կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 23:00
Առանց Կատեգորիա

16 ազգերի օրրան «հայկական Շվեյցարիայի» ներկան և թանձրացող հիշողությունները

16 ազգերի օրրան «հայկական Շվեյցարիայի» ներկան և թանձրացող հիշողությունները

ՀՀ հյուսիսում գտնվող Շամլուղ բնակավայրն ամենաինքնատիպ գյուղերից է: Նախկինում՝ քաղաքատիպ ավան, 1995 թվականից քաղաքի կարգավիճակ ունեցող, իսկ ներկայումս Ախթալա, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց և Շամլուղ համայնքների միավորման արդյունքում ձևավորված Ախթալա խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Շամլուղի ինչպես հիմադրումը, այնպես էլ ազգային դիմագիծն ու պատմությունը նույնպես տարբերվում են մեզ ծանոթ մյուս բնակավայրերից:

Պղնձի հանքերի շահագործման նպատակով 18-րդ դարի կեսերին այստեղ են հրավիրվել հույն մասնագետներ, որոնք էլ, ըստ տեղեկությունների, հիմնադրել են Շամլուղը: Այդպիսով՝ հանքագործությամբ է պայմանավորված ինչպես ավանի ծնունդը, այնպես էլ խայտաբղետ ազգաբնակչության առկայությունը. Շամլուղում բնակվել է 16 ազգություն (հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, իսպանացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն), ինչն աննախադեպ է թե՛  Հայաստանի, թե՛ համաշխարհային պատմության մեջ:

Ազգաբնակչության նման պատկերի ձևավորումը 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին պղնձարտադրությունը կապալով ֆրանսիացի արդյունահանողներին հանձնելու արդյունք է: Նրանց՝ Շամլուղի հանքավայրերի վերակառուցման ուղղությամբ  կատարած ներդրմանը զուգահեռ՝ տեղի է ունեցել եվրոպացի ազգաբնակչության ներհոսք:

Հետխորհրդային տարիներին, երբ 1989 թվականից փակվեց նաև 1970-ականներից Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեջ միավորված Շամլուղի հանքավայրը, սկսվեց ազգաբնակչության մեծ արտագաղթ. բնակիչների թիվը 4.500-ից կտրուկ նվազեց, և այժմ գեղատեսիլ այդ ավանում ապրում է շուրջ 400 մարդ:

Գյուղում առաջինը մեզ դիմավորեց Շամլուղի դպրոցի աշակերտ՝ 17-ամյա Գրիշա Մարգարյանը: Չնայած դպրոցահասակ տարիքին՝ Գրիշան լավագույնս տիրապետում է թե՛ գյուղի անցյալին, թե՛  արդի  հիմնախնդիրներին:

 

«Շամլուղցիները հիմնականում աշխատում են հանքերում (դրանք վերաբացվել են 2001 թվականից – Վ.Ս.), զբաղվում են նաև անտառտնտեսությամբ և գյուղատնտեսությամբ»,- նշում է Գրիշան՝ հավելելով, որ, չնայած առկա խնդիրներին, այդուհանդերձ, համայնքի՝ 2010-ական թթ. կեսերին տեղի ունեցած խոշորացումից հետո զգալի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել Շամլուղում:

44-օրյա պատերազմը Շամլուղում ևս թողել է իր ազդեցությունը. Գրիշան ևս խորապես մտահոգված է երկրի ճակատագրով, այդուհանդերձ, նա իր ապագան տեսնում է Հայաստանում, իսկ առկա ծանրագույն խնդիրները կհաղթահարվեն նոր սերնդի ազգային դաստիարակությամբ և բարձրորակ կրթություն ստանալու միջոցով:

Դեպի առաջ նայելու և Հայաստանի զարգացումը նոր փուլ տեղափոխելու կողմնակից լինելով հանդերձ՝ Գրիշան որևէ կերպ չի պատկերացնում իր ապագան ադրբեջանցիների և թուրքերի հետ։ «Ադրբեջանցիներին ու թուրքերը մեր թշնամիներն են, և, տեսնելով նրանց մոտ մոլեգնող հայատյացությունը, նրանց հետ ապագա չեմ տեսնում: Ավելին՝ մենք չպետք է հանդուրժենք այդ ամենը և պետք է ձգտենք վերականգնել մեր կորցրած տարածքները, արժանապատվությունը»,- ասում է նա:

Գրիշան «խաղաղության դարաշրջանի» բացումը համարում է սխալ քաղաքականություն. «Խաղաղության ձգտումը պետք է լինի երկկողմանի, բայց, ինչպես տեսնում ենք, դրան ձգտում է միայն Հայաստանը»:

