Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հրապարակվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որը, ինչպես դրանից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր տեղեկացրել, առաջիկայում հրապարակվելու է 7 լեզուներով:
Հռչակագրի ընդունումը զուտ սիմվոլիկ նշանակություն չուներ և, դատելով թե' ինքնին միասնական տեքստի ընդունման փաստից և թե' դրա բովանդակային հիմնական կետերից, նախանշում է որոշակի քաղաքական և իրավական գործընթացներ և այն հիմնական ուղղությունները, որոնցով առաջ է տարվելու Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման, դրա հետևանքների վերացման և արդար փոխհատուցման հասնելու ամբողջական գործընթացը:
Նախ՝ Հռչակագիրը որևէ առանձին վերցրած հայկական կազմակերպության, շրջանակի «սեփականությունը» չէ: Տեքստի մշակմանը մասնակցել են թե' Հայաստանը և ԼՂՀ-ն՝ պետական մակարդակով և թե' Սփուռքը` իր բազմաթիվ հասարակական-քաղաքական, եկեղեցական, մշակութային շերտերով: Այն ազգային միասնականության բացառիկ դրսևորում է, որի նշանակությունը դժվար է թերագնահատել, հատկապես` Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամբողջական վստահության մթնոլորտի ձևավորման տեսանկյունից: Այդ վստահությունը զգալիորեն խաթարվել էր հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին` 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական 2 արձանագրությունների ստորագրման պատճառով: Հռչակագիրը վկայությունն է այն բանի, որ արձանագրությունների ստորագրման հենքի վրա Սփյուռքը Հայաստանից օտարելու` թուրքական քաղաքականությունը փաստացի ձախողվել է, հատկապես` եթե նկատի ունենանք, որ Հռչակագրում առանձնահատուկ կերպով ընդգծվում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչմանը, դրանից բխող հետևանքների վերացմանը հասնելու հարցում Հայաստանի հանձնառությունը, ինչը երբևէ այսպիսի կոնկրետությամբ և սրությամբ չի արտահայտվել` որպես արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն և թիրախ:
Սակայն պետականորեն Ցեղասպանության ճանաչման գործընթացին հետամուտ լինելու հանձնառության ստանձնումը հստակորեն առաջ է բերում նույն հայ-թուրքական արձանագրությունները դեռևս ԱԺ նստաշրջանի օրակարգում պահելու հարցը: Հռչակագիրն իր բովանդակությամբ, հատկապես` Թուրքիայի ներկայիս վարչակարգի՝ նրա ներկայիս ուրացման քաղաքականությամբ Ցեղասպանությունն արդարացնելու և շարունակելու համար քննադատության խտացվածությամբ, ուղղակիորեն հակասության մեջ է մտնում այդ արձանագրությունների հետ: Հիշեցնենք, որ դրանցում խոսքը գնում է ոչ թե Ցեղասպանության, այլ «պատմական» իրողությունների և դրանք պատմաբաններից կազմված հանձնաժողովի քննությանը թողնելու, այսինքն` Ցեղասպանության լինելիությունը դեռևս կասկածի տակ առնելու մասին:
Մինչդեռ Հռչակագրում Ցեղասպանությունը կատարված փաստի, անառարկելի պատմական ճշմարտության նշանակություն ունի և ենթակա չէ քննարկման: Հետևաբար` Հռչակագիրն ընդունելուց հետո պաշտոնական Երևանը ստիպված է հստակ վերաբերմունք դրսևորել այդ արձանագրությունների և դրանք վավերացնելու հնարավոր հեռանկարի նկատմամբ: Իրականում հենց այդ կետում է որոշվելու՝ հայաստանյան իշխանությունների համար այս Հռչակագրի ընդունումը, դրանով Թուրքիայի նկատմամբ քննադատության սրումը արձանագություններից հրաժարման նախադրյա՞լ է, թե՞, այնուամենայնիվ, դրանք վավերացնելու համար Անկարայի վրա ճնշումներ գործադրելու միջոց:
Հռչակագրի ամենակարևոր կետերից մեկը 6-րդն է, որում խոսվում է Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և Ցեղասպանության հետևանքների հաղթահարման նպատակով իրավական պահանջների թղթածրար նախապատրաստելու մասին: Սա նշանակում է, որ խնդիրը զուտ բարոյական և քաղաքական հարթությունից տեղափոխվում է իրավական հետապնդման հարթություն, որը համազգային մակարդակով շատ լուրջ մասնագիտական ներուժ կենտրոնացնելու և հետևողականություն դրսևորելու խնդիր է առաջադրում: Հռչակագրից պարզ է դառնում, որ պրոցեսն իրականացվելու է երեք մակարդակով՝ անհատական, համայնքային և համազգային:
Անհատական պահանջների հարթությունում գործընթացն արդեն վաղուց սկսված է՝ Թուրքիայում ունեցած և նախնիների կողմից բռնի կերպով թողած սեփականության, բանկային միջոցների նկատմամբ իրավունքների վերականգնման, փոխհատուցման նպատակով անհատական նախաձեռնություններով դատական հայցերի ներկայացման միջոցով: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև նախորդ տարի Թուրքիային Էջմիածնի և Կիլիկիո հայկական կաթողիկոսների կողմից եկեղեցապատկան կալվածքները վերադարձնելու համատեղ պահանջի ներկայացումը, որի ուղղությամբ դատական պրոցես սկսելու մտադրության մասին ավելի ուշ առանձին հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Սակայն թե կոնկրետ ի՞նչ է ընկալվում «համայնքային և համազգային» մակարդակներով պահանջներ ասվածի ներքո, թերևս, հավելյալ պարզաբանման կարիք ունի: Ի դեպ, երեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը մի ավելի ուշագրավ դիտարկում արեց: «Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում»,- ասել էր նա: Ուշադրություն դարձնենք՝ փաստորեն, այս գործընթացը հայեցակարգային հենք ունի, ինչը ենթադրում է քայլերի խիստ պլանավորվածություն, ստրատեգիա և մարտավարություն, ինչը բացարձակապես նոր մոտեցում է այս հարցում:
Երկրորդ՝ խոսելով հայեցակարգը երեք վերոնշյալ մակարդակներով ներկայացնելու մասին, «անհատականի» և «համայնքայինի» կողքին նա խոսում է ոչ թե «համազգային»-ի մասին, ինչպես ձևակերպված է Հռչակագրում, այլ «պետականի», որը բացարձակապես այլ հարթություն է տեղափոխում խնդիրը: Որովհետև պետական մակարդակով իրավական պրոցեսները կարող են լինել միմիայն Հայաստանի իրավասության և պատասխանատվության դաշտում: Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես սկսելու է որևէ իրավական գործընթաց Ցեղասպանության հետևանքների վերացման ուղությամբ: Այս հարցը ևս, լրացուցիչ մեկնաբանության կարիք ունի:
Երրորդ` թերևս ամենակարևոր ուղերձը, որ պարունակում է Հռչակագիրը, վերաբերում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում» արժևորելուն: Թեեւ խոսքն ընդամենը պատմական Հայաստանի տարածքի հանդեպ հայ ժողովրդի իրավունքներն ամրագրող այդ իրավական ակտերն արժևորելուն է վերաբերում, ինչն արվել է մշտապես, սակայն, դրանք Հռչակագրի մաս դարձնելով, փաստացի տողատակային մակարդակով առաջ է քաշվում 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի իրավազորությունը կասկածի տակ դնելու հարցը օրակարգում պահելու խնդիրը: Ի դեպ, այս առումով ևս Հռչակագիրը հակասության մեջ է մտնում հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների նպատակներին, որոնցով, ըստ էության, Երևանը ճանաչում էր Հայաստան-Թուրքիա ներկայիս սահմանները:
Գևորգ Դարբինյան