Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային հարաբերությունները ներկայումս բնութագրվում են աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական դիմակայության կտրուկ սրմամբ, աշխարհի ռազմաքաղաքական ուժի նոր գլոբալ և տարածաշրջանային կենտրոնների ձևավորմամբ, նրանց միջև ազդեցության ոլորտների համար պայքարի սրմամբ։
Աշխարհաքաղաքական շահերի բախման առանցքում ՌԴ-ԱՄՆ ռազմավարական մրցակցությունը վերաճել է բացահայտ գերլարվածության, երկու գերտերությունների միջև կոնֆլիկտային իրավիճակը շարունակում է սրվել (ռուս-ուկրաինական պատերազմ, Ուկրաինան որպես Արևմուտք-ՌԴ հակամարտության օբյեկտ):
ԱՄՆ-ն հանդես է գալիս և՛ որպես հավաքական Արևմուտքի կարևոր բաղադրիչ, և՛ որպես առանձին սուբյեկտ՝ հավակնելով գլոբալ աշխարհի կառավարմանը:
Ավելի պարզ ներկայացնելու համար ՌԴ և ԱՄՆ կոնֆլիկտային ռազմավարությունը անդրադառնանք դրանց ազգային անվտանգության (այսուհետ՝ նաև ԱԱՌ) ռազմավարություն փաստաթղթերին, որոնցում սահմանված են այդ երկրների ռազմավարական նպատակները, կենսական շահերը, սպառնալիքները, գործընկեր, դաշնակից երկրները և այլն:
Նշենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ավելի հաճախ մրցակցային բնույթ են կրել, առավել սրվել են 2014 թվականից հետո, ինչը մեծապես պայմանավորված էր Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացներով:
ԱՄՆ-ն չճանաչեց Ղրիմը որպես ՌԴ մաս և կոչ արեց Ռուսաստանին հարգելու միջազգային իրավունքն ու վերականգնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այս իրադարձություններին հաջորդեց Ռուսաստանի նկատմամբ սահմանված բազմաթիվ պատժամիջոցների կիրառումը։
Ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվում են 2015 թ., երբ ԱՄՆ-ն որոշում է Արևելյան Եվրոպայում տեղակայել զինտեխնիկա՝ տանկեր, ծանր հրետանի։
2022 թ. վերսկսված և դեռևս չավարտված ռուս-ուկրաինական պատերազմը (մասնավորապես Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժեի, Խերսոնի տարածքների հանրաքվեն) խորացրեց ռուս-ամերիկյան հակասությունները:
2017-2018 թթ. ընթացքում ԱՄՆ-ի ընդունած բոլոր երեք ռազմավարական փաստաթղթերում՝ ազգային անվտանգության, ազգային պաշտպանության և միջուկային զսպման քաղաքականության ռազմավարություններում, նշվում է, որ ԱՄՆ հիմնական սպառնալիքն այլևս մեծ տերությունների միջև մրցակցությունն է, այլ ոչ թե ահաբեկչությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից։
Ռուսաստանի անունը լայնորեն արծարծվում է նաև ԱՄՆ միջուկային ռազմավարությունում (Nuclear Posture Review), որում հստակ նշվում է, որ ԱՄՆ-ի համար մրցակից պետություններ են ՌԴ-ն և ՉԺՀ-ն։
2019 թ. Պենտագոնի և ԱՄՆ առաջատար վերլուծաբանների պատրաստած «Ռուսաստանի ռազմավարական մտադրությունները» (Russian Strategic Intensions) ուսումնասիրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի համար ՌԴ-ն վտանգ է ներկայացնում ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական և գաղափարական ոլորտներում։
Հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասին ԱՄՆ ռազմավարությունում (US Missile Defense Review), որում ՌԴ գործողությունները նորից դիտարկվում են որպես սպառնալիք, նշվում են նաև ԱՄՆ-ի հակառակորդ և մրցակից պետությունների՝ Չինաստանի, Իրանի և ՀԿԺՀ-ի հետ ՌԴ հարաբերությունները ՀՕՊ ոլորտում։
Նշենք, որ ռազմավարական փաստաթղթերն ունենում են տարբեր կառուցվածքներ, ձևեր և ոճեր։ Օրինակ՝ ԱՄՆ ռազմավարության փաստաթուղթն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ ազատ ոճով է շարադրված, այսինքն՝ երկխոսությունը քաղաքացու հետ է, պետությունը դիմում է իր հասարակությանը՝ շեշտելով «մենք», «մեր» բառերը («Մենք առաջնորդվելու ենք դիվանագիտությամբ», «մեր դաշնակիցների թիկունքում», «Մենք լիազորություն կտանք մեր դիվանագետներին» և այլն), իսկ ՌԴ ռազմավարությունը կանոնակարգված է, շարադրված իրավական, դիվանագիտական լեզվով:
2021 թ. մարտի 3-ին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության միջանկյալ ուղեցույցը: Սա առաջին դեպքն է, որ ԱՄՆ վարչակազմը հրապարակում է ԱԱՌ միջանկյալ ուղեցույց:
Հատկանշական է, որ ԱՄՆ ԱԱՌ փաստաթղթում դիվանագիտությունը սահմանվում է որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջատար գործիք: Դրանում նշվում է. «Միացյալ Նահանգները երբեք չի վարանի ուժ կիրառել՝ պաշտպանելու ԱՄՆ ազգային կենսական շահերը, բայց ռազմական ուժի կիրառումը պետք է լինի ոչ թե առաջին, այլ վերջին միջոցը»:
Ուղեցույցում սահմանվում է ԱՄՆ ռազմավարության առանցքային նպատակը՝ նոր աշխարհակարգում պահպանել առաջնորդող դերակատարությունը. վերականգնելով ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը և վերահաստատելով հեռագնա գլոբալ առաջնորդությունը՝ ապահովել, որ ոչ թե Չինաստանը, այլ Ամերիկան սահմանի միջազգային օրակարգը՝ ձևավորելու նոր գլոբալ նորմեր և համաձայնագրեր, որոնք առաջ կմղեն ԱՄՆ շահերը և կարտացոլեն ԱՄՆ արժեքները:
Փաստաթղթում ընդգծվում են Միացյալ Նահանգների կայուն առավելությունները՝ ձևավորելու միջազգային քաղաքականության ապագան՝ առաջ մղելով ԱՄՆ շահերը և արժեքները, ստեղծելու ավելի ազատ, անվտանգ և բարեկեցիկ աշխարհ. «Կուժեղանանք ու կկանգնենք մեր դաշնակիցների թիկունքին, կաշխատենք համախոհ գործընկերների հետ և կհամախմբենք մեր հավաքական ուժը, ընդհանուր շահերը, առաջխաղացման համար կվերացնենք ընդհանուր սպառնալիքները: Մենք առաջնորդվելու ենք դիվանագիտությամբ»:
ԱՄՆ ԱԱՌ փաստաթղթում նշվում է՝ պետք է դիմակայել այն իրականությանը, երբ իշխանության բաշխումն ամբողջ աշխարհում փոխվում է՝ ստեղծելով նոր սպառնալիքներ։ Առանձնակի նշվում է պայքարը ազգայնականության («….բախվում ենք աճող ազգայնականության, նահանջող ժողովրդավարության աշխարհին»), ավտորիտար պետությունների դեմ՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նշվում է, որ նա հաստատակամ է իր գլոբալ ազդեցությունը համաշխարհային ասպարեզում ուժեղացնելու հարցում: Չինաստանը դիտվում է պոտենցիալ մրցակից, որը կարող է մեկտեղել իր տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժը՝ միջազգային համակարգին ուղղված կայուն մարտահրավեր նետելու համար:
Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության՝ տարածաշրջանային դերակատարները, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, սպառնալիք են ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների համար՝ մարտահրավեր նետելով տարածաշրջանային կայունությանը: Այդ առումով ԱՄՆ-ն կոչ է անում իր տարածաշրջանային գործընկերներին զսպելու Իրանի ագրեսիան և նրանից եկող՝ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները:
Դիտարկված սպառնալիքներին դիմակայելու համար փաստաթղթում նշվում են հետևյալ լուծումները.
«- Մենք լիազորություն կտանք մեր դիվանագետներին՝ աշխատելու նվազեցնել Հյուսիսային Կորեայի աճող միջուկային և հրթիռային ծրագրերից բխող սպառնալիքը՝ ուս ուսի կանգնելով Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի կողքին:
– Ընդառաջ գնալով ավելի հաստատակամ Չինաստանի և ապակայունացնող Ռուսաստանի ռազմավարական մարտահրավերներին՝ մենք կգնահատենք ուժերի համապատասխան կառուցվածքը, հնարավորությունները և չափերը:
– Պետք է ներդրումներ անել և արդիականացնել Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ), Ավստրալիայի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության հետ դաշինքները, որոնք մյուս գլոբալ դաշինքների և գործընկերությունների հետ միասին ԱՄՆ ամենամեծ ռազմավարական արժեքն են։
– ԱՄՆ ազգային կենսական շահերը պարտադրում են ամենախոր կապ Եվրոպայի և արևմտյան կիսագնդի հետ՝ խորացնելու համագործակցությունը անդրատլանտյան գործընկերությունների հետ` ձևավորելով կայուն, ընդհանուր օրակարգ Եվրամիության և Միացյալ Թագավորության հետ որոշիչ խնդիրների վերաբերյալ:
– Պետք է Մերձավոր Արևելքում պահպանել Իսրայելի անվտանգությանը մեր «երկաթյա հավատարմությունը»՝ միաժամանակ ձգտելով շարունակելու նրա ինտեգրումն իր հարևանների հետ և վերստանձնելու մեր դերը որպես երկու պետությունների կենսունակությունը խթանող։ Մենք կաշխատենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ զսպելու Իրանի ագրեսիան»:
Միաժամանակ աշխատում է դիվանագիտությունը որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնային գործիք: Նշվում է, որ ռազմավարական մրցակցությունը չի բացառում և չպետք է խոչընդոտի Չինաստանի հետ համագործակցությունը, ԱՄՆ ազգային շահերից բխում է բովանդակալից երկխոսություն Ռուսաստանի և Չինաստանի հետ մի շարք ռազմական տեխնոլոգիաների զարգացման շուրջ, որոնք ենթադրում են ռազմավարական կայունություն:
2021 թ. հուլիսի 2-ին ՌԴ-ն ընդունեց իր ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն հիմնական ռազմավարական փաստաթուղթն է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության ազգային շահերը և ռազմավարական առաջնահերթությունները, երկարաժամկետ հեռանկարում ՌԴ ազգային անվտանգության և կայուն զարգացման ապահովման ոլորտում պետական քաղաքականության նպատակներն ու խնդիրները: Դրա իրավական հիմքը ՌԴ Սահմանադրությունն է, 2010 թ. դեկտեմբերի 28-ի թիվ 390-ФЗ «Անվտանգության մասին» և 2014 թ. հունիսի 28-ի թիվ 172-Փ3 «Ռուսական ռազմավարական պլանավորման մասին» դաշնային օրենքները:
ՌԴ ԱԱՌ-ում առանձնակի նշվում է, որ համաշխարհային տնտեսական և քաղաքական գործընթացների զարգացման արդյունքում առաջացած կենտրոնների թվի աճը, համաշխարհային և տարածաշրջանային նոր առաջատար երկրների դիրքերի ամրապնդումը հանգեցնում են հին աշխարհակարգի վերաձևավորմանը, այսինքն՝ նոր աշխարհակարգի ճարտարապետությանը, աշխարհի նոր կանոնների և սկզբունքների ձևավորմանը։
«Աճող աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը նպաստելու է միջազգային իրավունքի, համընդհանուր, հավասար և անբաժանելի անվտանգային սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգի կայունության բարձրացմանը, առանց բաժանարար գծերի բազմակողմ համագործակցության խորացմանը, միաժամանակ, ունենալով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և նրա Անվտանգության խորհրդի կենտրոնական համակարգողի դեր, կարևորում է գլոբալ և տարածաշրջանային խնդիրների համատեղ լուծումը»:
Աշխարհաքաղաքական անկայունությունն ու հակամարտությունների, միջպետական հակասությունների սրումը ուղեկցվում են ռազմական ուժի կիրառման սպառնալիքի աճով։ Այդ առումով ՌԴ-ն հետևողականորեն վարում է ռազմական քաղաքականություն, որն ապահովում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունը ռազմական վտանգներից և սպառնալիքներից։
Անդրադառնանք այդ սպառնալիքներին.
«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի մոտ որոշ երկրների գործողություններն ուղղված են Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ) կազմալուծման գործընթացներ ներշնչելուն, որպեսզի ոչնչացնեն Ռուսաստանի կապերն իր ավանդական դաշնակիցների հետ։
Մի շարք պետություններ ՌԴ-ին համարում են սպառնալիք և նույնիսկ ռազմական հակառակորդ։ Աճող վտանգ կա, որ զինված հակամարտությունները կվերածվեն տեղական և տարածաշրջանային պատերազմների, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ:
Կառավարման արևմտյան լիբերալ մոդելի ճգնաժամի խորապատկերին մի շարք պետություններ փորձում են միտումնավոր իմաստազրկել ավանդական արժեքները, խեղաթյուրել համաշխարհային պատմությունը, վերանայել իրենց տեսակետները Ռուսաստանի դերի և տեղի վերաբերյալ, վերականգնել ֆաշիզմն ու հրահրել էթնիկ և կրոնական հակամարտություններ, իրականացնել տեղեկատվական արշավներ՝ միտված Ռուսաստանի թշնամական իմիջի ձևավորմանը։
Միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունները ձգտում են ակտիվացնելու ՌԴ քաղաքացիների նկատմամբ քարոզչությունն ու նրանց հավաքագրումը, նրանցից գաղտնի բջիջների կազմավորումը Ռուսաստանի տարածքում և ռուս երիտասարդների ներգրավումն անօրինական գործունեության մեջ»։
Ավելին՝ ՌԴ ռազմավարությունում նշվում է, որ ոչ բարեկամ երկրները փորձում են օգտագործել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ քանդելու նրա ներքին միասնությունը, արմատականացնելու բողոքի շարժումը, պառակտելու ռուս հասարակությունը. «Ռուսաստանի Դաշնության համար ռազմական վտանգների և ռազմական սպառնալիքների մեծացմանը նպաստում են Ռուսաստանի, նրա դաշնակիցների և գործընկերների վրա ուժային ճնշման փորձերը՝ ՌԴ սահմանների մոտ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, հետախուզական գործունեության ակտիվացումը, խոշոր ռազմական կազմավորումների և միջուկային զենքի կիրառման գաղափարի հասունացումը Ռուսաստանի Դաշնության դեմ»։
«Համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի ներուժի զարգացման խորապատկերին Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողական քաղաքականություն է վարում սպառազինության վերահսկման ոլորտում միջազգային պարտավորություններից հրաժարվելու ուղղությամբ:
Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի միջին և փոքր հեռահարության հրթիռների ծրագրված տեղակայումը սպառնալիք է ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության համար»:
ՌԴ ԱԱՌ փաստաթղթում հատուկ նշվում է, որ համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության համակարգերի թուլացումը պայմաններ է ստեղծում միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության տարածման համար։ Լարվածությունը շարունակում է աճել հետխորհրդային տարածքում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում և Կորեական թերակղզու հակամարտությունների գոտիներում:
ՌԴ Նշված փաստաթղթում կարևորվում է ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքների, մշակույթի և պատմական հիշողության պաշտպանությունը: Դրանք ակտիվ հարձակման են ենթարկվում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների, ինչպես նաև անդրազգային կորպորացիաների, արտասահմանյան ոչ առևտրային ոչ կառավարական, կրոնական, ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Նրանք տեղեկատվական և հոգեբանական ազդեցություն ունեն անհատական, խմբային և հասարակական գիտակցության վրա՝ տարածելով սոցիալական և բարոյական արժեքներ, որոնք հակասում են ՌԴ ժողովուրդների ավանդույթներին և համոզմունքներին:
Արտաքին սպառնալիքներին, մարտահրավերներին դիմակայելու համար կազմակերպվում է երկրի պաշտպանությունը, պետական և հասարակական անվտանգության ապահովումը: Պետական և հասարակական անվտանգության ապահովման նպատակներն են՝ պաշտպանել ՌԴ սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ապահովել ՌԴ ինքնիշխանությունը, անկախությունը, պետական և տարածքային ամբողջականությունը, ամրապնդել քաղաքացիական խաղաղությունն ու ներդաշնակությունը:
ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությունում հստակեցված են նրա արտաքին քաղաքականության նպատակները, դրանց իրագործման համար կարևոր խնդիրների լուծումները, որոնցից է, օրինակ, նպաստավոր պայմանների ստեղծումը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման, ազգային անվտանգության ապահովման և որպես ժամանակակից աշխարհում ազդեցիկ կենտրոններից մեկի՝ ՌԴ դիրքի ամրապնդման համար:
ՌԴ արտաքին քաղաքականության նպատակների իրագործման համար անհրաժեշտ է՝
– խորացնել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների, Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության հետ երկկողմ հիմունքներով և ինտեգրացիոն ասոցիացիաների, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, միութենական պետության շրջանակներում,
– ապահովել մեծ եվրասիական գործընկերության շրջանակներում տնտեսական համակարգերի ինտեգրումը և բազմակողմ համագործակցության զարգացումը,
– զարգացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը, հաստատել հատկապես ռազմավարական գործընկերություն Հնդկաստանի Հանրապետության հետ, այդ թվում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հուսալի մեխանիզմներ ստեղծելու նպատակով,
– օժանդակել Ռուսաստանի Դաշնությանը հարևան պետությունների տարածքներում լարվածության և հակամարտությունների օջախների վերացմանը,
– բարձրացնել ՌԴ խաղաղապահ դերը,
– աջակցել ՌԴ դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լուծման, նրանց ներքին գործերին արտաքին միջամտության փորձերի չեզոքացման գործում,
– ամրապնդել եղբայրական կապերը ռուս, բելառուս և ուկրաինացի ժողովուրդների միջև,
– հակազդել պատմությունը կեղծելու փորձերին, պաշտպանել պատմական ճշմարտությունը և պահպանել պատմական հիշողությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է բարձրացնելու և ամրապնդելու վստահությունն ու անվտանգությունը միջազգային ոլորտում։ Նոր գլոբալ պատերազմի սանձազերծման սպառնալիքը նվազեցնելու, սպառազինության մրցավազքը և դրա տեղափոխումը նոր վայրեր կանխելու համար անհրաժեշտ է կատարելագործել ռազմավարական կայունության պահպանման մեխանիզմները, սպառազինության վերահսկումը»:
«Ռուսաստանը հավատարիմ է մնում միջազգային և ներքին հակամարտությունների կարգավորման համար քաղաքական միջոցների, առաջին հերթին՝ դիվանագիտության և խաղաղության պահպանման մեխանիզմների կիրառմանը: Այն դեպքում, երբ օտարերկրյա պետությունները կկատարեն ոչ բարեկամական գործողություններ, որոնք վտանգ կներկայացնեն ՌԴ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, այդ թվում՝ կապված կլինեն քաղաքական կամ տնտեսական բնույթի սահմանափակող միջոցների (պատժամիջոցների) կիրառման կամ ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական միջոցների օգտագործման հետ, Ռուսաստանի Դաշնությունը ………..»:
Համեմատելով երկու գերտերությունների ռազմավարական փաստաթղթերը՝ տեսանելի են դառնում նրանց ռազմավարական նպատակների տարբերությունները. եթե ՌԴ-ն սահմանում է, որ ՌԴ առանցքային նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծելը երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար, ապահովել ազգային անվտանգությունը, ամրապնդել ՌԴ դիրքը որպես ազդեցիկ կենտրոններից մեկը ժամանակակից աշխարհում, ապա ԱՄՆ ռազմավարության առանցքային նպատակն է նոր աշխարհակարգում պահպանել առաջնորդի դերակատարությունը, վերահաստատել գլոբալ առաջնորդությունը, հասնել նրան, որ ԱՄՆ-ն սահմանի միջազգային օրակարգը՝ ձևավորելով նոր գլոբալ նորմեր և համաձայնագրեր, որոնք առաջ կմղեն ԱՄՆ շահերը և կարտացոլեն ԱՄՆ արժեքները:
Հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ կարելի է հստակ հասկանալ թե՛ ՌԴ և թե՛ ԱՄՆ դիրքորոշումները և հավակնությունները, այն, որ յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի ելույթն անշեղորեն արտացոլում է իր երկրի ԱԱՌ-ի սահմանած ռազմավարական նպատակները:
Թեև ԱՄՆ-ն աշխարհին հայտարարում է՝ «Մենք առաջնորդվելու ենք դիվանագիտությամբ», սակայն տեսնում ենք, որ նրա առավելապաշտական նկրտումներն ավելի են խորացնելու ՌԴ-ԱՄՆ կոնֆլիկտային հարաբերությունները:
Արփի Աբրահամյան