջերական թիմն ավելի լուրջ ուսումնասիրի այն առաջարկները, որոնք ստանում է դրսի երաժիշտներից, որովհետև Հայաստանը փորձադաշտ չէ:

 

Ըստ նրա` սա հիանալի նախադեպ էր` ցույց տալու, որ մենք չենք լսում այն, ինչ ուղղակի մատուցվում է մեզ: «Կարծում եմ` պետք է թույլ չտալ, որ նման դեպքերը կրկնվեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարեն Դուրգարյանին, որ նա չեղյալ հայտարարեց համերգը, քանի որ շատ են եղել նման դեպքեր, որ դիրիժորներն ուղղակի «յոլա են տարել» դրսից եկած «աշխարհահռչակ» երաժիշտներին»,- ասաց դաշնակահարը:

 

Ի դեպ, փետրվարի 6-ին Կոնսալեսը վարպետության դաս է տվել Չայկովսկու անվան դպրոցում: Դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրային բաժնի դասատու Զառա Վարդանյանը նշեց, որ նա հիասթափված էր Կոնսալեսի վարպետաց դասերից, քանի որ ուսուցիչները նրա նվագելու երկրորդ րոպեից հասկացել են, որ այդ մարդն ունակ չէ Ռախմանինով նվագել: «Շատ տհաճ էր, գիտե՞ք, այնպիսի զգացողություն էր` կարծես ուղղակի ծիծաղում են մեզ վրա նման հրավերով»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանի այն հայտարարությանը, թե Կոնսալեսը որոշել է դպրոցի սաներից մեկի հետ Իտալիայում համերգով հանդես գալ, ապա, փոխտնօրենի հավաստմամբ, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Ընդամենը խոսակցություն եղավ, թե` այ, որ մյուս անգամ գամ` կրկին կայցելեմ, իսկ որ դուք գաք, դուք նույնպես ինձ մոտ հյուր եկեք»,- ասաց նա: