Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, երբ ընդդիմադիր պատգամավորներն իրենց բողոքն էին հայտնում առ այն, որ ՎՊ հաշվետվությունը ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն է ներկայացնում, այլ ՎՊ խորհրդի անդամներից մեկը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որպես արդարացում, նշեց, որ այդ վատ պրակտիկայի հիմքերը գալիս են դեռեւս 90-ական թվականներից:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ եթե 90-ական թվականներից է սկսվել, որ կառույցների ղեկավարները չեն ներկայանում ԱԺ, ուրեմն պետք է փոխել այդ վատ մշակույթը: «Եկեք դադարեցնենք այս քննարկումը, փոխենք այդ մշակույթը, կքննարկենք մեկ շաբաթ հետո կամ երկու շաբաթ հետո, երբ կներկայանա Իշխան Զաքարյանը: Դրանով Ձեր անունը պատմության մեջ կմնա` որպես մշակույթ փոխող: Կոչ եմ անում` փորձեք դա անել, ոչ ոք ձեզ դրա համար բան չի ասի»,- ասաց պատգամավորը: Նա, կարծես, համոզում էր Գալուստ Սահակյանին` հետաձգել հաշվետվությունը ներկայացնելը, մինչեւ Իշխան Զաքարյանը գա ԱԺ:
Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Նշեմ, որ այդ նույն 90-ականներին որևիցե մի պատգամավոր ի վիճակի էլ չէր այդ մասին խոսել, դրա համար ողջունում եմ ձեր խոսքը: Ես ուզում եմ, որ ոչ թե ես պատմության մեջ մտնեմ, այլ ԱԺ-ն մտնի պատմության մեջ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ՎՊ հաշվետվության միջոցով է, որ ԱԺ-ն վերահսկողական գործառույթ է իրականացնում, սակայն Իշխան Զաքարյանը չի ներկայանում և դրանով նվաստացուցիչ պահվածք է դրսևորվում ԱԺ նկատմամբ:
«Տարին մեկ անգամ պետք է լսենք ՎՊ հաշվետվություն, և այդ օրը, պարզվում է, Իշխան Զաքարյանը կա'մ հիվանդ է, կա'մ էլ արձակուրդում է: Թոզ եք փչո՞ւմ մեր աչքերին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հիշեցնելով, որ երկու տարի առաջ Իշխան Զաքարյանը ցնցող բացահայտումներ ներկայացրեց, որ հասարակ մալուխը գնվել է հիսուն անգամ ավելի բարձր գնով, որ բազմաթիվ «ատկատներ» են եղել պետական համակարգում, նշել էր մի քանի հանցագործությունների մասին:
«Ես Իշխան Զաքարյանին կհարցնեի իր հայտարարած` ռիսկային դաշտում գտնվող 700 մլրդ դրամի մասին, թե ի՞նչ են արել այս ընթացքում: Գիտեմ, որ պատասխան չկա, որովհետև ոչ մի գործ էլ չի արվել: Բա ո՞ւր են հանցագործները, շարունակում են, չէ՞, իրենց գործելաոճը: Ի՞նչ պետք է ասի` որ քաղաքական մեծամասնությունը կոռուպցիայո՞վ է զբաղված: Իհարկե, չի ասի: Չի եկել, որովհետև պատասխաններ չկան»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա նշեց, որ ՎՊ հաշվետվության քննարկումը հակասահմանադրական է:
Գալուստ Սահակյանը խիստ արձագանքեց Ռուբեն Հակոբյանի ասածներին` ասելով. «Ապակողմնորոշում եք լսողներին: Դուք միշտ փորձում եք ձեր ինքնահավանությունը ճշմարտության տեղ ներկայացնել: ԱԺ-ն գերակայություն չունի ՎՊ մասին օրենքի նկատմամբ: Եվ գալ, հանգել այն եզրակացության, որ դա հակասահմանադրական է` ԱԺ-ից անցաք Սահմանադրական դատարանի ֆունկցիային: Որևէ խախտում տեղի չի ունեցել: Դուք ձեզ արդեն անվանարկում եք»: