Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես տեսա, որ թիկնեղ մարդը բոքսով խփեց Գոռին»,- «Վերնիսաժ»-ի մոտ կրակոցների գործով այսօրվա դատական նիստում իր ցուցմունքում հայտնեց վկաներից Արսեն Ավետիսյանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում նա պատմեց, որ ապրանք տեղափոխելիս է եղել, տեսել է` ինչպես երկու թանկարաժեք մեքենաների մոտ վիճում են վարորդները (քանի որ մեքենաների մոտ են եղել, ենթադրել է, որ դրանց վարորդներն են), հաղթանդամը բռունքով խփել է ավելի նվազ կազմվածք ունեցողին, նա մատնացույց արեց ամբաստանյալ Գոռ Առաքելյանին:
Վկայի խոսքով` հարված ստանալուց հետո Գոռն ասել է, թե` հիմա դուք կտեսնեք, ու գնացել, նստել է մեքենան: Իսկ թե ո՞ր մեքենան է նստել, վկան տարբեր ու անհասկանալի ցուցմունքներ էր տալիս` մեկ, թե նստել է սպիտակ մեքենան, որը վարել է մյուս ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը, մեկ` սև, որը վարել է Գոռ Առաքելյանը:
Սակայն այս հակասությունները վկան բացատրեց նրանով, որ ինքը մեքենաներից գլուխ չի հանում, միայն 100 տոկոս վստահ է, որ թիկնեղն է խփել Գոռին:
Վկաներից Աստղիկ Օսիկյանը պատմեց, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի մոտով անցնելիս է եղել, աղմուկ, գոռգոռոցներ, հայհոյանքներ է լսել, հետո` 5 կրակոց` դադարներով: Ապա տեսել է ընկած, արյունահոսող տղային` գործով տուժող Մյասնիկ Մնացականյանին: Ոտքը բարձր պահել է, պայուսակում եղած մաքուր շորը հանել, սեղմել է վերքին: Հետո արդեն շտապօգնություն է եկել, ոստիկանություն, ու իրեն հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ էլ ցուցմունք է տվել:
Նա մի քանի փոքր դրվագ է հիշել դեպքից` տեսել է` ինչպես սպիտակ մեքենայի մոտ մի շեկ մազերով աղջիկ փորձում է դեպի մեքենան հրել թիկնեղ մի երիտասարդի, երբ սպիտակ մեքենան իր կողքով անցել է, նկատել է, որ ղեկին նստածը «երկարավուն աչքերով, խիտ մազերով» երիտասարդ է (նկարագրությամբ` նման է եղել ամբաստանյալ Ներսես Մելքոնյանին):
Տեսել է նաև երկու թիկնեղ երիտասարդի, ովքեր իրար հետ խոսելիս ասել են հետևյալը. «Էս ի՞նչ եղավ: Ես տենց էլ գիտեի: Պիտի թողեինք, գնայինք»:
Երբ դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրեց, թե արդյո՞ք այդ թիկնեղ երիտասարդները ամբաստանյալի աթոռին նստածներն են, կինը չհիշեց: Դատավորի հրահանգով երեք ամբաստանյալները ոտքի կանգնեցին, վկան ասաց. «Չէ, նրանք իրենց նման կարճ չէին»:
Նկարիչ Տիգրան Առաքելյանի կտավներից 8-10 մետր հեռու է դեպքը տեղի ունեցել, սակայն նա ոչինչ չի տեսել, միայն` վիճաբանության ձայներ, հայհոյանքներ, հետո արդեն հենց առաջին կրակոցը լսել է, փախել է:
Վկաներից Վանիկ Պետրոսյանն էլ, ով «Վերնիսաժ»-ում բժշկական գործիքների առևտրով է զբաղվում, լսել է վիճաբանության ու կրակոցների ձայնը, սակայն պատահածը չի տեսել: Նրա խոսքով` այդ պահին իրարանցում է սկսվել, շատերը, առիթից օգտվելով, գողություն են կատարել: Իսկ ինքը, որպեսզի իր ապրանքն էլ չգողանան, հեռու չի գնացել:
Դատական հաջորդ նիստում շարունակվելու է վկաների հարցաքննությունը: