Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
Հետաքրքիր հաղորդագրություններ են ստացվել Իրանից։ Առաջին. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Իրանը պատրաստ է Ամերիկայի հետ ազնիվ բանակցությունների՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա»: Դրան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը։ «Կարծում եմ՝ բանակցությունների վերսկսման հեռանկար գոյություն ունի», - հայտարարել է նա: - Իհարկե, դա կախված է այն բանից, թե ինչ կընտրի Իրանը, եւ արդյո՞ք նա կորոշի ներգրավվել այդ գործընթացում։ Սակայն, նրա խոսքով, «որոշումը կկայացնի ապագա վարչակազմը» ։ Նման հայտարարությունները հաջորդել են Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան անհրաժեշտության դեպքում կարող է պատերազմել Իրանի դեմ» արտահայտությանը: Այնուամենայնիվ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ենթադրել է․ «Թրամփն իրական հնարավորություն ունի առանցքային դեր խաղալ Իրանի հետ միջուկային գործարքի կնքման գործում Սիրիայում Բաշար Ասադի կառավարության անկումից հետո, ինչը թուլացրել է Թեհրանի դիրքերը տարածաշրջանում»: Խոսքը արեւմտյան դատողությունների մասին է՝ կապված պրոքսի խմբերի վրա իր նախկին ազդեցության կորստի հետ, ինչը թուլացրել է ճնշումը Իսրայելի վրա։
Երկրորդ հաղորդագրությունը, որն արձագանքում է առաջինին: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղանին հայտարարել է՝ 2025ի հունվարի վերջին կվերսկսվի Իրանի եւ «եվրակառույցի» միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը»: Հիշեցնենք՝ նման բանակցություններ երկու տարվա ընդմիջումից հետո կայացել են նոյեմբերի 29-ին Ժնևում: Սակայն մեկ շաբաթ առաջ ընդունվել էր ՄԱԳԱՏԷ-ի հակաիրանական բանաձեւն՝ առանց հաշվի առնելու գործակալութայն գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի՝ Թեհրան կատարած այցի արդյունքները։ Այն նախաձեռնել էր «եվրոտրոյկան» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) եւ ԱՄՆ-ը ։
Վերջապես, երրորդ հաղորդագրությունը: Իրանի ԱԳՆ-ի նույն պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքել 2025ի հունվարին: Այս հայտարարությունն արվել է ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի եւ Վիտալի Սավելեւի գլխավորած պատվիրակութայն Թեհրան կատարած այցի ընթացքում՝ Մասուդ Փեզեշկիյանի եւ Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ բանակցության շրջանակներում:
Եվ այսպես, Իրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, ենթադրաբար, «եվրակառույցի» հետ են, ամենայն հավանականությամբ, քննարկման տարբերակում։ Իրական կարող է դառնալ միայն Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական պայմանագրի ստորագրման փաստը։ Այս փաստաթղթի մանրամասները դեռ անհայտ են մնում։ Միայն ընդհանուր բնույթի դատողությոններ կան, որ համաձայնագիրը ենթադրում է երկարաժամկետ պայմանավորվածություն, որն ուղղված է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» տարբեր ոլորտներում խորը եւ կայուն փոխգործակցության զարգացմանը: Ենթադրվում է՝ դրանում կարտացոլվեն քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի, էներգետիկայի եւ կրթության ոլորտներում լայն համագործակցության հիմքերը։ Իրանական Tehran Times պարբերականը պնդում է՝ համաձայնագիրը նման կլինի Իրանի եւ Չինաստանի միջեւ կնքված պայմանագրին, սակայն «այն ավելի մասշտաբային կլինի, քան Մոսկվայի հետ 2001ի պայմանագիրը»:
Բայց հարց է առաջանում Իրանի եւ ԱՄՆ-ի եւ «եվրակառույցի» հետ բանակցությունների հեռանկարների մասին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո։ Իրանցի փորձագետ Շոաիբ Բահմանի խոսքով՝ արեւմտյան պետությունները մտահոգված են Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությամբ համագործակցության ցանկացած համաձայնագրով: Բայց Ռուսաստանն ու Իրանը գործղությունների մեջ ավելի շատ ազատություն ունեն, քանի որ նրանք արդեն գտնվում են արեւմտյան լայնածավալ պատժամիջոցների տակ։ Հիշեցնենք՝ Արեւմուտքի կողմից չի դադարում Իրանի հասցեին մեղադրանքների հոսքը հակամարտությունում նրա հերքված դերի համար, իսկ արեւմտյան վերլուծական կենտրոնները, ինստիտուտներն ու լրատվամիջոցները, ըստ https://www.iran.ru կայքի՝ «ուսումնասիրում են Իրանին և Ռուսաստանին վիճաբանելու ուղիները եւ լրացուցիչ միջոցները», չնայած այժմ երկու երկրները «Սիրիայի փորձությունն են անցնում»:
Բացի այդ, ավելի մեծ չափով Իսրայելը փորձում է ընդլայնել իր ռազմական գործողությունների ոլորտը Սիրիայի տարածքով դեպի Իրան։ Տրամաբանորեն, Ռուսաստանի հետ Իրանի ռազմավարական համաձայնագիրը պետք է զսպի Թել Ավիվի նման պոռթկումները։ Մերձավոր Արևելքում ամեն ինչ անսովոր պատմական շարժման մեջ է, երբ դրվում են տարածաշրջանային նոր աշխարհակարգի հիմքերը։ Բայց ամեն ինչ գնում է այն բանին, որ Իրանը և Ռուսաստանը ստիպված կլինեն տարբեր պատճառներով համատեղ լուծել իրենց ազգային անվտանգության խնդիրները։ Այնպես որ, նոր «աշխարհաքաղաքական պարտիան» դեռ նոր է սկսվում։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի