կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-28 14:32
Քաղաքական

Ես կոնֆլիկտային մարդ չեմ. Շարմազանովը հերքում է վարչապետի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը

Ես կոնֆլիկտային մարդ չեմ. Շարմազանովը հերքում է վարչապետի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ այն լուրերին, թե ինքը մեկուսացված է ՀՀԿ շտաբի աշխատանքներից: Նա ընդգծեց, որ ինքն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբի կազմում և ակտիվ մասնակցում է շտաբի աշխատանքներին:

«Այսօր ես մասնակցելու եմ շտաբի նիստին: Ընդգրկված եմ շտաբի աշխատանքներին ողջ լիազորություններով, ես թիմի անդամ եմ և չէի կարող ընդգրկված չլինել»,- ասաց խորհրդարանի փոխխոսնակը:

Նա հավելեց, որ ինքը կաշխատի այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահն ու գործադիր մարմինը: Բնականաբար, ինքը հաշվի է առնելու այն հանգամանքը, որ մարզի բնակիչ է, և ակտիվ կաշխատի նաև Ալավերդիում:

Ինչ վերաբերում է նրան, որ, լինելով պետական պաշտոնյա, մասնակցում է հանրաքվեի շտաբի աշխատանքներին, Շարմազանովն ասաց, թե չկա մի օրենք, որ արգելի ընդգրկվել շտաբի կազմում: «Դրա համար որևէ խոչընդոտ չկա»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հարաբերություններին՝ Շարմազանովը հավաստիացրեց. «Հովիկ Աբրահամյանի հետ փայլուն հարաբերություններ ունեմ, ինչպես իմ բոլոր գործընկերների հետ: Ես իմ բնույթով կոնֆլիկտային մարդ չեմ, ավելի շատ հարաբերություններ, կամուրջներ կառուցող անձնավորություն եմ, թիմային խաղացող, ուստի անհնար է՝ քաղաքական գործընկերներիս հետ ունենամ վատ հարաբերություններ: Կոնկրետ վարչապետի հետ ունեմ աշխատանքային, մարդկային, ջերմ հարաբերություններ»:

Խոսելով սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքի մասին՝ նա ասաց, որ վերջնական խոսքը ՀՀ քաղաքացուն է պատկանում, ամեն ինչ որոշելու է Հայաստանի քաղաքացին: «Չկա խնդիր՝ ամեն ձևով, գնով հանրաքվե ապահովել, ոչ, խնդիրը  հետևյալն է՝ հանրաքվեն անցկացնել ժողովրդավարական ճանապարհով, միջազգային չափանիշներին համապատասխան՝ ժողովրդին ներկայացնելով նոր Սահմանադրության առավելությունները»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ որևէ մեկը իրավունք չունի բռնանալու ժողովրդի կամքին: