կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 11:20
Քաղաքական

Իշխանությունը խաղարկում է ազգադավ սցենարի հաջորդ գործողությունը՝ համակերպվել կորստի հետ․ տարօրինակ կերպով համընկել են Ալիևի և այս խմբակի շահերը․ Դավիթ Ջամալյան. «168 ժամ»

Իշխանությունը խաղարկում է ազգադավ սցենարի հաջորդ գործողությունը՝ համակերպվել կորստի հետ․ տարօրինակ կերպով համընկել են Ալիևի և այս խմբակի շահերը․ Դավիթ Ջամալյան. «168 ժամ»

«Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ երկրում ստեղծված իրավիճակի ամբողջ ողբերգությունն այն է, որ հենց Հայաստանի իշխանությունների պատճառով հայկական կողմը պարտվեց արցախյան վերջին պատերազմում:

«Մենք պատմական շանս ունեինք հաղթանակի հասնելու համար: Եթե այս իշխանությունները չլինեին, պատերազմ չէր լինի, եթե անգամ լիներ՝ կտևեր շատ կարճ, և եթե անգամ Արցախի պետական սահմանը վերահաստատվեր, և մենք նոր ազատագրված տարածքներ չունենայինք, դա էլի պետք է որակվեր՝ հաղթանակ, որովհետև շատ լուրջ ուժեր էին գործում մեր դեմ: Երբեք չի կարելի թերագնահատել թշնամուն. հարձակվում են այն ժամանակ, երբ գիտեն, որ հակառակորդը մատչելի թիրախ է դարձել: Երբ իրենք այդ 53 կիլոմետրանոց միջանցքով կածաններով մղվում էին առաջ՝ դեպի Շուշի, սա հանդուգն մտահղացում էր, բայց այդ մտահղացման հաջողության գրավականն ընդամենը մեկը պետք է լիներ՝ իրենք պետք է վստահ լինեին, որ Շուշին ինչ-որ պահից հետո իրենց պետք է հանձնվի, որովհետև այդ 53 կիլոմետրանոց կածաններում կար այդ հարձակումը զսպելու, կանխելու, այդ ուժերը կոտորելու բոլոր բնական հնարավորությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ռազմական փորձագետի խոսքով՝ Ալիևը հիմար չէ, և պատահական չէ, որ տվյալ ժամանակահատվածում հարձակվեց.

«Եթե Ալիևը մի քանի ամիս էլ ձգեր, Նիկոլ Փաշինյանի հեղինակությունն ուղղակի իսպառ զրոյացած կլիներ, նա չէր էլ կարող լկտիորեն այս դավաճանական սցենարն առաջ մղել: Ճիշտ ժամանակին հարվածեցին՝ վստահ լինելով, որ դարպասները բացվելու են: Այլ տարբերակով տարածքները չէին հանձնվելու, պետք էր պատերազմ, պետք էր խաղարկել պարտություն, պետք էր այդ մեծ կորուստների ֆոնին գնալ Արցախը հանձնելուն, որպեսզի ընդդիմախոսները խոսելու տեղ չունենային, իբրև թե՝ դիմադրել ենք, չենք կարողացել:

Այդ հոսանքը, այդ գաղափարական ագրեսիան մեր երկրի դեմ, որ՝ Արցախը պետք է հանձնվի և միայն այդ դեպքում մենք ունենք զարգացման հեռանկար, դա թուրքական աշխարհի, անգլոսաքսոնական աշխարհի և նաև իսրայելական շահերին էր համընկնում, որպեսզի այդ թեզը մեր երկրում տարածվի, մանկուրտներ ձևավորվեն, որոնք համարեն Արցախը բեռ, և, ի վերջո, այդ մանկուրտների թիմից էլ ձևավորվեց իշխանությունը, որը միանգամայն հանգիստ, առանց հոգեկան ապրումների՝ հանձնեց ամեն ինչ, այդ թվում՝ Շուշին: Հիմա էլ նա (նկատի ունի Փաշինյանին.- Ռ.Մ.) ոչ միայն պատասխանատվությունն իր վրայից ցրում է, այլև հակառուսական տրամադրություններ է գեներացնում: Բայց պատասխանատուն միայն ինքը չի. կար Աշոտ Բլեյանը, որը այդ նույն հանձնողական թեզերով սերունդ էր պատրաստում, կա, ի վերջո, Տեր-Պետրոսյանի թիմը, որն այս գաղափարական հենքով առաջ էր մղվում, ի դեպ, ես չեմ հավատում, որ այս թիմերի մեջ տարբերություն կա՝ թեզերը նույնն են: Այնպես որ, այս հոսանքը տարիներ շարունակ եղել է՝ հանձնենք Արցախը, որ կուշտ փորով հաց ուտենք, լավ ապրենք և այլն, իսկ այդ լավ ապրելու սցենարը շատ հստակ է՝ փոքրիկ Հայաստան՝ թուրքական ազդեցության տակ, թուրքական շահը սպասարկող: Այս մոդելն է, որ տարիներ շարունակ մեզ առաջարկվել է, և մերժվել է ճնշող մեծամասնության կողմից»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ գործող իշխանությունները խաղարկում են ազգադավ սցենարի հաջորդ գործողությունը՝ համակերպվել կորստի հետ.

«Ռևանշից սարսափելի վախենում է Ալիևը, նա հասկանում է, որ սա մի աննորմալ վիճակ է հայության համար, և հայությունը հիմա հոգեպես կոտրվել է, բայց վաղ թե ուշ մեջքը շտկելու է, և ռևանշից սարսափում է: Գործող իշխանությունները լծվել են հայրենատիրության գաղափարը վարկաբեկելու գործին, որովհետև իրենց թելադրում են: Տարօրինակ կերպով համընկել են Ալիևի և այս մեր խմբակի շահերը:

Ինչ վերաբերում է ռևանշին, այդ բառը թողնենք մի կողմ, սա առողջ հայրենատիրության և հայապահպանման զգացողություն է, որ ազգը պետք է կրի և ունենա: Մենք պետք է ֆիքսենք, որ այս տարածքով, այս վիճակով հայոց պետականությունը կենսունակ լինել չի կարող, հայոց պետականություն մենք ունենք ընդամենը ռուսական խաղաղապահ ներկայության, սա է իրողությունը, այդ խաղաղապահ առաքելությունն իրականացվեց՝ ի հեճուկս Նիկոլի և իրենց խմբակի: Կորուստը վերականգնել հնարավոր է, որովհետև այս իրավիճակը սպառնում է ոչ միայն մեր, այլև Ռուսաստանի, Իրանի կենսական շահերին: Ռուսաստանն ու Իրանը հիմա փորձում են իրենց դեմ ուղղված խաղի մեջ մտնելով՝ այդ խաղից հնարավորինս անկորուստ դուրս գալ, բայց այսօրվա իրավիճակը կենսական սպառնալիք է մեր երկու բարեկամ երկրների համար: Ես առավել քան վստահ եմ՝ եթե Հայաստանում հաստատվի պետականակենտրոն իշխանություն, ապա այս հարցերը բավական արագ կլուծվեն, ընդ որում՝ սարսափեցնում են, թե նոր կորուստներով է դա լինելու, բայց նոր կորուստներով կլինի այն պատերազմը, որը Սյունիքի համար կսկսվի, եթե մենք թողնենք, որ այս խմբակը շարունակի իշխել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: