Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2005 թվականին` Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի նախաշեմին, նշանավոր թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը հոդված էր գրել Hurriyet թերթում` կոչ անելով թուրք հանրությանը պատրաստ լինել առաջիկա «հայկական ցունամիին»: Այս ամսվա սկզբին թուրքական Gazete Kars թերթը նման մի խմբագրական հրապարակեց՝ «Հայկական նախապատրաստական աշխատանքները 2015 թվականի համար» վերնագրով` նախազգուշացնելով թուրքերին Հայոց ցեղասպանության մոտալուտ 100-րդ տարելիցի մասին, խորհուրդ տալով նրանց ձեռնարկել հակազդեցության արդյունավետ միջոցներ: Խմբագրականը ցույց է տալիս, թե թուրքերն ինչպիսի ուշադրությամբ են հետևում Ցեղասպանության տարելիցի առթիվ հայկական նախապատրաստական աշխատանքներին և ինչպիսի տագնապով են կշռադատում հայկական առաջիկա միջոցառումների ազդեցությունը Թուրքիայի վրա:
Ծավալուն սյունակը տեղեկացնում է, որ Հայաստանն ու Սփյուռքը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին ընդլայնում են իրենց համատեղ արշավն ընդդեմ Թուրքիայի: Հոդվածը նախազգուշացնում է, որ «հայերը կարծում են, թե իրենց ստերով ամբողջ աշխարհը ոտքի կհանեն» և առաջարկում է, որ «Թուրքիայի Հանրապետությունն անհապաղ գործի դնի իր բոլոր միջոցները և առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկի այդ խաբեությունն ի չիք դարձնելու համար»:
Gazete Kars թերթը դժգոհում է, որ հայերը «ստվեր են գցում Թուրքիայի հեղինակության վրա` ուժեղ հարձակումներ գործելով քառասուն ճակատներում: Թուրքիան այդ հարձակումներին հակահարված տալու համար պետք է ավելի մեծ պաշտպանական և հարձակողական միջոցների դիմի: Ոչ մի վայրկյան չի կարելի կորցնել: Աշխարհը կուլ է գնում նրանց ստերին»: Խմբագրականում ներկայացվում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախապատրաստական աշխատանքներում գլխավոր անձնավորությունների և կազմակերպությունների գործունեությունը: Թերթը հատկապես հիշատակում է պրոֆեսոր Թաներ Աքչամին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններին, Բեռլինի համալսարանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին` մեջբերելով նրա ասածը. «Ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք է միավորել փոխհատուցման ըմբռնումով…. Մենք պետք է հետամուտ լինենք օրինական ուղիների՝ այս ոճրագործության պատասխանատվությունը ճշտելու համար»:
Gazete Kars-ը նաև թվարկում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, Հայկական ազգային ինստիտուտը, ինչպես նաև «Զորյան» և «Կոմիտաս» ինստիտուտները` որպես կազմակերպություններ, որոնց հաջողվել է Հայոց ցեղասպանությունը ներկայացնել աշխարհի գիտական շրջանակների և լրատվամիջոցների ուշադրությանը: Նշանավոր թուրք արձակագիրներ Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆակը, ովքեր համարձակորեն դատապարտել էին Թուրքիայի խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության հարցում, մեղադրվում են «Սփյուռքի հայկական լոբբիստական կազմակերպությունների» աջակցությունը վայելելու մեջ:
Թուրքական թերթը տեղեկացնում է, որ 2011թ. ապրիլի 23-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը նախապատրաստելու համար ձևավորվել է պետական համակարգող հանձնաժողով: Հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, գումարել է իր անդրանիկ նիստը 2011 թվականի մայիսի 30-ին: Այնուհետև թուրք խմբագիրը կենտրոնանում է իմ հոդվածի վրա, սխալմամբ ինձ ներկայացնելով որպես «Արա» Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ: Իմ հոդվածից մեջբերում է այն հատվածը, որտեղ նշվում է, որ «Ցեղասպանության ճանաչման պահանջն այլևս օգտավետ չէ հայերի համար: Ընդհակառակը՝ վնասակար է: Թուրքերը շատ ուրախ են, որ մենք բավարարվում ենք միայն այս պահանջով: Այն, ինչ մենք պահանջում ենք, արդարությունն է: Երբ նրան հարցրել են, թե, արդարություն ասելով, ինչ նկատի ունի, նա բացատրել է, որ դա նշանակում է բարոյական, ֆինանսական և տարածքային վերականգնում»: Այնուհետև թուրք գրողը մանրամասն վերլուծում է իմ տեսակետները, նշելով. «Սասունյանը կարծում է, որ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները այնքան էլ կատարյալ չեն, և որ անհրաժեշտ է գաղափարական միասնականություն ունենալ, հատկապես` Հայ Դատին առնչվող հարցերում: Սասունյանը գտնում է նաև, որ ավելի լուրջ արդյունքների կարելի է հասնել` 100 երկրներում ապրող հայերին համախմբելով 350 ներկայացուցիչներից բաղկացած Սփյուռքի խորհրդարանի հովանու ներքո»:
Gazete Kars-ն իր խմբագրականը եզրափակում է` ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ նախատեսված մի շարք հայկական միջոցառումներ.
1. Պատրաստել հրապարակություններ յոթ լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն:
2. Նկարահանել գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, կազմակերպել համերգներ և ցուցահանդեսներ, հրատարակել գրքեր և գիտական նյութեր:
3. Եռակի ընդարձակել Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:
4. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:
5. Կազմակերպել լրատվամիջոցների համաժողովներ, կապեր հաստատել 89 երկրների լրատվական գործակալությունների հետ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան հրավիրել Սփյուռքի հեռուստա- և ռադիոլրագրողներին:
6. Ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործելով` տարբեր լեզուներով էլեկտրոնային գրքեր թողարկել և կապեր հաստատել ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող գիտական և մշակութային գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել հայտնի հնդիկ ռեժիսոր Շեխար Կապուրի և պուերտոռիկացի սցենարիստ Խոսե Ռիվեյրանի մասնակցությամբ:
Քանի որ թուրքերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով միջոցառումների տարափ են ակնկալում, ուստի հայերը հնարավոր ամեն ինչ պետք է անեն նրանց հուսախաբ չանելու համար: Gazete Kars թերթի խմբագիրները չեն գիտակցում, որ հայերն իրականում ողջունում են Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին հակահարված տալու` թուրքերի մտադրությունը: Դրանով թուրքական կողմը նպաստում է Հայ Դատի գովազդմանը՝ շատ ավելի, քան հայերը կարող են անել ինքնուրույն միջոցներով:
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր