կարևոր
3562 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-02 12:41
Քաղաքական

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» և հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» և հայ ժողովրդի նկատմամբ իրագործված հանցագործության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները

Հայ ժողովուրդն ավելի քան մեկ դար պայքարում է 19-րդ դարավերջին – 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրագործված ցեղասպանության ճա-նաչման ու դատապարտման համար: Այդ ժամանակամիջոցում ծավալ-ված պայքարի արդյունքում շուրջ երեք տասնյակ երկրների խորհրդա-րաններ և մի շարք միջազգային կազմակերպություններ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևեր, որոնցով իրավաքաղաքական հստակ գնահատական է տրվել հայերի նկատմամբ կատարված հանցագործությանը՝ այն որակելով իբրև ցեղասպանություն և մատնանշելով դրա համար պատասխանատու պետությունը։ Չնայած այդ ամենին՝ Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտել հայերի նկատմամբ կատարված հանցագործությունը: Այդ պայմաններում ակնհայտ է դառնում, որ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճա-նաչման համար պայքարելով անհնար է հասնել հարցի վերջնական հանգուցալուծմանը, և վաղուց հասունացել է պահը՝ պայքարելու այդ հանցագործության հետևանքների հաղթահարման ու հատուցման համար: Այդ ուղղությամբ առաջին լուրջ քայլը կատարվեց 2015 թ. հունվարի 29-ին, երբ հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրի մոտ պաշտոնապես հրապարակվեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելի-ցի համահայկական հռչակագիրը»:

Այդ փաստաթղթով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պե-տական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը, հանդես գալով համայն հայության անունից, հիմնվելով երիտթուրքերի վարչակազմը դատապարտող Անտանտի պետություննե-րի 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հռչակագրի, թուրքական ռազմական արտակարգ ատյանների 1919-1921 թթ. դատավճիռների, 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի վրա և ղեկավարվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թ. դեկտեմբերի 11-ի բանաձևի (96 (1)), 1948 թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թ. նոյեմ-բերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թ. դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ մյուս բոլոր միջազ-գային ակտերի համապատասխան սկզբունքներով ու դրույթներով, հայ-տարարեց, որ այդ պահից ի վեր մեկնարկում է հայ ժողովրդի միասնա-կան պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհա-յին ճանաչմանը հասնելու, այլև ցեղասպանության հետևանքները հաղ-թահարելու համար :

Միանգամայն բնական է, որ պաշտոնական շրջանառության մեջ դնե-լով «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարում» ձևակերպումը, որը հայոց պահանջատիրության, հատուցման գաղափարի դիվանա-գիտական արտահայտությունն է, հռչակագրային բնույթ ունեցող տվյալ փաստաթղթում հնարավոր չէր հստակեցնել, թե ինչ է նկատի առնվում «Հայոց ցեղասպանության հետևանքներ» ասելով, և ինչպես կամ ինչ չափով է պատկերացվում դրանց հաղթահարումը, քանզի կան հետևանքներ, որոնք ուղղակիորեն անվերականգնելի են:

Համահայկական հռչակագիրն ընդունած համահայկական կառույցի հաջորդ տրամաբանական քայլը պետք է լիներ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար Թուրքիային ներկայացվելիք պատմաիրավական հիմնավոր պահանջների փաթեթ-փաստաթղթի» ըն-դունումը: Համահայկական հռչակագրի 6-րդ կետը, ըստ էության, հենց դրան է վերաբերում՝ արձանագրելով, որ պետք է մշակվի իրավական պա-հանջների թղթածրար՝ դիտելով այն որպես անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ : Պահանջների փաթեթի կամ թղթածրարի ընդունումը կարևոր է այն առումով, որ այդ կերպ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և Թուրքիային ներկայացվելիք պահանջների հար-ցում կորդեգրվի համազգային միասնական մոտեցում:

Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասներն ու կորուստները և դրանց չվերացման պատճառով առաջացած հետևանքները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ ա) հայրենազրկում, բ) մարդկային կորուստներ, գ) մշակութային ժառան-գության կորուստ, դ) նյութական կորուստներ, ե) հոգեբանական բար-դույթներ:
Ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովուրդը զրկվեց իր հայրենիքի մեծագույն հատվածից՝ Արևմտյան Հայաստանից, ինչի հետևանքով սփռվեց աշխարհով մեկ: Հայերի հայրենազրկման ուղղակի հետևանք պետք է համարել Սփյուռքի գոյավորումը, քանզի ցեղասպանությունից հրաշքով փրկված արևմտահայերը, կորցնելով իրենց հայրենի օջախները, ստիպված էին հայրենիքից դուրս ամեն ինչ սկսել զրոյից՝ օտար միջավայրում անցնելով համակերպման դժվարին ճանապարհ: Մյուս կողմից՝ հայրենիքի մեծ մասի կորուստը և արևմտա-հայության ողջ մնացած հատվածի դուրսմղումը Արևմտյան Հայաստանից երկփեղկել են հայ ժողովրդին, խախտել նրա միասնականությունը, ջլատել ուժերն ու խաթարել բնականոն զարգացման հեռանկարները: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի երկու հիմնական հատվածները հեռացել են միմյանցից, ինչը լուրջ խզում է առաջացրել նրանց միջև: Արևմտահայերը դարձել են սփյուռքահայեր, իսկ արևելա-հայերն ու Արևելյան Հայաստանում հաստատված արևմտահայ գաղթականության մի հատվածը՝ հայաստանցիներ: Ապրելով տարբեր վարչակարգերի պայմաններում՝ ժամանակի ընթացքում նրանք ձեռք են բերել միմյանցից տարբերվող մտածողություն, ինչն էապես բարդացնում է համահայկական հարցերի լուծման գործընթացը :

Հայոց ցեղասպանության գլխավոր հետևանքի՝ հայրենազրկման հաղ-թահարման պահանջն ավելի իրատեսական է ամփոփել այն սահմաննե-րում, որոնք ամրագրված են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նո-յեմբերի 22-ի իրավարար վճռով*, ինչը ոչ միայն չի հակասում, այլև համա-պատասխանում է ցեղասպանության իրականացման պահին գործող մի-ջազգային իրավական նորմերի, մասնավորապես՝ 1907 թ. հոկտեմբերի 18-ին ստորագրված «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիայի դրույթներին, որոնց համաձայն՝ կողմերի միջև վեճի կարգավորման եղանակ է նաև միջազգային իրավարարությունը (արբիտ-րաժը): Ուստի Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն իրավացիորեն կարելի է դիտել որպես քաղաքական պատասխանատվության սահմանում հայե-րի նկատմամբ կատարված ցեղասպանության համար :

Մարդկային կորուստները: Հայոց ցեղասպանությանը զոհ գնաց շուրջ 1.5 միլիոն հայ: Սակայն մարդկային կորուստները հստակեցնելիս անպայմանորեն պետք է հաշվի առնվի նաև ցեղասպանության քաղաքականության ընթացքում իսլամացած հայերի թիվը, որոնք ցեղասպանության զոհ-ժողովրդի համար նույնպես մարդկային կորուստ են, քանզի ուծացման այդ գործընթացի հետևանքով նրանք դադարել են իրենց հայ համարելուց:

Մարդկային կորուստների թվի հստակեցումից հետո անհրաժեշտ է պարզել, թե այդ կորուստներն ինչ հետևանքներ են ունեցել և ինչպես են անդրադարձել հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա, և որքան կկազմեր հայերի թիվն այսօր՝ հանցագործությունից մեկ դար անց, եթե ցեղասպանության զոհերը ողջ լինեին: Այս առումով պետք է հաշվի առնել այն, որ արևմտահայերի ընտանիքները, որպես կանոն, բազմազավակ էին: Բացի այդ՝ 25 տարին մեկ տեղի է ունենում բնակչության վերարտա-դրություն (ռեգեներացիա), այսինքն՝ անցած մեկ դարի ընթացքում առնվազն չորս անգամ պետք է կատարվեր նաև սպանված հայերի վերարտադրությունը, եթե նրանք ողջ մնային:

Մշակութային ժառանգության կորուստ: Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական պատվիրակությունների ներկայացրած հուշագրի համաձայն՝ ցեղասպանության ընթացքում թուրքական իշխանությունները հիմնովին կամ մասամբ ավերել են հայերին պատկանող բազմաթիվ ազգային կառույցներ՝ 83 առաջնորդարան, 1860 եկեղեցի և մատուռ, 229 վանք, 26 վարժարան և դպրեվանք, 1439 դպրոց, 42 որբանոց՝ բռնագրավելով դրանց գույքը և ոչնչացնելով դրանցում պահվող արժեքավոր գրքերն ու ձեռագիր մագաղաթները :

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թ. տվյալներով՝ Արևմտյան Հայաստանի վանքե-րից ու եկեղեցիներից 1915 թվականից հետո կանգուն են մնացել 913-ը, որոնցից հետագա տարիների ընթացքում 464-ը հիմնովին ոչնչացվել են, 252-ը՝ վերածվել փլատակների, իսկ 197-ը՝ վերականգնման լուրջ կարիք ունեն : Ակնհայտ է, որ նույն ճակատագրին են արժանացել նաև հայկական առաջնորդարաններն ու վարժարանները: Նշենք, որ երբ խոսում ենք «շարունակվող ցեղասպանության» մասին, նկատի ունենք նաև Թուրքիայի՝ հայկական պատմաճարտարապետական հուշարձան-ների, եկեղեցիների ու վանքերի նկատմամբ պետականորեն շա-րունակվող ոչնչացման քաղաքականությունը, որը նպատակ է հետա-պնդում Արևմտյան Հայաստանում վերացնելու այն ամենը, ինչն ապացու-ցում կամ վկայում է այդ տարածքի իրական տերերի՝ հայերի մասին:
Հայկական ձեռագրերի ու հնատիպ գրքերի կորուստը դրամական միջոցներով անհնար է վերականգնվել: Խիզանի Սբ Խաչ վանքում պահ-վող մոտ 1.000 գրքերը մոխիր են դարձել : Վարագա վանքի թաքստոցնե-րից մեկում պահվող 150 կտոր մագաղաթները և ընտիր ձեռագիր մատ-յանները նույնպես անհետացել են, կորսվել են նաև Կեսարիայի շուրջ 700 արժեքավոր ձեռագրերը : Մի քանի տվյալների համադրությամբ կատարված ընդհանուր հաշվարկով՝ այդ տարիներին ավելի քան 20.000 ձեռագրեր ու հնատիպ մատյաններ հրո ճարակ են դարձել :

Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդի մշակութային ժառանգության կորուստների վերականգնման պահանջը կարող է հիմ-նավորվել 1923 թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի՝ ոչ մահմեդական-ների իրավունքների պաշտպանությանը վերաբերող 37-44-րդ հոդվածնե-րով: Մասնավորապես պայմանագրի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համա-ձայն՝ թուրքական կառավարությունը պարտավորվել է կատարյալ պահ-պանության տակ առնել եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները և փոքրամասնությունների այլ կրոնական հաստատություններ : «Լիակա-տար պահպանություն» ասելով պետք է հասկանալ ոչ միայն եկեղեցիները չքանդելն ու չավերելը, այլև դրանց ամրացումն ու նորոգումը:

Հայոց ցեղասպանության նյութական կորուստներն ու դրանց հետևանքները հստակեցման կարիք ունեն: Փարիզի վեհաժողովին կից ստեղծվել էր փոխհատուցումների հանձնաժողով, որը զբաղվում էր պարտված երկրների կողմից հաղթողներին տրվելիք ռազմատուգանքնե-րի չափերի հստակեցումով: Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ պարտված տերությունները պետք է փոխհատուցեն նաև այլ երկրների՝ պատերազմում նրանց հասցված վնասների դիմաց:
1919 թ. մարտի 7-ին հանձնաժողովին կից ստեղծվում է հատուկ հանձնախումբ, որն էլ մարտի 8-ին դիմում է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, նյութական վնասների հաշվարկ ներկայացնելու հարցով: Հանձնախումբը ներկայաց-ված հաշվարկներն ամփոփեց 1919 թ. ապրիլի 14-ին: Այսինքն՝ Ավետիս Ահարոնյանի և Պողոս Նուբարի գլխավորած պատվիրակություններն այդ լուրջ և պատասխանատու աշխատանքի համար ունեցել են ոչ ավել քան մեկ ամիս ժամանակ, որի ընթացքում ուղղակի անհնար էր ամբողջական տվյալներ հավաքել ու համակողմանիորեն համակարգել դրանք:
Հայկական պատվիրակությունների ներկայացրած փաստաթղթում բացակայում են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայա-բնակ այլ նահանգների հայ կաթոլիկ և ավետարանական համայնքների կրած նյութական կորուստները:

1904 թ. Սուրբ Փրկիչ եկեղեցու տարեգրքում նշված է, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ տարածքներում այդ պահի դրությամբ 67 հայ կաթոլիկ եկեղեցի էր գործում , հայ բողոքականները կայսրության տարածքում ունեին 310 ժողովարան, որոնց գերակշիռ մասը հիմնահա-տակ կործանվել է :

Հուշագրում չեն հաշվառվել նաև այն նյութական վնասները, որոնք թուրք-ադրբեջանական զորքերի կողմից հասցվել են Բաքվի հայությանը 1918 թ., և բնականաբար չէին կարող նաև հաշվառվել փաստաթուղթը ներկայացնելուց հետո արդեն քեմալականների կողմից 1920 թ. արևելա-հայությանը, 1921 թ. կիլիկիահայությանը և 1922 թ. Զմյուռնիայի հայութ-յանը հասցված նյութական վնասները : Որոշ հեղինակների կարծիքով՝ ցեղասպանության քաղաքականության շարունակման հետևանքով հայե-րին հասցված նյութական վնասի նշված չափը պետք է ավելանա առն-վազն 20 %-ով :

Որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի, թե տնտեսական ինչ օգուտներ է քաղել թուրքական պետությունը հայերի զանգվածային կոտո-րածներից ու տեղահանությունից, բավական է նշել, որ, հակառակ պատե-րազմական ծանր պայմաններին ու կայսրության տնտեսության կաթվա-ծահար վիճակին, երկրի պետական բյուջեն արձանագրեց աննախադեպ աճ: Այսպես՝ եթե 1913-1914 թթ. այն կազմում էր 35 մլն օսմ. ոսկի, ապա 1915-1916 թթ.՝ 38 մլն, իսկ 1917-1918 թթ.՝ 85 մլն :

Ակնհայտ է, որ տվյալ պայմաններում թուրքական բյուջեի նման աճը կարող էր ապահովվել միայն հայերի գույքի և ունեցվածքի բռնագրավման հաշվին: Այստեղ տե-ղին է արձանագրել դատապարտելի այն փաստը, որ թուրքական պե-տությունը փաստորեն օգտվում էր իր իսկ կազմակերպած ու իրագործած հանցագործության՝ Հայոց ցեղասպանության պտուղներից, ինչը նույնպես հանցագործություն է:

Հայկական պատվիրակությունների ներկայացրած հուշագիրը պետք է ճշգրտվի ըստ Ողջակիզման հետևանքով Գերմանիայի կողմից հրեանե-րին հասցված վնասների հատուցման փաստաթղթերի և 1952 թ. սեպտեմ-բերի 10-ին կնքված լյուքսեմբուրգյան համաձայնագրի, որոնք նախադեպ կարող են հանդիսանալ նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հայե-րին հասցված նյութական վնասները հաշվարկելու գործընթացում: 1951 թ. Իսրայելի արտաքին գործերի նախարար Մ. Շարեթը Գերմանիայից պահանջել էր Իսրայելում վերաբնակեցված, ցեղասպանությունից փրկված 500.000 հրեաների աբսորբացիայի համար վճարել 1.5 մլրդ, այ-սինքն՝ յուրաքանչյուրի համար 3.000-ական դոլար : Հայկական պատվի-րակության հուշագրում նույնպես անդրադարձ է կատարվել այս հարցին, սակայն նախատեսված էր աքսորից վերապրած և արտասահմանում ա-պաստանած յուրաքանչյուր հայ ընտանիքին, այլ ոչ թե անհատին, հա-տուցել 1919 թ. համարժեք 4.000 ֆրանսիական ֆրանկի չափով: Եթե արևմտահայ 160.000 ընտանիքների համար (800.000 մարդ. ընտանիքի անդամների միջին թիվ է ընդունվել 5-ը) կիրառենք հրեաների համար ընդունված մեկ շնչին հատկացվող գումարի հաշվարկի մեթոդը, ապա նրանց համար պահանջվող 640 մլն ֆրանկը առնվազն պետք է հնգապատկվի: Պետք է հաշվի առնվի, որ, ի տարբերություն հայերի, հրեաներին գումարը տրվում էր հրեական պետությունում աբսորբացիայի համար, մինչդեռ արևմտահայերը աբսորբացիայի դժվարին ուղի են անցել օտար պետություններում՝ բացարձակապես ոչինչ չստանալով դրա համար: Այնպես որ այս խնդիրը նույնպես պետք է հաշվի առնվի նյութական վնասը հաշվարկելիս: Բացի դրանից՝ նման հաշվարկներ կատարե-լիս պետք է անպայմանորեն հաշվի առնել Լոզանի պայմանագրի դրույթ-ները կոպտորեն խախտելու միջոցով Թուրքիայի կողմից հայկական հա-մայնքի կալվածքների ապօրինի բռնագրավման հանգամանքը : Հայոց ցե-ղասպանության հետևանքով հայերի զանգվածային ունեզրկումը կանխեց այդ նյութական հարստության բազմապատկման հնարավորությունը:

Ցեղասպանությունից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայեր, կորցնելով իրենց ունեցվածքը, ստիպված էին արտասահմանում ամեն ինչ սկսել զրոյից՝ կրելով սոցիալ-տնտեսական անասելի զրկանքներ: Պետք է հաշվարկվեն նաև անցած տասնամյակների ընթացքում այդ գումարի վրա ավելացած թե՛ բանկային տոկոսները և թե՛ գնաճը: Վերջապես, Հայոց ցե-ղասպանության նյութական կորուստները հաշվարկելիս չպետք է մոռա-նալ նաև բաց թողնված շահույթի մասին, որով միայն կամբողջականացվի հայերին հասցված նյութական վնասների վերջնական չափը: Այս առումով նշենք, որ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին Ա. Ահարոնյանի և Նուբար փաշայի ներկայացրած հուշագրով հայ ժողովրդի նյութական կորուստների չափը՝ 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկը, գնաճի վերահաշվառմամբ 1987 թ. կազմելու էր 640.89 մլրդ ֆրանկ*, ինչը համարժեք է 106.82 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ 2008 թ. դրությամբ՝ 298 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ գումարին հետազոտող Գ. Բաղջյանը անցած տասնամյակների համար ավելացնում է տարեկան 5 % նվազագույն բանկային տոկոսադրույքը, որով 2008 թ. դրությամբ ստացվում է մոտ 9.97 տրլն ԱՄՆ դոլար : Այս գումարը Գ. Բաղջյանը ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված միայն փաստացի նյութական վնասի (damnum emergens) չափն է համարում, որի մեջ չի ներառվում հասցված նյութական վնասի հետևանքով բաց թողնված շահույթը (lucrum cessans), ինչպես նաև բարոյական վնասը (pretium doloris) :

Հոգեբանական հետևանքները: Հայոց ցեղասպանության հոգեբանական սթրեսները նույնպես անհետևանք չեն մնացել և անդրադարձել են հայ ժողովրդի հետագա կենսագործունեության վրա: Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը ձեռք է բերել բազմաթիվ բարդույթներ ու վախեր, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն ազդել ու շարունակում են ազդել ոչ միայն եղեռնը անմիջականորեն վերապրած-ների, այլև հաջորդ սերունդների վրա: Ընդ որում, խոսքը ոչ միայն ցեղասպանությունն անմիջականորեն վերապրածների ու նրանց սերունդների, այլև ողջ հայ ժողովրդի մասին է, որի մեջ առաջացել են թերարժեքության բարդույթներ: Դեռևս լիովին չի վերացել այն մտավախությունը, որ կատարվածը մի օր կարող է կրկնվել, քանի որ մեղավոր կողմը ոչ միայն չի ընդունել իր մեղքը և չի ապաշխարել, այլև շարունակում է ժխտել պատմական իրողությունը: Իր հայրենիքի մեծագույն մասը կորցնելով՝ հայ ժողովուրդը զրկվել է սեփական կենսատարածքի և նախնիների կերտած ազգային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորությունից: Դրա հետևանքով առաջացած թերարժեքության բարդույթներից մեկն էլ պետք է համարել այն, որ ոմանց մոտ առաջացել են թերահավատություն ու անվստահություն ազգի ապա-գայի, սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ և օտար արժեքներին ապավինելու հակում : Ուստի հայ ժողովրդի շրջանում Սփյուռքում ու Հայաստանում զարգացման ու առաջադիմության ձգտումների փոխարեն տասնամյակներ շարունակ իշխում էր գոյատևման հոգեբանությունը:

Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների հաղթահարման առումով միջազգային իրավունքում կիրառելի է սատիս-ֆակցիան, որը կարող է արտահայտվել խախտման ճանաչման, ափսո-սանքի արտահայտման, պաշտոնական ներողության կամ այլ պատշաճ ձևերով: Այս առումով սատիսֆակցիայի առաջին քայլերը պետք է լինեն հայ ժողովրդից Թուրքիայի պաշտոնապես ներողություն խնդրելը, պե-տականորեն վարվող Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքակա-նությունից հրաժարվելը, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդին կից գործող Ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդը լուծարելը և քրեական օրենսգրքից «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար քրեական պատիժ նախատեսող տխրահռչակ 301-րդ հոդվածը վերացնելը: Այս քայլերին պետք է հաջորդեն ավելի կոնկրետ գործողություններ, մասնավորապես՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների ու թանգարանների կառուցումը, կրթական հաստատություններում հայերի ցեղասպանության մասին դասընթացների ներառումը, դպրոցական դասագրքերում այդ թեմայի ընդգրկումը, Արևմտյան Հայաստանի նախկին աշխարհագրական անվանումներով ու տեղանուններով պատմական քարտեզների վերահրատարակումը և այլն:

Պահանջների փաթեթի հիման վրա Սփյուռքի ու Հայաստանի համա-պատասխան կառույցների ու մասնագետների համատեղ ջանքերով պետք է մշակվի նաև մարտավարական, կիրառական փաստաթուղթը՝ «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործողությունների ծրագիրը» (այսուհետ՝ գործողությունների ծրագիր): Դրանում մատնանշ-վելու են այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով հնարավոր է լինելու հասնել վերը նշված հետևանքների հաղթահարմանը: Այս փաստաթուղթը, ի տարբերություն առաջինի, լինելու է փակ, սահմանափակ օգտագործ-ման համար նախատեսված՝ թույլ չտալու, որ հակառակորդը, նախապես իմանալով, հնարավորություն ստանա կանխարգելիչ քայլերով չեզոքաց-նելու իր համար անբարենպաստ հետևանքները: Գործողությունների ծրագրի կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի կատարվելիք աշ-խատանքների բաժանումը Հայաստանի և Սփյուռքի միջև՝ ելնելով նրանց իրավասություններից, կարողություններից ու փորձառությունից: Ճիշտ այնպես, ինչպես Ողջակիզման հատուցման գործընթացում հստակ դերա-բաժանում էր կատարվել Իսրայելի ու սիոնիստական կազմակերպութ-յունների միջև, նույն կերպ Հայոց ցեղասպանության հետևանքների վե-րացման գործընթացում պետք է հստակեցվի, թե ինչ է անելու Հայաստա-նը, և ինչ խնդիրներ են դրվելու Սփյուռքի առաջ:

Այս առումով պետք է նշել, որ Ողջակիզման հետևանքների հաղթա-հարման գործընթացում Իսրայել պետության ու հրեական սփյուռքի ներդաշնակ համագործակցությունը դեռևս հաջողված բացառիկ օրինակներից է: Այդ գործում մինչև Իսրայել պետության ստեղծումը ոչ պաշտոնա-կան մակարդակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին կատարվում համաշխարհային սիոնիստական կազմակերպության կողմից: Այս առումով պետք է նշել, որ մինչև Հայաստանի անկախության հռչակումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործով բացառապես զբաղվում էին Սփյուռքի կառույցները, բայց, ավաղ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, Հայաստանի անկախացումից հետո էլ այդ ուղղությամբ տարվող աշխատանքների հիմնական ծանրությունը շարունակեց կրել Սփյուռքը:

1948 թ. իր կազմավորումից հետո հրեական պետությունն ինքը պաշ-տոնապես հանդես եկավ Ողջակիզման հետևանքով հրեա ժողովրդին հասցված վնասների հատուցման պահանջով: 1951 թ. սկզբներին Իսրայելի արտգործնախարար Մ. Շարեթը Գերմանիային ուղղված հատուցման պահանջը հասցեագրեց հաղթանակած տերություններին` ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Այդ պահանջը տերությունները, բացառությամբ ԽՍՀՄ-ի, վերահասցեագրեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը: Այսպիսով՝ Իսրայելը հստակ հասկացնել էր տալիս թե՛ հանցագործ պետությանը՝ Գերմանիային, և թե՛ ողջ աշխար-հին, որ հրեական անկախ պետականության ստեղծումից հետո պահանջատեր է ոչ միայն և ոչ այնքան հրեական սփյուռքը, որքան հրեական պե-տությունը, որը ողջ հրեա ժողովրդի շահերի ու իրավունքների ներկայացուցիչն է:

Այնուհետև՝ 1951 թ. հոկտեմբերի 23-ին, հրեական ազգային ու միջազ-գային կազմակերպությունները Նյու Յորքում հրավիրում են Գերմանիա-յին ուղղված հրեական նյութական պահանջների համաժողովը (կրճատ՝ Պահանջների կոնֆերանսը), որը, ըստ հայտարարության, պետք է բանակցություններ սկսեր Գերմանիայի հետ Ողջակիզման հետևանքով հրեաներին հասցված վնասների հատուցման հարցի շուրջ: Պետք է նշել, սակայն, որ սա սիոնիստական կազմակերպությունների ինքնագործունեությունը չէր, այլ Իսրայել պետության ու հրեական սփյուռքի կողմից մշակված ծրագիր, որում հրեական պետությունն առաջին պլան էր մղում նացիստական հանցագործություններից տուժած հրեական սփյուռքի լիազոր մարմնին, սակայն իրականում ինքը ոչ միայն վերահսկում, այլև ուղղորդում էր այդ գործընթացը: Դրա վկայությունն այն է, որ մեկ ամիս անց՝ 1951 թ. դեկտեմբերին, Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Պահանջների կոնֆերանսի ներկայացուցիչ Նաում Գոլդմանը Գերմանիա-յի վարչապետ Կ. Ադենաուերի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց բանակցությունների հիմքում դնելու Իսրայելի արտգործնախարար Մ. Շարեթի ներկայացրած՝ նյութական վնասների հատուցման չափը : Դժվար չէ նկատել, որ հրեական պետությունը համակարգում ու ղեկավարում էր տվյալ գործընթացը, թեև Գերմանիայի հետ բանակցությունների սեղանի շուրջ հրեական կողմից հանդես էին գալիս միայն սիոնիստական կառույցների ղեկավարները: Ողջակիզման նյութական վնասների հա-տուցման շուրջ բանակցությունները սկսվեցին 1952 թ. մարտին և ավարտվեցին սեպտեմբերի 10-ին՝ լյուքսեմբուրգյան պայմանագրի ստորագրմամբ՝ մի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ի դեմս Կ. Ադենաուերի), իսկ մյուս կողմից՝ Իսրայել պետության և Պահանջների կոնֆերանսի (համապատասխանաբար ի դեմս արտգործնախարար Մ. Շարեթի և Պահանջների կոնֆերանսի ներկայացուցիչ Ն. Գոլդմանի) միջև : Պայմանագրի համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պարտավորվում էր հատուցել Ողջակիզման հետևանքով հրեա ժողովրդին հասցված նյութական վնասները, ընդ որում՝ ոչ միայն անհատ հրեաներին ու հրեական կազմակերպություններին, այլև Իսրայել պետությանը, որտեղ ապաստան էր գտել նացիստական հանցագործություն-ներից փրկված հրեաների մի մասը :

Չնայած լյուքսեմբուրգյան պայմանագրի ստորագրմանը և այն հանգամանքին, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն արդեն սկսել էր կատարել հրեաներին Ողջակիզման նյութական վնասների հատուցման իր պարտավորությունը, միևնույն է, Իսրայելը տարիներ շարունակ հայտարարում էր, որ հրեական պետութ-յան ներկայացուցչի ստորագրությունը տվյալ պայմանագրում դեռևս չի նշանակում, որ իրենք ներել են գերմանացիներին կամ ճանաչում են գեր-մանական պետության գոյությունը: Լյուքսեմբուրգյան պայմանագրի ստո-րագրումից միայն 13 տարի անց` 1965 թ., երկու պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև նման դերաբաշխումը թույլ կտա Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործընթացները համակարգել մեկ կենտրոնից, այսինքն՝ արդյունա-վետորեն օգտագործել եղած սահմանափակ ռեսուրսները և խուսափել գործողությունների կրկնությունից: Գործողությունների ծրագրում պետք է հստակեցվեն Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ինչպես միջազգային իրավական, այնպես էլ քաղաքական հարթություններում զուգահեռաբար տարվող աշխատանքները:

Միջազգային իրավական հարթություն: Հայաստանը՝ իբրև միջազ-գային իրավունքի սուբյեկտ, հիմնվելով թե՛ ՄԱԿ-ի կանոնադրության և թե՛ անմիջականորեն ցեղասպանության կոնվենցիայի դրույթների վրա, կարող է դիմել միջազգային դատական ատյաններին՝ և՛ իր ու Թուրքիայի միջև եղած վեճը լուծելու, և՛ կոնկրետ հարցերի, օրինակ՝ կոնվենցիայի դրույթների մեկնաբանման ու կիրառման, կամ էլ ՄԱԿ-ի կառույցների մի-ջոցով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրինականութ-յան և վավերականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացութ-յուն տալու խնդրանքով: Սակայն այստեղ ծագում են նաև միջազգային դատական ատյանների՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի կամ միջազգա-յին արբիտրաժի իրավասությունների և ընդհանրապես Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում դրանց դիմելու նպա-տակահարմարությունը պարզելու հարցերը:

Միջազգային իրավունքի ոլորտում պետությունների պատասխա-նատվության ինստիտուտի հստակ ամրագրման նպատակով Հայաստանը պետք է ակտիվացնի իր գործակցությունը ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի հետ, որի շուրջ 50 տարվա աշխատանքով ստեղծված «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» փաստաթուղթը հավանության ար-ժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2001 թ. դեկտեմբերի 12-ին ըն-դունած 56/83 բանաձևով: «Միջազգային հանցագործության» փոխարեն՝ այս փաստաթղթում կիրառվել է «միջազգային հակաիրավական արարք» ձևակերպումը՝ չքրեականացնելու միջազգային իրավունքի նորմեր ստեղ-ծող սուբյեկտներին՝ պետություններին: Այդ փաստաթղթում ցեղասպանություն հանցագործությունը որակվում է իբրև ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերից բխող պարտավորությունների լուրջ խախտում, ինչը, անշուշտ, ենթադրում է նաև պատասխանատվություն: Ցավոք, դա այս ուղղությամբ ընդունված դեռևս միակ փաստաթուղթն է, ուստի Հայաստանը՝ որպես շահագրգիռ կողմ, այստեղ դեռ շատ անելիքներ ունի:

Բոլոր դեպքերում չպետք է մոռանալ էստոպելի սկզբունքի մասին և անընդհատ հարցը պահել Հայաստանի և Սփյուռքի օրակարգերում, որ-պեսզի ոչ ոք չկարողանա պնդել, թե Հայաստանը կամ հայերն իրենց գործողություններով կամ անգործությամբ հաշտվել են ստեղծված իրողութ-յան հետ և կորցրել ժամկետները՝ այդպիսով զրկվելով Հայոց ցեղասպա-նության հետևանքների հաղթահարման հարցը միջազգային ատյաննե-րում բարձրացնելու իրենց իրավունքից:

Գաղտնիք չէ, սակայն, որ միջազգային իրավունքի և հատկապես դրա նորմերի կիրառման վրա որոշակի ազդեցություն ունեն աշխարհաքաղա-քական զարգացումները, տարածաշրջանային գործընթացները, միջազ-գային հարաբերություններում ուժերի ու շահերի վերադասավորումները և այլն: Քանի որ Թուրքիան հետևողականորեն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և բացառում անգամ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցի քննարկումը, ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները միայն արտաքին ու ներքին ճնշումների պայմաններում հարկադրված կլինեն անդրադառնալ այդ հիմնախնդրին: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ համաշխարհային քաղաքականության ազդեցիկ դերակատարները թուրքական կողմին հստակ հասկացնել տան, որ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում Թուրքիան այլևս այլընտրանք չունի, ինչպես ժամանակին տեղի ունեցավ գերմանացի ժողովրդի և Գերմանիա պետության հետ: Այս հանգամանքներից ելնելով՝ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման միջազգային իրավա-կան գործընթացը պետք է լրջորեն նախապատրաստված ու ապահովագրված լինի դրան նախորդող ու դրան զուգահեռ տարվող քաղաքական գործընթացով:

Քաղաքական հարթությունում տարվող աշխատանքները պետք է ներառեն ոչ միայն զուտ քաղաքական, այլև գիտական ու քարոզչական բաղադրիչներ: Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար քաղաքական հարթությունում անհրաժեշտ է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես.

1. Պետք է հետևողական աշխատանք տանել ցեղասպանություն հան-ցագործությունից տուժած ժողովուրդների խախտված իրավունքների վե-րականգնման պայքարի ընդհանուր ճակատի ձևավորման ուղղությամբ, ինչը զգալիորեն կբարձրացնի իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և հաջողության հասնելու հավանականությունը: Նշենք, որ այս գործընթացի հիմքերն արդեն իսկ դրվել են Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության կողմից ցեղաս-պանության ենթարկված ժողովուրդների՝ հայերի, ասորիների ու հույների սերտ համագործակցության ձևաչափով, որին կարող են միանալ նորա-նոր ժողովուրդներ ու երկրներ: Այս առումով կարևոր քայլ պետք է համա-րել 2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ. ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը:

2. Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրների հետ այն առումով, որ ռացիոնալացվեն նրանց ընդունած բանաձևերն ու որոշումները՝ վերածվելով օրենքների, որպեսզի այդ երկրներն ու կառույցներն իրենց քաղաքականությամբ սատարեն Հայաստանին, երբ հասունանա հարցը միջազգային դատական ատյաններում բարձրացնելու պահը: Եվրոպա-կան որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը օրենսդրորեն քրեականացնելու նախադեպերը եվրոպական մյուս պետություննե-րի հայկական համայնքները պետք է փորձեն տարածել նաև իրենց երկր-ների վրա: Այս առումով նպաստավոր է այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ երկրները, 2008 թ. նոյեմբերի 28-ին ստորագրելով «Քրեական պատիժներ սահմանելու միջոցով ռասիզմի և այլատյացության որոշ տեսակների ու դրսևորումների դեմ պայքարելու մասին» շրջանակա-յին համաձայնագիրը, պարտավորություն են ստանձնել իրենց օրենս-դրությունը համապատասխանեցնելու դրա դրույթներին:

3. Հայաստանը կարող է, օրինակ, դիմել Լոզանի պայմանագիրը ստո-րագրած երկրներին՝ խնդրելով, որ նրանք պահանջեն ու ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, որ վերջինս կատարի այդ պայմանագրի 37-44-րդ հոդվածներով իր ստանձնած պարտավորությունները իր ոչ մահմե-դական բնակչության իրավունքները պաշտպանելու վերաբերյալ: Թուրքիայի հետ Լոզանի պայմանագիրը ստորագրած պետությունները գործնականում կարող են առաջնորդվել այդ պայմանագրի 44-րդ հոդվածի 4-րդ մասով և, Թուրքիայի կողմից իր ոչ մահմեդական հպատակների իրավունքների խախտումը դիտելով այդ երկրի հետ իրենց վեճ, դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որն Արդարադատության միջազգային մշտական պալատի լուծարումից հետո համարվում է վերջինիս ժառանգորդ դատական ատյանը: Նման գործընթաց սկսելու համար բավարար է Լոզանի պայմանագիրը ստորագրած պետություններից անգամ մեկի պահանջը, քանզի Թուրքիան, ստորագրելով ու վավերացնելով այդ պայմանագիրը, համաձայնել է, որ այդ վեճերի քննության հետևանքով միջազգային դատական ատյանի կայացրած վճիռն իր համար լինելու է վերջնական:

4. Այն երկրներում, որոնք դեռևս չեն ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, անհրաժեշտ է տարբեր լեզուներով ստեղծել ու տարածել հանրամատչելի տեղեկատվական բուկլետներ, բրոշյուրներ: Գերադասելի է դա անել Հայաստանի դիվանագիտական ներկայացուց-չությունների միջոցով, որպեսզի գործին տրվի պաշտոնական բնույթ: Նույնը պետք է արվի նաև էլեկտրոնային լրատվամիջոցների և համացանցի միջոցով: Այդ երկրներում անհրաժեշտ է ձևավորել բարենպաստ հա-սարակական կարծիք Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատա-պարտման համար: Այս գործողությունների թիրախը պետք է դառնան հիմնահարցին անտեղյակ կամ թուրքական ժխտողական քարոզչության հետևանքով ապակողմնորոշված զանգվածները, որոնց մատչելի ձևով և համոզիչ պետք է ներկայացվի պատմական ճշմարտությունը: Աշխա-տանքներ պետք է տարվեն նաև այդ երկրների գիտական շրջանակների հետ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության տարբեր հիմնահարցերի շուրջ կարելի է հրավիրել միջազգային գիտաժողովներ՝ տվյալ երկրի գիտ-նականների մասնակցությամբ, իսկ գիտաժողովի նյութերը պետք է թարգ-մանվեն տարբեր լեզուներով ու տարածվեն: Գիտաժողովների արդյունքների հիման վրա պետք է ընդունվեն բանաձևեր՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած երկրների ու հատկապես Թուրքիայի նախագահներին: Այս առումով լավ օրինակ են 2015, 2016, 2018 և 2022 թվականներին տարբեր երկրներից ժամանած անվանի գիտնականների, հոգևորականների, լրագրողների ու քաղաքա-կան գործիչների մասնակցությամբ Երևանում կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումները, ինչպես նաև ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարող անձանց «Ավրորա» մրցանակաբաշխությունները:

Վերջին շրջանում, հատկապես Արցախյան երրորդ պատերազմից և դրան անմիջապես հաջորդած Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացների մեկնարկից հետո մեզանում հետևողականորեն տարածվում են Հայոց ցեղասպանության վնասների հատուցման անհնարինության մասին թեզերը, որոնցով փորձ է արվում արժեզրկելու պահանջատիրության, հատուցման գաղափարը: Իրականությունը, սակայն, այն է, որ հիմա, առավել քան երբևէ, այդ գաղափարն արդիական է, և ծայրահեղությունների մեջ չընկնելու, ինչպես և իրատեսական պատկերացումներով առաջնորդվելու պարագայում հնարավոր է գտնել այդ հիմնահարցի ռացիոնալ լուծումները։ Համապատասխան փաստերի ու միջազգային իրավական նորմերի հիման վրա լիովին հնարավոր է մշակել հատուցման գործընթացի որոշակի մեխանիզմներ և գործիքակազմ՝ հիմնվելով նախկինում արդեն իրականացված նման գործընթացի նախադեպերի վրա: Խոսքը մասնավորապես Հոլոքոստի հետևանքով հրեա ժողովրդին հասցված բարոյական ու նյութական վնասների հատուցման մեխանիզմների մասին է, որոնք կարող են օգտագործվել նաև Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված բարոյական ու նյութական վնասների հատուցման գործում: Ինչ վերաբերում է հայերի կորցրած հայրենիքին և պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասներին, ապա այս պարագայում հատուցման մեխանիզմի հիմքում կարող են դրվել մեր տրամադրության տակ եղած փաստերն ու միջազգային իրավական համապատասխան փաստաթղթերը:

Ամփոփելով նշենք, որ արագ փոփոխվող աշխարհում, երբ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած պետական սահմանները կարող են վերաձևումների ենթարկվել, և դրանից ոչ մի պետություն, այդ թվում՝ Թուրքիան, երաշխավորված չէ, մենք, թեկուզև ընդհանուր գծերով, պետք է պատրաստ ունենանք Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հնարավոր գործընթացի մեխանիզմների և գործիքա-կազմի մոդել կամ մոդելներ, որպեսզի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում կարողանանք ներկայացնել գոնե դրա նախագիծը, և չստացվի այնպես, որ մենք հերթական անգամ դուրս մնանք գործընթացներից: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարումը ոչ միայն հայության իրավունքների վերականգնման ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հարց է, այլև մեր սրբազան պարտքն է անմեղ զոհերի հիշատակի առաջ:

 

Արմեն Մարուքյան

Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

«Դրօշակ» թիվ 1, 2023թ