Շամլուղի դպրոցի երկարամյա ուսուցչուհի, այժմ թոշակառու Նվարդ Մաշինյանը, որի տանկիստ որդին ծառայել է Արցախի Մարտունու շրջանում, իսկ թոռը վիրավորվել է 44-օրյայի ժամանակ, ևս չի պատկերացնում, թե ինչպես կարելի է բացել Թուրքիայի հետ սահմանը: «Դա ուղղակի սարսափելի է ինձ համար»,- նշում է նա:

Իսկ Գրիշան լավագույնս տիրապետում է պատմությանը և փաստում, որ 1918 թ. ձևավորված Ադրբեջանը չի կարող որևէ հավակնություն ունենալ հայոց դարավոր մշակույթի ու պատմական Շուշիի, Հադրութի, Քարվաճառի ու Արցախի մյուս տարածքների նկատմամբ: Ի դեպ, շուտով զորակոչիկ Գրիշան մեծ սիրով պատրաստ է ծառայել նաև Արցախում:   

Շամլուղի միջնակարգ դպրոցում այսօր սովորում է 125 աշակերտ, Գրիշայի դասարանում՝ 5: Հարցին՝ արդյո՞ք բոլորը նույն կարծիքին են, Գրիշան ունի «դիվանագիտական» պատասխան. «Մեր դպրոցի ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ երեխաները լինեն կրթված, որպեսզի դրանով զարգացնենք և՛ մեր Շամլուղը, և՛ ՀՀ-ն»:

Շամլուղ համայնքի կազմում ներկայումս ընդգրկված է չորս թաղամաս` Բենդիկը, Բուղաքարը, Շամլուղը և Վերին Ախթալան: Վերին Ախթալայից 1989 թ. հեռացել են ադրբեջանցիները, և այն ներկայումս գրեթե անմարդաբնակ է։ Փոխարենը՝ Շամլուղ են տեղափոխվել ադրբեջանական սպանդից մազապուրծ որոշ ընտանիքներ:

Տիկին Նվարդը կամ, ինչպես նրան են դիմում գյուղում, ընկեր Մաշինյանը լավ է հիշում Շամլուղի թաղամասերում բնակված ադրբեջանցիներին, անգամ ունեցել են իրենց դպրոցում աշխատող ուսուցչուհի։ «Չեմ հիշում, թե որ քաղաքից էր այդ ադրբեջանցի ուսուցչուհին, որն այստեղ աշխատում էր, բայց հենց սկսվեց 80-ական թթ. շարժումը, նա միանգամից ամուսնու հետ գաղտնի կապեր ստեղծեց, միացավ ադրբեջանական շարժմանը, և փախան այստեղից»,- նշում է նա և հավելում, որ ադրբեջանցիները երկերեսանի մարդիկ են, կարող են այսօր քեզ հետ լավ լինել, վաղը՝ թշնամություն անել, դրա համար էլ վախենում է նրանցից:

«Նրանց կողմից տևական խաղաղություն դժվար է պատկերացնել, ո՞նց կարող ենք մենք իրար հետ յոլա գնալ, չենք կարող»,- ծանր հոգոց հանելով՝ եզրակացնում է ընկեր Մաշինյանը, որն այս ծանրագույն շրջանում դժվար է պատկերացնում վաղվա օրը:

 

16 ազգությունների երբեմնի օրրան Շամլուղում այսօր հիմնականում հայեր են ապրում, 1-2-ական ընտանիք էլ՝ ռուսներ և հույներ: Ավանով շրջելիս միանգամից աչքի են զարնում տների՝  «ինտերնացիոնալիզմի» արդյունք համարվող ճարտարապետական ամենատարբեր հորինվածքները: Օրինակ՝ յուրօրինակ նախշազարդ պարիսպներով ու պատշգամբներով, հիմնականում ճոխ գունազարդված տները պատկանում են հույներին կամ այլ ազգությունների  ներկայացուցիչներին, որոնք տարբեր ժամանակներում լքել են գյուղը:

85-ամյա տիկին Ժենյան այն հույներից է, որի ծնողներն էլ են ծնվել և ապրել Շամլուղում:

«Էրեխե՛ք, մեր Շամլուղը մի Շամլուղ էր: Լրիվ Թիվլիզը, Էրևանը ամառը գալիս էր էստեղ՝ հանգստանալու: Հիմա՝ քարուքանդ էլավ ամենը, ո՛չ ճամփա կա, ո՛չ բան: Իմ ամուսինս ու ջահել էրեխես թաղված են էստեղ, ես դաժե չեմ կարող գերեզման գնալ», - յուրօրինակ խոսակցականով, կես ոգևորությամբ, կես վշտով պատմում է նա:

 

Ինչո՞ւ այդպիսին դարձավ Շամլուղը, տիկին Ժենյան պատասխանում է. «Սովետից հետո աշխատանք չկար, մարդիկ գնացին...»: Ավելի շատ հա՞յ է իրեն համարում, թե՞ հույն՝ հարցը մի պահ զգաստացնում է ծեր կնոջը, բայց նա ունի հստակ պատասխան. «Ես չեմ կարող ասել, որ հայ եմ, նո, յա ուվաժայու, պոտոմու շտո ես էստեղ եմ ծնվել: Մի քանի տարի առաջ գնացի սոցապ, էնտեղ հարցրին՝ խի՞ ես եկել, ասացի՝ էստեղ իմ ծննդավայրս է, էստեղ մեծացել եմ, դպրոց եմ գնացել: 20 տարի է՝ ամուսինս մահացել է, և ես 20 տարի է՝ ձմռանը գնում եմ Հունաստան կամ Օդեսա՝ էրեխանցս կուշտը, ամռանը գալիս եմ էստեղ՝ իմ տունը»:

Տիկին Ժենյան շատ է սիրել ամուսնուն՝ Գերմանին, որը ևս ծնվել և ապրել է գյուղում, եղել մեկ այլ ազգության՝ «Շամլուղի վրացական համայնքի» ներկայացուցիչ: «Մտնենք ներս՝ տեսեք, թե ինչ ամուսին ունեմ, ինչ տղա ունեմ»,- հպարտություն և տխրություն ճառագող աչքերով կանչում է տիկին Ժենյան, որի տուն մտնելիս հենց առաջինը «դիմավորում են» նրա հանգուցյալ ամունու և որդու մեծադիր լուսանկարները: Ներկայանալիս էլ նա առաջինը շեշտում է ամուսնու ազգանունը՝ Ասպանիձե, այնուհետև, հարցի դեպքում, նոր միայն հայտնում իր օրիորդական ազգանունը՝ Շալավասովա:

 

Սիրո՞ւմ է տիկին Ժենյան Հայաստանը. հարցը ժպիտ է բերում նրա դեմքին։ «Եթե չսիրեի՝ չէի գա, հիմա շատ մեծ դժվարությունով եմ եկել: Տղաս ասում է՝ ուզում էիր գնալ բարձր սարեր, գնացի՞ր, դե թող ձենդ դուրս չգա»,- ասում և ծիծաղում է Շամլուղի վերջին հույներից մեկը:

44-օրյա պատերազմի մասին նրան տեղեկություններ է հաղորդել Օդեսայում ապրող աղջիկը, և լուրերը շատ ցավով է ընդունել տիկին Ժենյան: Ըստ նրա՝ կոնֆլիկտը նոր չէ, և 70 տարի է, ինչ «գնում է այդ խոսք ու զրիցը»:

Թուրքերից ամենաշատ տուժող ազգերից մեկը նաև հույն ժողովուրդն է, կարո՞ղ են, արդյոք, հայերը և հույները հաշտ ու խաղաղ ապրել թուրքերի հետ՝ հարցից տիկին  Ժենյան մռայլվում է. «Չէ, ինձ թվում է՝ չէ... Գիտեք, Ղարաբաղի էս խժդժությունները երբ սկսվեցին՝ Թուրքիան ճանապարհները Հունաստանի հետ փակեց, հիմա չենք կարող ո՛չ էստեղից մտնել, ո՛չ էնտեղից դուրս գալ: Առաջ ավտոբուսով սիրուն նստում էիր և 2,5 օրում հասնում, իսկ հիմա չկա ճանապարհ»:  

Թե միայնակ որքա՞ն «կապրեցնի» Ժենյա Ասպանիձե-Շալավասովան Շամլուղի վերջին հույներից մեկի՝ իր և իր սիրելի ամուսնու՝ Գերման Ասպանիձեի նույնքան սիրելի տունը, դժվար է ասել: Մեկ բան հստակ է՝ հույներն ու Շամլուղից հեռացած մյուս ազգություններն իրենց խոր հետքն են թողել այդ հռչակավոր ու գեղատեսիլ անկյան՝ «հայկական Շվեյցարիայի» պատմության ու թանձրացող հիշողությունների վրա...

Վահե Սարգսյան