Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված էր աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը: Համերգը, սակայն, տեղի չի ունեցել:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը հայտնել էր, թե համերգից 2 ժամ առաջ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ուղղակի որոշել է համերգը չեղյալ հայտարարել: Ըստ Սարգսյանի` Դուրգարյանի կողմից զուտ ամբիցիաների հարց է եղել, և նա համերգից առաջ ուղղակի փոխել է տեմպը, որպեսզի Կոնսալեսը չկարողանա նախատեսված ստեղծագործությունը կատարել: Կոնսալեսը, իմանալով համերգի` չեղյալ հայտարարվելու մասին, Սարգսյանի հավաստմամբ, ահավոր վատ վիճակում է եղել` սփրթնած, շրթունքները կապտած, դողդողացող...
Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Դուրգարյանը նշեց, որ իրականում, որքան էլ չէր ուզում այդ մասին բարձրաձայնել, Կոնսալեսը պատրաստ չի եղել կատարել Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը` գրված դաշնամուրի և նվագախմբի համար:
«Նա պատրաստ չէր կոնկրետ այդ ստեղծագործությունը կատարել: Մասնագիտական մյուս որակների մասին հեշտ է ինչ-որ բաներ ասել, բայց չեմ ուզում այդ մասին խոսել: Նա փորձի ընթացքում կանգնում էր, ստոպ տալիս, տեքստը չգիտեր: Մարդ է, գուցե հուզվում է, չգիտեմ, չեմ կարող դրա գնահատականը տալ: Դրա համար, երբ առաջին անգամ նրան լսեցի, երկրորդ փորձը նշանակեցի: Հասկանո՞ւմ եք` 80 հոգի երաժիշտ երկրորդ անգամ հրավիրվում են փորձի: Երկրորդ փորձի ընթացքում նույնպես եղան կանգառներ, պարզ էր, թե ինչ էր լինելու համերգի ժամանակ: Մեկնաբանությունը թողեցինք արտիստին, նա ասաց, որ չի կարող նվագել»,- պատմեց Դուրգարյանը:
Ինչ վերաբերում է համերգի կազմակերպիչների այն հայտարարությանը, թե վերջին պահին Դուրգարյանը փոխել է տեմպը` արագացնելով այն, դիրիժորը զարմացած նշեց` ինչպե՞ս կարելի է փոխվել Ռախմանինովի կամ ցանկացած կոմպոզիտորի տեմպերը: «Եթե նա այդպես է գրել, դու այդպես ես նվագում: Նման հայտարարություն կարող են անել ոչ պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է համերգի կազմակերպչի այն պնդմանը, թե Դուրգարյանը Կոնսալեսին ասել է, թե` ես արտիստ եմ, դու արտիստ ես, ոչինչ, պատահում է, որ համերգները հետաձգում են, Դուրգարյանը հայտնեց, որ այդ խոսակցությունը նույնպես աղավաղված է ներկայացվել: «Համերգը չեղյալ հայտարարելու որոշումն իրականացնելուց հետո տեղում փոքրիկ ժողով է կազմակերպվել, որին ներկա է եղել նաև օպերայի տնօրենը: Կոնսալեսն ասաց, որ, այո, ինքը չի նվագի, բայց խնդրեց, որ այդ մասին Հայաստանից դուրս չխոսեն: Ես իրեն ասացի` ես արտիստ եմ, դուք արտիստ եք, իսկ արտիստների պայմանավորվածությունը միշտ ամուր է լինում: Ահա և ամբողջը»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք այս ամենը ինչ-որ նախահիմք ունի, որովհետև դժվար է պատկերացնել, որ կազմակերպիչները գերադասել են սևացնել մեր արտիստի անունը, քան ընդունել դրսից եկած երաժշտի սխալը, Դուրգարյանը պատասխանեց, որ չգիտի, ինքն իր աշխատանքն է անում:
«Ես աշխատում եմ անել այն, ինչ իմ բաժին աշխատանքի մեջ է մտնում, չգիտեմ` իմ անձի դեմ ինչ կա: Նույնիսկ Կտակարանը կարդալով` կտեսնեք մարդկանց, ովքեր մոլորված են: Չեմ ուզում քննարկել այդ հարցը: Կյանքը կրկնվում է, և հույս ունեմ, որ իրենք կընտրեն այլ ուղի, քանզի չէ՞ որ մենեջմենթը, ի վերջո, մի օր պետք է կայանա Հայաստանում: Կարծում եմ` համերգի կազմակերպիչները կփորձեն այս ամենից դասեր քաղել և պրոֆեսիոնալ քայլեր անել: Ստացվում է, որ ես փորձում եմ պատասխան տալ, բայց սա պատասխան չէ` ես ո՛չ քննարկում եմ իրենց ասածը, ո՛չ էլ պաշտպանվում, ուղղակի հարգելով ձեր հարցը` թե ինչո՞ւ հանվեց համերգը, ես միայն ձեր հարցին եմ պատասխանում»,- ասաց դիրիժորը:
Ի դեպ, Դուրգարյանը նշեց, որ մինչ այս երբեք չի լսել Կոնսալեսի` աշխարհահռչակ երաժիշտ լինելու մասին: