կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 15:48
Մշակույթ

Ադրբեջանը համոզեց Ռոբերտինո Լորետիին` արցախյան համերգը չեղյալ է հայտարարել

Ադրբեջանը համոզեց Ռոբերտինո Լորետիին` արցախյան համերգը չեղյալ է հայտարարել

Վաղը Ստեփանակերտում պետք է տեղի ունենար հանրահայտ երգիչ Ռոբերտինո Լորետիի համերգը, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել: Համերգը կազմակերպել էր «Cadance music centre»-ը: Ռոբերտինո Լորետիի հետ պետք է ելույթ ունենար նաև Ֆելիքս Քարամյանը /նրան դեռ երկու տարի առաջ «դաստիարակության է վերցրել» Լորետին` նկատելով Կիեւում  ելույթի ժամանակ/:

 

Yerkir.am-ի հետ զրույցում «Cadance music centre»-ի տնօրեն Նիկա Բաբայանը նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Լորետին հանկարծակի սուր ցավեր է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց: Բայց բանն այն է, որ, ըստ Բաբայանի, նույն պատճառով հիվանդանոց է տեղափոխվել նաև Լորետիի դաշնակահար Ֆաբրիցիո Մասսին, ով Լորետիի հետ պետք է Հայաստան ժամաներ:

 

«Մենք այդ ամենին չենք հավատում և գիտենք, որ հիվանդություն չէ պատճառը: Պարզապես ադրբեջանական դիկտատորական մեքենան կարողացավ այդ մարդուն վախեցնել: Երևի և՛ Հռոմում դեսպանատնից են Լորետիին մոտեցել, և՛ նրա ռուսաստանյան համերգների կազմակերպիչ Սերգեյ Ապատենկոն է համոզել ու վախեցրել: Համոզված եմ, որ իրեն և՛ վախեցրել են, և՛, շատ հավանական է, գնել են: Իրենք դեռ մեզ բժշկական փաստաթղթեր կուղարկեն` ապացուցելու համար, որ նա, իրոք, հիվանդության պատճառով է վերջին պահին որոշել չժամանել ԼՂՀ: Սակայն դա էլ հարցի լուծում չէ, հասկանո՞ւմ եք, այդ բժշկական տեղեկանքը հեշտությամբ կարելի է և գնել»,-ասաց Բաբայանը:

 

Նա նշեց, որ գուցե բարոյական իրավունք չունի` նման բան մտածելու, որովհետև ով գիտե` գուցե հիվանդացել է, բայց կան փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ նա հրաժարվել է ու չի եկել հենց ճնշումների պատճառով: «Հրաժարվելու ձև էլ կա, չէ՞, մարդը պարզապես ինքնաթիռ չի նստել: Լավ, եթե Լորետին հիվանդացավ ու չեկավ, դաշնակահա՞րն էլ հիվանդացավ»,- իր կասկածները հայտնեց Բաբայանը:

 

Մեր հարցին` փաստորեն, արվեստագետնե՞րն էլ են սկսում քաղաքական խաղերի մեջ մտնել, նա պատասխանեց, որ երբեք չէր պատկերացնի, որ նման բան կլիներ:

 

«Ասում են` եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունը կզբաղվի քեզնով, ինչ չէինք տեսել` դա էլ տեսանք: Ինձ ասում են` ափսոս, կորուստ եղավ, բիզնեսդ մեծ կորուստ կկրի: Այդ ի՞նչ մեծ կորուստ է, որ… Բիզնեսի մեջ միշտ էլ կորուստներ են լինում, կորուստն այստեղ մարդկայինի և բարոյականի մեջ է: Նա իր աշակերտին` Ֆելիքսին, ով նրան կուռք ու ուսուցիչ էր համարում, ուղղակի դավաճանեց ու վատ վիճակի մեջ գցեց»,- ասաց Բաբայանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Ղարաբաղի ճանապարհին են, գնում են` համերգ տալու, և նույն ծրագիրը, ինչ նախատեսված էր Լորետիի համերգին, Ֆելիքս Քարամյանը միայնակ կկատարի:

 

«Վստահ եմ, որ փայլուն համերգ կլինի: Ֆելիքսը մեծացավ մեկ օրվա մեջ, միանգամից հասունացավ: Ի դեպ, վերջին շրջանում Լորետին համերգներ էր ունենում հենց Ֆելիքսի շնորհիվ, այնպես որ` դեռ հարց է` ո՞վ է ում կորցրել: Կարևորը, որ Ֆելիքսը չի կոտրվում: Մենք նրան հարցրինք` եթե չես ուզում` մի երգի, նա ասաց` ոչ, ընդհակառակը, պետք է ելույթ ունենամ: Տղայի մեջ ղարաբաղյան արյուն կա, այնպես որ` ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց Բաբայանը:

 

Ըստ նրա` Լորետիի հետ, մինչև համերգի մասին պայմանավորվածություն ձեռք բերելը, խոսել են այն մասին, որ հնարավոր է` համերգից հետո երգիչը հայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում», սակայն, այնուամենայնիվ, նա համաձայնել է համերգով Արցախում հանդես գալ: Բաբայանի հավաստմամբ` սա ևս փաստում է, որ ոչ թե «սև ցուցակում» հայտնվելու հանգամանքն է վախեցրել երգչին, այլ գումարն է գայթակղել, որն առաջարկել է Ադրբեջանը:

 

Կարինե Հարությունյան