Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ Բուդապեշտում սպանված` ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների և մահափորձի ենթարկված` ՀՀ զինված ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել անհատական գանգատ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:
Գանգատում պահանջվում է ճանաչել, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը Հունգարիայի կողմից Ադրբեջանին և Ադրբեջանի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության` արդարացումը և հերոսացումը, խախտում է ՄԻԵԿ 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք) և 14-րդ հոդվածով (խտրականության արգելք) ամրագրված հիմնարար իրավունքները: Փաստաբանական խմբի մեջ ներառված են տեղական և միջազգային հեղինակավոր մասնագետներ Սիրանուշ Սահակյանը, Նարինե Գասպարյանը, Հունգարիայում ընթացած դատավարության ժամանակ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը և օտարերկրյա փաստաբաններ:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի պահանջներին համապամապատասխան Հայաստանի Հանրապետությունը վարույթին ներգրավվելու է որպես Երրորդ Կողմ: Միաժամանակ, 2012թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով Քրեական ոլորտում համագործակցության վերաբերյալ ԵԽ Կոնվենցիաների կիրարկման հարցերով փորձագիտական խմբին (PC-OC) ներկայացվել է դիմում, որով պահանջվում է քննարկել 1983թ. Դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի Կոնվենցիայի 12-րդ հոդվածի (համաներում և ներում շնորհելու իրավունք վերապահող)՝ Ադրբեջանի կողմից կիրառման իրավաչափությունը միջազգային իրավունքի տեսանկյունից: Նշված մարմինը հանդիսանում է Ստրասբուրգի Կոնվենցիայի դրույթների կիրառման վերաբերյալ առկա տարաձայնությունները քննելու իրավասություն ունեցող Քրեական խնդիրներով եվրոպական կոմիտեի (CDPC) փորձագիտական ենթակոմիտեն:
Բացի այդ, նախատրաստվում է դիմում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման Կոմիտե: Այն ստեղծվել է 1965թ. Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: Դիմումը կոմիտեին է ներկայացվելու Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա: Խտրականության դեմ Կոմիտեի ուշադրությանն են ներկայացվելու Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական խտրականության քաղաքականությունը և, ընդհանրապես, հայերի նկատմամբ ատելության քարոզումը Ադրբեջանում:
Հայաստանի Հանրապետությունը համոզված է, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցումը և Ադրբեջանի Նախագահի կողմից նրա հետագա ներումը, ըստ էության արդարացումը և հերոսացումը միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարում է, և այդ հիմքով ձեռնարկվել և ձեռնարկվելու են բոլոր հնարավոր քայլերը այդ համոզմունքը իրավասու և հեղինակավոր միջազգային ատյանների կողմից որպես փաստ ամրագրելու և խախտված իրավունքները միջազգային իրավունքով սահմանված հնարավորությունների չափով վերականգնելու համար: Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբերաբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն: