Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բանդա 2»-ի գործով այսօրվա դատական նիստը աղմկոտ էր ու լարված մթնոլորտում էր ընթանում: Դատակոչված վկա Գայանե Պողոսյանի տված իրարամերժ վկայություններն էլ մյուս կողմից էին հունից հանում դատավարության մասնակիցներին:
Գայանե Պողոսյանը պատմեց, որ աշխատում է Բագրատունյաց 18 հասցում գտվող բացօթյա խանութում: Աշխատելիս է եղել, երբ մյուս աշխատողը` Խաչիկը, վատացել է: Զանգել է, օգնության կանչել իրենց խանութի տիրոջը: Խաչիկից իմացել է, որ մոտակայքում գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա կրակել են, նա տեսել ու դրանից էլ վատացել է:
Վկան պատմեց, որ դեպքից հետո գիշերը` ժամը 1-ի կողմերը, իրեն ու մոտակայքի խանութների ևս երեք աշխատակցի տարել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, «պահել են ամբողջ գիշեր և միայն առավոտյան ազատ արձակել»:
Այս ցուցմունքը հակասում էր նախաքննական ցուցմունքին, որում նշված էր, որ կինը հարցաքննվել է ոչ թե գիշերային ժամի, այլ հունվարի 13-ին` ժամը 13:30-15:00-ը: Սրա վերաբերյալ ադեկվատ որևէ բացատրություն վկան այդպես էլ չտվեց:
Իսկ ահա գործով ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան` փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վկան հարցաքննվել է մեկ էլ քրեական գործի շրջանակներում` արձանագրության մեջ նշված գործի թիվն ու այս գործի թիվը տարբեր են:
Էական հակասություններից էր նաև այն, որ վկան հայտնեց, թե նախաքննական ցուցմունքն իր ձեռքով է գրել, այնինչ` նախաքննության ժամանակ արձանագրվել է, որ նրա պատմածով է ցուցմունքը գրի առնվել:
Դատարանի դահլիճում ներկա գտնվող` վկայի ամուսինը բորբոքվեց կնոջն ուղղված հարցերից ու, դիմելով պաշտպանական կողմին, բղավեց. «Ա'յ ընկեր ջան, էս մարդը 24 ժամ աշխատել ա, հոգնած ա էս մարդը»: Դատական նիստը խանգարելու համար դատարանը նրան դուրս հրավիրեց դահլիճից:
Երկրորդ վկային` Դավիթ Մկրտչյանին, հարցաքննելուց առաջ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանին հայտնեց, որ նա մինչ այս նիստերին ներկայացել է և լսել նախորդ վկաների ցուցմունքները, հետևաբար` դատարանում հարցաքննվել չի կարող: Վկան էլ խոստովանեց, որ դատական նիստերին եկել է, սակայն դրանք միշտ հետաձգվել են, ու ինքը ծանոթ չէ մյուս վկաների ցուցմունքներին: Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, հայտնեց, որ չկան բավարար ապացույցներ, թե նա իսկապես լսել է մյուս վկաներին ու կարող է հարցաքննվել:
Դատարանի այս որոշումը հունից հանեց փաստաբանին, նա հավաքեց փաստաթղթերը ու պատրաստվեց հեռանալ դատարանի դահլիճից, սակայն դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հորդորեց հետ վերադառնալ և ապացույցներ ներկայացնել: Այնուհետև որոշվեց, որ այս հարցը քննվի հաջորդ դատական նիստում: