կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-29 13:56
Քաղաքական

Ադրբեջանը հրաժարվում է միջազգային հանրության պահանջը կատարելուց ` սրելով կոնֆլիկտային իրավիճակը. Աղվան Վարդանյանը՝ Բաքվում

Ադրբեջանը հրաժարվում է միջազգային հանրության պահանջը կատարելուց ` սրելով կոնֆլիկտային իրավիճակը. Աղվան Վարդանյանը՝ Բաքվում

Բաքվում անցկացվող` ԵԱՀԿ 23-րդ տարեկան նստաշրջանում այսօրվանից մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտեներն են քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, երկրորդը` տնտեսության, շրջակա միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտեն է, որում Հայաստանի ներկայացուցիչն է ԲՀԿ խմբակության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, եւ երրորդ կոմիտեն ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեն է, որի աշխատանքներում էլ ընդգրկված է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Ժղովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեի աշխատանքների ժամանակ այսօր սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը ներկայացրել է իր պատրաստած զեկույցը ժողովրդավարության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի վերաբերյալ: Սերբ պատգամավորի կողմից զեկույցը ներկայացվելուց հետո եղել են զեկույցի վերաբերյալ քննարկումներ, որոնց ժամանակ առաջինը ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչը: Բաքվից Yerkir.am-ին Աղվան Վարդանյանը հայտնեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչը, շրջանցելով օրակարգի բուն հարցերը, դարձյալ անդրադարձել է Ադրբեջանի հին «երգերին» հայկական «ագրեսիայի», «միլիոն փախստականների», 20 տոկոս «օկուպացված» տարածքների մասին:

 

Քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Աղվան Վարդանյանը, ով, ինչպես պատմեց Yerkir.am-ին, իր զեկույցը կառուցել է 3 հիմնական հարցերի վրա:

 

«Առաջինը, որ զեկույցի մեջ հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտին, սակայն այդ եզրափակիչ ակտի հիմնարար դրույթներից մեկը` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ներառված չէ զեկույցում, եւ առաջարկեցի, որ զեկուցողն այս հիմնարար սկզբունքը նույնպես զեկույցի մեջ ներառի:

 

Երկրորդը վերաբերում էր միգրանտների խնդիրներին եւ միգրանտների հանդեպ ատելության հողի վրա գործած հանցագործությունների, խտրականության վերաբերմունքին: Ես խոսեցի այն մասին, որ խտրական վերաբերմունքն ու ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները շատ ավելի լայն հասկացություն են եւ միայն միգրանտներին չեն վերաբերում ու պետք է ավելի լայն սպեկտրով սրան նայել, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք ունենք նման իրավիճակ. խոսքը Ռամիլ Սաֆարովի դեպքի մասին է, եւ շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ-ն այս խնդիրներին շատ ավելի ընդգրկուն նայի եւ դատապարտի:

 

Երրորդ հարցն առնչվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հանդեպ հալածանքներին, զեղծարարություններին, ինչը շատ տարածված է Ադրբեջանում, եւ շեշտը դրեցի Ադրբեջանում այդ իրավունքների ոտնահարման վրա, բայց նաեւ անցում կատարեցի դրանից` որպեսզի այս հարցերը կարգավորվեն, պետք է ե’ւ ԵԱՀԿ-ն, ե’ւ Եվրախորհուրդը կարողանան ակտիվ աշխատել տարածաշրջանում, իսկ դա նշանակում է ազատ կարողանան գալ տարածաշրջան, մինչդեռ Ադրբեջանը շատ հաճախ պերսոնա նոն գրատա է հայտարարում այն անձանց, ովքեր նախապես` մինչ Ադրբեջանին հարցնելը, այցելել են Լեռնային Ղարաբաղ»,- ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ այս վերջին երեւույթի մասին նաեւ առավոտյան Ֆրանսիայի ներկայացուցիչը` Վեհաժողովի փոխնախագահ Ալան Ներին է խոսել` անդրադառնալով այս օրերին գրանցված միջադեպին, երբ Ադրբեջանը այս միջոցառմանը մասնակցելու համար մուտքի վիզա չէր տրամադրել ֆրանսիացի պատվիրակներից մեկին` այն պատճառաբանելով նախապես ԼՂՀ այցելելու հանգամանքով: Ներին շեշտել է, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է: Ու քանի որ ֆրանսիացի պատգամավորը եւս այդ հարցը բարձրացրել էր, այդ երեւույթին անդրադարձել է նաեւ Աղվան Վարդանյանը` շեշտելով նման երեւույթների անթույլատրելիությունը: Նա առաջարկել է, որ զեկույցի ու բանաձեւերի մեջ ընդգրկվի դրույթ, որը կբացառի նման վերաբերմունքը պատգամավորների հանդեպ:

 

Վերջում հայ պատգամավորն ավելացրել է, որ չի անդրադառնա իր ադրբեջանցի գործընկերոջ բոլոր մեղադրանքներին, այլ ընդամենը մեկ բան է շեշտել. «Ասացի, որ եթե միջազգային հանրությունն առաջարկում է, իսկ Հայաստանը համաձայն է դրան, որ դիպուկահարները հետ քաշվեն շփման գծից, որպեսզի ամեն օր զոհեր չլինեն, ապա Ադրբեջանը համառորեն հրաժարվում է միջազգային հանրության այդ պահանջը կատարելուց ` դրանով սրելով կոնֆլիկտային իրավիճակը»:

 

Ի դեպ, Աղվան Վարդանյանն ավելացրեց, թե նայում է պատուհանից ու տեսնում, որ Ադրբեջանի հսկա դրոշը դարձյալ չկա. երեկ կար, բայց գիշերն ուժեղ քամի է եղել, եւ կարծես, դարձյալ պատռվել է այդ հանրահայտ դրոշը: