Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 19-ին իտալացի երգիչ Ռոբերտինո Լորետտին պետք է համերգով հանդես գար ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի տանը: Համերգին պետք է մասնակցեր նաև Լորետտիի աշակերտը` 12-ամյա Ֆելքիս Քարամյանը, ով քանիցս հանդես էր եկել Լորետիի հետ ելույթներով: Համերգից մեկ օր առաջ պարզվեց, որ Լորետտին Արցախ գալ չի կարող: Առաջին «պարզաբանումը» հետևյալն էր. «Լորետտին հանկարծակի սուր ցավեր է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց»:
Համերգի կազմակերպիչ, «Cadance music centre»-ի տնօրեն Նիկա Բաբայանը, սակայն, նկատել էր` նույն պատճառով հանկարծ հիվանդանոց է տեղափոխվել նաև Լորետտիի դաշնակահար Ֆաբրիցիո Մասսին, ով Լորետտիի հետ պետք է Հայաստան ժամաներ, և այս ամենը` ինքնաթիռ նստելուց րեպեներ առաջ: Պարզ էր` Ադրբեջանը գնել էր երգչին:
Հարկ է շեշտել, որ երգիչը ոչ թե վախեցել էր հայտնվել Ադրբեջանի «սև ցուցակում» կամ դառնալ թիրախ, այլ ծախվել էր, բնականաբար, մեծ գումարով:
Լորետտիի պաշտոնական կայքէջում նրա համերգային շրջագայությունները փորփրելիս պարզ է դառնում, որ երգիչը քանիցս համերգով հանդես է եկել Բաքվում` մեծ հոնորարներով: Լորետտին Արցախում պետք է ելույթ ունենար առաջին անգամ: Մինչ այդ հայկական կողմը ներկայացրել էր երգչին` Արցախ այցից հետո ադրբեջանական կողմից հնարավոր քննադատություն ու քայլեր կարող են լինել:
Artsakhpress.am-ի հետ զրույցում Նիկա Բաբայանը նշել էր. «Երգիչը գիտի, որ եթե նա մտնի Արցախ, ապա կկորցնի բազմաթիվ համերգներ տալու հնարավորությունը Ադրբեջանում: Մեր այս դիտարկմանը Լորետտին ասաց, որ եթե կա մի երկիր, որ պայման է դնում, որ մի երկրում համերգ տալն ու գործունեություն իրականացնելը կարող է դուր չգալ մեկ այլ պետության, ապա նա գերադասում է այդ երկրի հետ գործ չունենալ»:
Համերգից օրեր առաջ, երբ Լորետտին ազատ արվեստագետ էր ձևանում, դեռ չգիտեր, որ ծախվելու է Ադրբեջանին: Ուշագրավ մի հանգամանք ևս` այդ օրերին /հունիսի 14, 15/ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին զգուշացնում էր Լորետտիին, որ անթույլատրելի է այցը «ադրբեջանական գրավյալ տարածք», սակայն Լորետտին անդրդվելի էր թվում /լուրը հրապարակվել էր az.baku-art.com-ում, որն այժմ հեռացվել է/: Սակայն, միաժամանակ, հակասական են թվում Լորետտիի ռուսաստանյան համերգների կազմակերպիչ Սերգեյ Ապատենկոյի և երգչի` Իտալիայի ներկայացուցիչ Ֆաբրիցիո Մասչի խոսքերը: Այսպես` Ապատենկոն հայտարարել էր, որ ինքը նույնպես զգուշացրել էր հետևանքների մասին Լորետտիին, և նա «շատ լուրջ է ընդունել իր խոսքերը», իսկ ահա Մասչը ասել էր, որ, միևնույն է, Լորետտին այցելելու է Արցախ: Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:
Թռիչքից րոպեներ առաջ, երբ համերգի կազմակերպիչը` Նիկա Բաբայանը, զանգահարում է` իմանալու, թե ամեն ինչ կարգի՞ն է, հանկարծ պարզվում է, որ թե՛ Լորետտին և թե՛ նրա դաշնակահար Ֆաբրիցիո Մասսին սուր ցավերով տեղափոխվել են հիվանդանոց: Լորետտին, որպես ապացույց, խոստացել էր բժշկի թուղթ ուղարկել:
Yerkir.am-ի հետ զրույցում Նիկա Բաբայանը նշեց, որ թուղթը, այնուամենայնիվ, Լորետտին ուղարկել է /երգիչը բավական երկար ժամանակ ուղղակի չէր ուղարկում այն/. «Այնտեղ նշված է, որ երգիչը սրտի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ է ունեցել: Այն ինձ համար ուղղակի թուղթ է և իրավական ուժ չունի, հատկապես այն դեպքում, երբ Լորետտիի կինը բժիշկ է: Վերջին հաշվով` ի՞նչ տարբերություն, թե դա ինչ թուղթ էր, նրա արածն այնքան մեծ տականքություն էր: Ո՞վ իր աշակերտի հետ նման կերպ կվարվեր: Ուզում է Լորետտին լինի, ուզում է Ձմեռ պապը, եթե երեխայի հանդեպ որևէ մեկը նման կերպ է իրեն պահում` կատարյալ տականք է»:
Իտալիայում, հավանաբար, սիրտ-անոթային հիվանդությունները վարակիչ են, որովհետև, ինչպես նշել էինք, ինքնաթիռ նստելու պահին հանկարծ սրտի սուր ցավեր ունեցավ ոչ միայն Լորետտին, այլ նաև նրա դաշնակահարը` գուցեև չուզենալով այդ դժվար պահին «շեֆին» միայնակ թողնել:
Ուշագրավ մի հանգամանք ևս` ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն էլ համերգից օրեր առաջ նշում է, որ Արցախ այցելող հյուրերին նախապես տեղեկացվում է Բաքվի «սեւ ցուցակի» մասին. «Սա Լորետտիի առաջին համերգն է Արցախում, մինչ այդ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ Լորետտին համերգ կտա նաեւ Երեւանում, իսկ 2015թ. կրկին կայցելի Արցախ: Բացի համերգներից, չի բացառվում, որ երգիչը նաեւ դասախոսություններ եւ վարպետության դասերի անցկացնի հայ պատանի երգիչների համար»:
Այն, որ Լորետտին առողջական խնդիրների պատճառով չէ, որ Հայաստան չեկավ, փաստում է նաև այն հանգամանքը, որ նա ոչ թե հետաձգեց համերգը, այլ հրաժարվեց` հրաժարվելով նաև հետագա համագործակցությունից:
Rosbalt.ru-ն, հղում տալով vesti.az-ին, գրում է .«Լորետտին հրաժարվել է համերգով հանդես գալ ԼՂՀ-ում այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեսպանատունը միջամտել է հարցին»:
Արցախյան համերգից առաջ սրտանոթային սուր ցավերով հիվանդանոց տեղափոխված երգիչը ուղիղ մեկ ամիս հետո` հուլիսի 20-ին, համերգով հանդես եկավ Ադրբեջանում: Apa.az-ում կարդում ենք. «Հուլիսի 20-ին Մուղամի միջազգային կենտրոնում կայացել է Իտալիայի «ոսկե ձայն» Ռոբերտինո Լորետտիի համերգը: Լորետտիի հետ ելույթ է ունեցել ադրբեջանցի երիտասարդ վոկալիստ Էմին Էմինզադեն»: Ստացվում է` Ադրբեջանում տեղի ունեցած համերգը կրկնօրինակել է ղարաբաղյան չկայացած համերգի սցենարը:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ ադրբեջանական բոլոր կայքերը, որոնք ինչ-որ կերպ, թեկուզ` ոչ քննադատաբար, անդրադարձել էին Լորետտիի ղարաբաղյան համերգին, այժմ հեռացրել են այդ լուրերը:
Ի դեպ, Լորետտիի պաշտոնական կայքէջը թերթելիս հարցազրույցներում նկատում ենք, որ նա գումարի կարիք պետք է որ չունենա: Լորետտին Իտալիայում ունի սեփական ռեստորան, առանձնատուն, փոստատար: Հարցազրույցներից մեկում նշում է. «Փողը պետք է ինձ, որ գնեմ նոր շներ, ձիեր ու թութակ»: Տեսնես` Արդրբեջանին ծախվելով` քանի՞ շուն, ձի կամ թութակ գնեց Լորետտին:
Արցախում համերգը կայացավ առանց Լորետտիի, բեմում Ֆելիքս Քարամյանն էր: Ֆելիքսն ապրում է Նիժնի Նովգորոդ քաղաքում, սակայն արմատներով Ղարաբաղից է: Լորետտին դասավանդում է Ֆելիքսին` համարելով նրան ապագա աստղ եւ 2013-ից նրանք միասին համատեղ համերգներ են տվել բալթյան եւ սկանդինավյան երկրներում: 2011թ. Լորետտին Ֆելիքսին հայտարարեց իր միակ եւ պաշտոնական աշակերտը: Այդ ժամանակ Ֆելիքսը 10 տարեկան էր եւ սովորում էր Նիժնի Նովգորոդի երգչախմբային քոլեջում: Լորետտին Ֆելիքսին նվիրեց իր հեղինակած Amore («Սեր») ստեղծագործությունը, որը գրվեց այնպիսի ձայնի համար, ինչպիսին նա ուներ մանկության տարիներին:
Վերջում կուզեինք մեջբերել Լորետտիի խոսքերը. «Ես մեծացել եմ, բայց դեռ Ռոբերտինո եմ»: Այո, պարո'ն Լորետտի, քանզի Հայաստանը որևէ մեկին գնելու ցանկություն չունի, քանզի ազատ արվեստագետը չի վաճառվում:
Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ 2015-ին նույնպես` «ավանդույթի համաձայն», Լորետտին մենահամերգով հանդես կգա Բաքվում:
Կարինե Հարությունյան