կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 16:19
Մշակույթ

Ընտրել ենք ոսկե միջինը. Ռուդոլֆ Խառատյանը` օպերայի թատրոնում փոփոխությունների մասին

Ընտրել ենք ոսկե միջինը. Ռուդոլֆ Խառատյանը` օպերայի թատրոնում փոփոխությունների մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և թատրոնի ազգային ակադեմիական թատրոնում, որպես գլխավոր բալետմայստեր, այսուհետ հանդես է գալու Վիլեն Գալստյանը, իսկ գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն իր «սեփական ցանկությամբ» մնալու է թատրոնում` իբրև հրավիրյալ բալետմայստեր: Yerkir.am-ի զրուցակիցն է Ռուդոլֆ Խառատյանը:

 

-Պարո'ն Խառատյան, ինչո՞ւ նման որոշում կայացվեց:

-Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ելք էր պետք: Դեռ մեկ ամիս առաջ գիտեինք, որ հուլիսին պետք է ատեստացիա անցնեինք, և որակավորման միջոցով պետք է բալետի ամբողջ կազմը թարմացվեր, էսթետիկան փոխվեր: Ես փորձել էի դա անել, և կոլեկտիվը ջղայնացել էր, և նրանց բողոքը հենց դրա դեմ էր, բայց դա պետք է արվի ու դա անհրաժեշտ է մեր բալետային արվեստի զարգացման համար: Ու քանի որ թատրոնում ջղային մթնոլորտ էր տիրում, մենք մի քանի անգամ ղեկավարության հետ քննարկում կազմակերպեցինք` հասկանալու` ի՞նչ կարելի է անել: Մենք որոշեցինք, որ Վիլենն ամենալավ տարբերակն է` նա փորձ ունի, 5-6 անգամ ղեկավար է եղել: Այս անցման փուլը պետք է հանդարտվի, քանի որ հիմա տուրիստական ակտիվ շրջան է` ներկայացումները պետք է նոր թափ առնեն: Սա, իհարկե, ժամանակավոր երևույթ է` մինչև ամեն ինչ կկարգավորվի, և մարդիկ աշխատանքային հունի մեջ կընկնեն:

 

-Այսինքն` ընտրել եք ոսկե միջի՞նը:

-Այո, ընտրել ենք միջինը, որովհետև հիմա կարևորը թատրոնն է, կարևորը բալետի արտիստների մտայնությունը փոխելն է: Մենք պետք է Գրանդ, Ռոյալ օպերաների հետ համեմատվենք, իսկ մեր արտիստները դեռ իրենց համեմատում են պարի համույթների` «Դրուժբա»-ի հետ: Ժամանակ է պետք` խնդրի լուծման ձևը գտնելու:

 

-Պարո'ն Խառատյան, փաստորեն, չնայած ստորագրահավաքին, Ձեր դեմ լարվածությանը, Ձեզ համար հիմա առաջնայինը թատրոնի առաջխաղացումն է` ինչից ելնելով էլ նման որոշո՞ւմ կայացվեց:

-Այո, անպայման, քանի որ մեր վերջնական նպատակը թատրոնն ինչ-որ բարձունքում տեսնելն է: Խնդիրն իմ անձը չէ, թատրոնը մի օղակն է այս երկրի, եթե մենք սկսենք ինչ-որ բան շտկել ներսից` մյուս ոլորտներում էլ կսկսվեն փոփոխություններ: Վերջերս իմ ընկերներից մեկի` Արմեն Սմբատյանի հետ հանդիպեցինք ու նորից քննարկեցինք` ի՞նչ անել, որ թատրոնում իրավիճակը շտկվի: Նա ինձ անգամ Սերգեյ Սմբատյանի հետ ինչ-որ նախագիծ անելու առաջարկություն արեց: Սեպտեմբերին մենք նոր ձևով կսկսենք աշխատել, իսկ մինչ այդ պետք է այս դժվար պահերն անցնենք: Ես հարգում ու սիրում եմ մեր աշխատակիցներին`  որպես մարդ, բայց պետք է առանձնացնել մարդ-մասնագետ սահմանը: Կարևորը ղեկավարությունը հասկանում է` ինչ պետք է անենք:

 

-Սկսե՞լ եք համագործակցել թատրոնի նորանշանակ տնօրենի հետ:

-Այո, տնօրենը զերծ չէ այս բոլոր որոշումներից, միասին ենք մտածել և հանգել այս եզրակացության:

 

Կարինե Հարությունյան