կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 13:07
Քաղաքական

Աշխատավարձ ո՞ւմից են ուզում, իրենք իրենց կամքով են աշխատել «Նաիրիտ»-ում. Գալուստ Սահակյան

Աշխատավարձ ո՞ւմից են ուզում, իրենք իրենց կամքով են աշխատել «Նաիրիտ»-ում. Գալուստ Սահակյան

Կա'մ «Նաիրիտ»-ը պետք է վերականգնվի, և աշխատողների պարտքերը պետք է վերադարձվեն, կա'մ էլ, ըստ օրենքի, եթե չի վերագործարկվում, գնում է սնանկացման. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված վիճակի մասին: «Մենք կողմնակից չենք, որ գործարանը գնա սնանկացման»,- հավելեց նա:

 

Սահակյանի կարծիքով՝ կառավարության բանակցությունները արդյունավետ կլինեն, «Նաիրիտ»-ը կաշխատի, աշխատողներն էլ կստանան իրենց գումարները: Ըստ նրա` որևէ կառավարություն կամ գործարանի կառավարիչ չի ուղղորդում աշխատողին, աշխատողը ինքն է այդ ռիսկին գնում: «Մենք ընդամենը տեր ենք կանգնում մեր քաղաքացիներին: Խոսքը գնում է լուրջ գումարների մասին, և կարծում եմ` այդ գումարները կվերադարձնեն»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Մեր այն դիտարկմանը, թե նաիրիտցիները չեն հավատում կառավարության խոստումներին, թե իրենց խնդիրները կլուծվեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, հավատը ի ծնե է լինում: Հավատավոր չեն դառնում, հավատավոր ծնվում են: Աշխատավարձ ո՞ւմից են ուզում: Իրենք իրենց կամքով են աշխատել «Նաիրիտ»-ում: Հիմա դա էլ բիզնես է, որը հաջողություն չի ունեցել»: Նա դա համեմատեց այն երևույթի հետ, երբ մարդիկ իրենց գումարները ներդնում են որևէ բանկում, ուրեմն` ռիսկի են գնում, և դա այդ մարդկանց ռիսկն է, երբ բանկը չի կարողանում վճարել: «Ինչ եղել, չի եղել, նոր գնորդ կամ կառավարիչ կլինի, որը պատասխանատվությունը կվերցնի իր վրա: Մենք դրան ենք գնում»,- ասաց Գալուստ Սահակյանը: