կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 18:40
Քաղաքական

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիներին

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիներին

Կառավարությունը սկսել է հարձակումներ գործել պարտադիր կուտակային համակարգի դեմ հանդես եկող անձանց վրա՝ խախտելով Սահմանադրության նորմերը: Ավելին` կառավարությունը տարածում է ապատեղեկատվություն և կեղծ թեզեր` ապակողմնորոշելով պաշտոնատար շատ անձանց: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով պարտադիր կուտակային ռեֆորմի մասին:

 

Նրա խոսքով՝ կառավարության կողմից հնչում են տեսակետներ, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: «Մեր պատգամավորներից մեկը հանդես է գալիս հայտարարությամբ, թե որքան կարևոր է պարտադիր բաղադրիչը, ու, ոչ ավելի, ոչ պակաս, վկայակոչում են միջազգային նորմը, ասես, թե հենց իրենք են այդ համակարգից սնվել: Այս բարձր ամբիոնից վստահաբար հայտնում եմ, որ ոչ մի միջազգային նորմում չեք գտնի այն, ինչը պարտադրում են այս օրենքով Հայաստանում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլոր ակտիվիստներին ու քաղաքացիներին պարտադիր կուտակային համակարգի դեմ իրենց վճռական պայքարի համար: Նա հորդորեց գործատուներին` չենթարկվել իշխանության սադրանքներին ու ճնշումներին, որովհետև այսօր իշխանությունը փորձում է կոնֆլիկտ ստեղծել աշխատող-գործատու հարաբերություններում: Արծվիկ Մինասյանը հորդորեց քաղաքական մեծամասնությանը` մինչև ՍԴ վերջնական որոշումը իրենց հայտարարություններով չմիջամտել դատարանի անաչառությանը: