Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական ԶԼՄ-ներում սկսել են ավելի հաճախ հայտնվել հոդվածներ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական գործողություններ իրականացնում ահաբեկչական կառույցներին իբր անդամագրված` Ադրբեջանի քաղաքացիների դեմ: Независимая газета-ն էլ այսօր անդրադարձել է այդ թեմային` գրելով, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հակաահաբեկչական հաջող գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է հանրապետության 10 քաղաքացի: Նրանք բոլորն էլ տարբեր ժամանակահատվածներում եղել են ապօրինի զինյալ խմբավորումների շարքերում և Մերձավոր ու Միջին Արևելքում մարտերի են մասնակցել:
Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում և այլն:
Ադրբեջանում մինչ այդ համարյա բոլոր ձերբակալվածները կա'մ Հայաստանի գործակալներ էին, կա'մ էլ արմատներով հայեր: Այժմ ռուս-ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է շրջանառության մեջ դնել ձերբակալվածների` «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու հանգամանքը: Այն, որ ադրբեջանցիները շատ են «Իսլամական պետություն» խմբավորման կազմում, գաղտնիք չէ, բայց մինչ այս պահը նույն Ադրբեջանի անվտանգության նախարարությունը բացատրություններ չի տվել, թե ինչպե՞ս են այդ խմբերը առաջանում, ինչպե՞ս են ձևավորվում, ովքե՞ր են նախաձեռնողները, ֆինանսավորողները և այլն: Բայց բավական է մի քիչ «սեղմել» Իլհամ Ալիևի ոտքը, անմիջապես կգտնվի ինքնապաշտպանական պատասխանը: Այսպես են նրանք «քողազերծում» իրականությունը՝ աշխարհին ի ցույց դնելով Ադրբեջանում գործող իշխանության նվիրվածությունն ու ներդրումը համամարդկային խնդիրների լուծման գործում: Իրենք նպաստում են, իրենք հովանավորում են, իրենք աջակցում են, իսկ հետո իրենց համար ոչ ցանկալի մարդկանց ձերբակալում են` որպես «Իսլամական պետություն» խմբավորման անդամների:
Եվ ոչ ոքի, այդ թվում` նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի մտքով չի անցնում դատապարտել Ադրբեջանի կողմից համարյա ամեն օր Հայաստանի նկատմամբ իրականացվող ահաբեկչական գործողությունները, որոնք կատարվում են պետական մակարդակով և անձամբ Իլհամ Ալիևի գիտությամբ: Ալիևյան կլանի վարած քաղաքականությունը շղարշապատ չէ, և ցանկություն է պետք ունենալ` այն տեսնելու, հասկանալու համար: Իսկ քանի դեռ միջազգային բարձր ատյանները կշարունակեն դրսևորել կրավորական կեցվածք և իրավիճակը մեղմելու համար իրենց իբր դատապարտող հայտարարություններում կշարունակեն հավասարություն դնել հակամարտող կողմերի միջև, Ադրբեջանը կշարունակի ձերբազատվել իր համար ոչ ցանկալի քաղաքացիներից և նման հայտարարություններով կշարունակի շանտաժի ենթարկել միջազգային ազդեցիկ կառույցներին: Նման գործելաոճը հատուկ է ադրբեջանական պետությանը, և այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային հանրությունը չի սթափվել և կամք չի դրսեւորել` «իրերը անվանել» իրենց անուններով:
Հ. Հարությունյան