Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչը, դասական իմաստով, պետության փաստաբանն է և պարտավոր է պաշտպանել պետության շահերը, հնարավորինս հստակ ներկայացնել պետության դիրքորոշումը տվյալ հարցով: Այս մասին ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի ինստիտուտի 10-ամյակին նվիրված համաժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Նա նշեց, որ, լինելով պետության շահերի ներկայացուցիչը Եվրադատարանում, ամենաիրազեկ պաշտոնյան է դառնում պետության իրավական համակարգում առկա խնդիրների և, միևնույն ժամանակ, այդ խնդիրները եվրոպական չափանիշներին համահունչ լուծելու վերաբերյալ:
ՍԴ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն իր խոսքում նշեց, որ այս կառույցն իր 10 տարիների աշխատանքի ընթացքում կայացել է: Նրա խոսքով՝ որքան էլ դժվար է պատկերացնել դատավորի և կառավարության ներկայացուցչի միջև համագործակցությունը, իրենց դեպքում դա հաջողվել է, և ինքը կարողացել է կիսվել, Կոստանյանին հայտնել այն խնդիրների մասին, որոնք եղել են Եվրադատարանում ՝ կապված Հայաստանի հետ:
Գյուլումյանը հայտնեց նաև, որ Հայաստանի դեպքում կարևոր հանգամանք է այն, որ ՄԻԵԴ վճռից հետո նմանատիպ երկրորդ խախտումը չի եղել. կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր խախտումները վերացնելու ուղղությամբ: Կան նմանատիպ գործեր, սակայն դրանք եղել են միևնույն ժամանակաշրջանում:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ՀՀ -ի կողմից վավերացվել է 2002 թվականի ապրիլի 26-ին, իսկ 2003 թվականի դեկտեմբերի 4-ից ՀՀ կառավարությունն ընդունել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտել 2004 թվականին:
Նշենք նաև, որ 2002 -2014 թվականները ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 2000 գանգատ, իսկ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանի դեմ ընդունվել է 49 վճիռ:
ՀՀ մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով 2014-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է մոտ 15 միլիոն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, բավարարվել է մոտ 574 հազար եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը: Բավարարված գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է: Բավարարված գումարից 146 հազար եվրոն վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցներից: