կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 14:05
Հասարակություն

Բան Կի-Մունին է հանձնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը

Բան Կի-Մունին է հանձնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը

Մարտի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:

 

Ողջունելով դեսպան Մնացականյանին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ցուցաբերվող աջակցությունը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը գլխավոր քարտուղարին փոխանցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի տեքստը` թարգմանված ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական լեզուներով` նշելով, որ Հռչակագիրը միտված է ցեղասպանության դեմ համամարդկային պայքարի ամրապնդմանն ու զարգացմանը:

 

Դեսպան Մնացականյանը գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը ոճրագործությունների անթույլատրելիության վկայակոչման և ցեղասպանության կանխարգելմանն ուղղված հետևողական ջանքերի ամրապնդման առումով: Դեսպան Մնացականյանը բարձր է գնահատել ցեղասպանության կանխարգելմանն ուղղված գործընթացներում ՄԱԿ-ի առանցքային դերակատարությունը` որպես համամարդկային և բարոյական արժեքների վրա հիմնված միջազգային կարևորագույն նշանակություն ունեցող կառույց:

 

Զոհրաբ Մնացականյանը Բան Կի-Մունին տեղեկացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 LIVES» նախաձեռնության շրջանակներում ս/թ. մարտի 10-ին Նյու Յորքում պաշտոնապես ազդարարված մարդասիրական «Ավրորա» մրցանակի մասին: