կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-02 14:10
Քաղաքական

Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունն այլ բան է, աղքատությունն` այլ, հարստությունն` այլ. Գալուստ Սահակյան

Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունն այլ բան է, աղքատությունն` այլ, հարստությունն` այլ. Գալուստ Սահակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը չի կարծում, որ հայ ժողովուրդն ինչ-որ բանից դժգոհ է: «Դա ձեր տեսակետն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Սահակյանի խոսքով` հայ ժողովուրդն ուզում է ընդամենը շատ լավ ապրել: «Կարծում եմ` էն բոլոր գործառույթները, որ տեղի կունենան առաջիկայում, հենց նվիրված են լինելու դրան»,- ասաց նա:

Դիտարկմանը` պարբերաբար հնչում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, պատգամավորն արձագանքեց. «Նման տեսակետ գոյություն չունի: Ես կարծում եմ, որ առաջինը ես եմ դա արձագանքել լրագրողների մոտ, առաջարկություն եմ արել և այդ առաջարկությունը պահպանելու եմ: Այդպիսի խնդիր գոյություն չունի, թե ինչ-որ մի տեղ կա, որ միայն մեկ մարդ է արժանի: Ես գտնում եմ` այս պահին արժանի է Սերժ Սարգսյանը»:

Սահակյանը վստահ է, որ շատ մարդիկ կան ՀՀԿ-ում, որ արժանի են փոխարինել Սերժ Սարգսյանին: «Հանրապետականը գտնում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր ճանապարհը: Սա այն ժամանակաշրջանն է, երբ Հանրապետականը իր որոշումը պիտի կայացնի: Իհարկե, ես հավատում եմ, որ իր որոշումը կկայացնի էնպես, ինչպես ես նախապես ասել էի: Դրա համար ես այս պահին հարմար չեմ գտնում այս իմաստով շատ երկար խոսել: Ես գտնում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում կարողանա շարունակել իր աշխատանքը, և որ ասում եք` այսօր ժողովուրդը դժգոհում է, չնայած ես դրա հետ համաձայն չեմ, պետք է մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի ամուր, ամրակուռ երկիր ունենա»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը` նրա քաղաքականության արդյունքն է սա, Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչը որ ձեռք է բերել: Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար հստակ ճանապարհ բացեն, ինքը` ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ այդ ամենի համար իշխանությունները պետք է այնպես աշխատեն, որ ժողովրդի հետ միասին կարողանան այդ ճանապարհը բացեն, որը սպասում ենք բոլորս»:

Սահակյանը նշեց, որ իրենց կուսակցությունում այս պահին վարչապետի թեկնածուի քննարկումներ չկան, երբ լինի ,յուրաքանչյուրն իր կարծիքը կհայտնի: Նա ասաց, որ չի ցանկանում մտածել այն մասին, որ հնարավոր է` Սերժ Սարգսյանը չցանկանա դառնալ վարչապետ: «Չեմ ուզում այդ մասին մտածել, որովհետև մտածում եմ, որ կկարողանամ արգումենտներն այնպես ներկայացնել, որ և' Սերժ Սարգսյանը, և' ՀՀԿ-ն կհավատան»,- նշեց պատգամավորը:

Հարցին` ժողովուրդն ինչի՞ց պետք է գոհ լինի, Սահակյանն արձագանքեց. «Ժողովուրդը կարող է գոհ լինել, որ անկախ է: Յուրաքանչյուր ժողովուրդ եթե անկախ է, եթե ժողովուրդը չի կարողանում անկախությունը գնահատել, ապա ժողովրդին անկախությունն ամրակուռ դարձնելու բավականին երկար ժամանակ է պետք»:

Դիտարկմանն էլ` ժողովուրդն անկախ է, բայց աղքատ, պատասխանեց. «Աղքատությունը մի կողմի վրա դրեք և պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունն այլ բան է, աղքատությունը այլ բան է, հարստությունն այլ բան է: Այն ժողովուրդը եթե անկախության ճանապարհով չի գնում, նա ընդհանրապես համաշխարհային մասշտաբով և մարդկության հիմնական ճանապարհներից դուրս մնացող ժողովուրդ է»:

Իսկ թե ինչո՞ւ են իշխանություններն ընկել հարստության հետևից, Սահակյանն ասաց. «Եթե նման բան կա, դուք պետք է այդպիսի մարդկանց քննադատեք, բայց դա կապ չունի Հայաստանի անկախության հետ»: