կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 17:06
Մշակույթ

Օպերայի թատրոնում հարցերը «տղավարի՞» են լուծում

Օպերայի թատրոնում հարցերը «տղավարի՞» են լուծում

Թվում էր` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ծավալվող խոսակցությունները նոր տնօրենի նշանակումից հետո կդադարեն: Սակայն, պարզվում է, խոսակցություններն ու լարված մթնոլորտը նոր թափ են առել:

 

Yerkir.am-ի տեղեկություններով` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Քաթարից հրավեր է ստացել` հյուրախաղերով հանդես գալու: Հրավիրող կողմն ընտրել է «Ռոմեո և Ջուլիետ»-ը /բեմադրիչ` Ռուդոլֆ Խառատյան/, բայց, արի ու տես, որ որոշ մարդկանց սրտով չէ ընտրությունը, և թատրոնի տնօրենին «տղավարի» փորձում են համոզել, որ այլ բեմադրություն ներկայացնեն Քաթարում: Ի դեպ, մեր տեղեկություններով, տնօրենը դեռ չի կողմնորոշվել` հրավիրյալ կողմին պատասխան չեն տվել:

 

Պարզից էլ պարզ է, որ Ռուդոլֆ Խառատյանի դեմ դեռ ամիսներ առաջ սկսված արշավը չի ավարտվել: Ժամանակին թատրոնից հերքում էին փաստը, որ ստորագրահավաք է կազմակերպվել Խառատյանի դեմ` աշխատանքից ազատելու համար, սակայն, չնայած հերքմանը, տնօրենի նշանակվելուն պես գլխավոր բալեսմայստերը դարձավ հրավիրյալ բալետմայստեր: Հիմա էլ դեմ են, որ «Ռոմեո և Ջուլիետ»-ը գնա Քաթար, և խնդիրն այն է, որ եթե ստորագրահավաքի դեպքում «մենք մերոնցով» էինք` միայն մենք իմացանք, թե ինչ «ժողովրդավար» մթնոլորտ է տիրում Հայաստանի մշակութային տներից մեկում, ապա այս դեպքում, կարծես, փորձում ենք մեր դեմքը դրսում էլ ցույց տալ:

 

Պատկերացնո՞ւմ եք` Քաթարից հրավիրողներին պատասխանում ենք, թե` «դե, գիտեք, մենք չենք ուզում «Ռոմեո և Ջուլիետը» ցուցադրվի ձեզ մոտ, որովհետև բեմադրության հեղինակը Ռուդոլֆ Խառատյանն է: Կարող ենք ուրիշ, ավելի լավ գործ առաջարկել, պատրաստ ենք անգամ տեղում նոր բեմադրություն կյանքի կոչել, միայն թե ոչ` «Ռոմեո և Ջուլիետը»: Հասկանո՞ւմ եք, չէ»:

 

Վստահ եմ, որ մեզ դրսում ոչ միայն չեն հասկանա, այլ նաև սա վերջին հրավերը կդառնա: Օպերայի թատրոնը, գրողը տանի, նաև իմ, ձեր, մյուսների, Հայաստանի դեմքն է ցույց տալիս դրսում, և չեմ ուզում, որ ինձ տեսնեն ձեր ներկայացմամբ ու նկարագրով: Պատկերացնում եք` դրսում ինչ կարծիք կկազմեն մեր մասին` մտածելով` եթե նման մթնոլորտ է տիրում օպերայի թատրոնում, եթե արվեստի մարդիկ են նման քայլեր անում, բա մյուսներն ինչպիսի՞ն կլինեն:

 

Զարմանալի չէ, որ թատրոնից yerkir.am-ին տեղեկացրին, թե տնօրենը տեղյակ չէ այդ պատմությունից: Թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանն էլ նշեց, որ իր գործառույթների շրջանակում չէ հարցը, ուստի` տեղյակ չէ:

 

Շուրջ երկու ամիս է անցել, ինչ Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է թատրոնի տնօրեն: Պարո'ն Արզումանյան, արդյոք ժամանակը չէ՞` թատրոնը մաքրելու, ի վերջո, խոսքն այս կամ այն առևտրի կենտրոնի մասին չէ: Ժամանակը չէ՞` ոչ թե հերքելու, այլ քայլով ցույց տալու, որ նման բան չկա` լռեցնելով բոլորին: Հավատացեք, իսկապես գեղեցիկ չեն այս բոլոր խոսակցությունները, որոնք լրացնում են մեր տուն այդպես էլ չհաճախող ու սուրճ չխմող հարևանների «պակասը»:

 

Մենք էլ, ի վերջո, սպասում ենք լավ լուրերի, ուզում նոր բեմադրությունների մասին գրել, այլ ոչ թե հետևել, թե ինչ ընթացք են ստանում 1-2-ի կամակատարությունները: